comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ԽԵՂՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ԽԵՂՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

 1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական իշխանությունների կողմից և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը։ Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին։

Ես այդ ժամանակ 4 տարեկան երեխա էի։ Ապրում էինք ՙեղբայրական՚ Ադրբեջանում՝ շրջապատված ադրբեջանցիներով, որոնք այն ժամանակ հայերի բարեկամն էին համարվում։ Այդ արյունալի իրադարձությունների հետևանքում ես և այնտեղ ապրող իմ հայ հասակակիցներն ունեցանք խեղված մանկություն։ Հիշում եմ, որ օրերից մի օր մայրս բոլորիս արգելեց բակ իջնել, ընդհատվեցին բոլոր խաղերը։ Աշխույժ զրույցներն ու ծիծաղը մեր տանը փոխարինվեց վախեցած շշուկների և լացի։ Ամեն դռան զանգի հետ հորս հրամանն էր հնչում.
-Թաքնվեք արագ…ով ոնց կարողանում է, ով որտեղ կարողանում է…
Գազազած ադրբեջանական ամբոխը թմրանյութերի ազդեցության տակ վխտում էր փողոցում՝ գոռալով, սուլոցներով, հայ էին փնտրում՝ հոշոտելու, ողջակիզելու…
Մի օր համարձակությունս հավաքեցի, սենյակում երկար փակվելուց ձանձրացած, փախուստ գործեցի դեպի իմ սերելի խաղահրապարակը, և խաղալիքներս վերցնելով՝ թաքուն իջա բակ։ Այնտեղ ես ինձ համար հողով և խաղալիքներով տուն կառուցեցի, իմ երևակայական աշխարհի տիկնիկներին բնակեցրի։ Որտեղից որտեղ մի թուրք երեխա հայտնվեց, հետո կամաց-կամաց շատացան ու ինձ շրջապատեցին։ Ոտքերով խփելով՝ քանդեցին, ջարդեցին իմ այդ կառուցած տունը, բնակիչներին ու գոռացին.
-Էրմանի գըզը, այստեղ քեզ էլ չտեսնենք…
Ես լացելով վազեցի տուն, մորս բողոքեցի, որ տունս քանդել են այն ադրբեջանցի երեխաները, խաղալիքներս ջարդուփշուր արել, ախր ես նրանց վատ բան չէի արել…
Մայրս գրկեց ինձ և արցունքների միջից հազիվ լսելի շշնջաց.
-Մի ողջ ժողովրդի տուն քանդվեց, բալես….
Այդ խոսքերի իմաստը ես հասկացա տարիներ հետո։
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ամենասարսափելի էջերն էին դրանք՝ Սումգայիթյան ջարդերը…իշխանությունների և միջազգային հանրության լռությունը ծնունդ տվեց նոր չարիքների։ Եվ եղան Բաքվի ջարդեր, Մարաղայի կոտորած….և եթե փոքր-ինչ թուլանանք, նրանք պատրաստ են նորից նույն ձեռագրով գործելու։
Այսօր չի փոխվել մեր հակառակորդի վարքագիծը։ Կատարվածը դատապարտելու փոխարեն, նրանք կեղծ օրակարգ են առաջ քաշել՝ հորջորջելով ՙԽոջալուի ցեղասպանություն՚ կոչվածը։ Եվ այս կեղծ օրակարգը պետական լծակներն ու ֆինանսական միջոցներ գործադրելով տարածում են աշխարհով մեկ՝ մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը։ Մինչդեռ ադրբեջանական կողմն ինքն է հաստատել, որ Խոջալուն իրագործողները ադրբեջանցիներն են եղել. սա փաստել են նրանց գահազուրկ նախագահ Այազ Մութալիբովը և պատերազմը լուսաբանող լրագրող Չինգիզ Մուստաֆայեվը, որը ևս այդ հայտարարությունից հետո զոհվեց յուրայինների ձեռքով։
Այսօր ԵԱՀԿ-Ն խաղաղության նախապատրաստվելու կոչեր է հնչեցնում։ Մենք խաղաղասեր ենք, այո, ու պատրաստ ենք խաղաղության։ Բայց արդյո՞ք մեր խաղաղասիրությունը չի ավարտվի Ադրբեջանի կողմից կազմակերպվող հերթական ցեղասպանությամբ։ Երաշխիքներ են պետք, թեպետ դրանց էլ չենք հավատում։ Բավ է ունենանք խեղված մանկություն և ճակատագրեր։