comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԵՎ 500 ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՈՒ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԵՎ 500 ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Մինչև 2020 թվականի ավարտը Ստեփանակերտում պատրաստ կլինի երկու նոր թաղամաս՝ 500 բնակարանով։ Ծրագիրն իրագործվում է Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ պետության և մասնավորի համագործակցությամբ։

Նոր թաղամասերի գլխավոր հատակագծերն արդեն քաղաքաշինության նախարարի սեղանին են։ Կարեն Շահրամանյանը լիահույս է, որ մայրաքաղաքում կյանքի կկոչեն հարմարավետ բնակարանների խոշոր ծրագիր. ՙ2- սենյականոց բնակարանները լինելու են մինչև 67 քառակուսի մետր մակերեսով, 3-սենյականոցների մակերեսը տատանվելու է 80-96 քառակուսի մետրի միջև, իսկ 4-սենյականոցները կունենան 110 քառակուսի մետր բնակելի տարածք։ Բնակարաններն ունենալու են առանձին խոհանոցներ, առանձին սանհանգույցներ, իսկ 3- և 4-սենյականոցները կունենան երկուական սանհանգույց՚,-հավելել է քաղաքաշինության նախարարը:
Բնակելի թաղամասերը կկառուցվեն Ստեփանակերտի Հովհաննես Թումանյան և Տիգրան Մեծ փողոցներում։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին հասցեում նախատեսվում են 7- և 9-հարկանի շենքեր՝ ավելի քան 300 բնակարանով։ Նախագծող ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը նախատեսում է, որ բարձրահարկերը կկառուցվեն նորագույն տեխնոլոգիաներով և կունենան սեյսմակայուն բարձիկներ։ ՙՕգտագործելով այդ սեյսմակայուն բարձիկները՝ մենք կիրագործենք ավելի էժան, բայց սեյսմիկ անվտանգության առումով վստահելի շինարարություն։ Պետք է հավելեմ, որ այդ բարձիկներով կամրացնենք Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի 9-հարկանի շենքերը՝ առանց բնակչությանը տարհանելու կամ անհանգստացնելու։ Արդյունքում հնարավոր է, որ այդ շենքերի բնակիչներն անգամ տանը չզգան երկրաշարժը՚,-նշում է նախարարը:
Նախատեսվող թաղամասերում բնակարանները կլինեն մատչելի։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ավելացնելով, որ բնակարանների մատչելիությունը չի լինելու որակի հաշվին։ Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի համոզմամբ՝ կկառուցվեն բյուջետային բնակարաններ, որոնք կլինեն առանց ավելորդ ճոխության, բայց չեն զիջի գործող չափանիշներին: ՙՇինանյութի շուկայում այսօր կան մի քանի գնային տարբերակներ։ Մեր պահանջը շինարարական կազմակերպություններից կլինի հետևյալը՝ ընտրել մատչելի, բայց որակյալ նյութեր։ Ասեմ ավելին, լինելու է պետական վերահսկողություն։ Կարող եմ հայտարարել, որ այդ բնակարանները, միանշանակ, լինելու են որակյալ, և թող մեր քաղաքացիներն այդ տեսակետից անհոգ լինեն՚,-նշել է պետնախարարը։
Բնակարանային պայմանների բարելավման համար կառավարությունը կյանքի է կոչել մատչելի հիփոթեքային ծրագիր։ Այն հաստատվել է 2019 թվականի փետրվարի 1-ին՝ կառավարության տարվա առաջին նիստում։ Հաշվի առնելով, որ երկրում առկա բնակֆոնդի զգալի մասը հին է, իսկ նոր բնակարանների պահանջարկը՝ մեծ, գործադիրը փորձել է ստեղծել պայմաններ, որ բնակարանով ապահովվեն ավելի շատ ընտանիքներ։ Գրիգորի Մարտիրոսյանը համոզված է, որ նոր կարգով հիփոթեքից կօգտվեն ավելի շատ ընտանիքներ. ՙՍտեղծված իրավիճակում կառավարությունը շեշտը դնում է նմանատիպ ծրագրերի վրա, որոնց արդյունքում բնակարանային խնդիրն Արցախում հնարավոր է մեղմել։ Հաշվի առնելով առկա պահանջարկը՝ կառավարությունն այս տարի պետական բյուջեից ավելի շատ միջոցներ է նախատեսել։ Պետական ֆինանսական աջակցությունը քաղաքացուն կտրամադրենք Արցախի ներդրումային հիմնադրամի խողովակներով, որի տարեկան բյուջեն ավելացել է շուրջ 1,5 միլիարդ դրամով՚։
Ստեփանակերտի նոր թաղամասերում կբնակվեն նաև կարգավիճակ ունեցող ընտանիքներ։ Նրանք, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն ունի։ Անկախ բնակիչների սոցիալական վիճակից` բնակարանները կլինեն նույնատիպ։ Ճարտարապետ Սևակ Ասրյանը նախագծում է Ստեփանակերտում նախատեսվող երկրորդ թաղամասը։ Այն կլինի Թումանյան փողոցի վրա՝ նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում։ Նրա տեղեկացմամբ՝ փորձել են կատարելագործել սպայական թաղամասի տարբերակը. ՙԱյնպես ենք կազմակերպել, որ բնակարանները երկու կողմից ունենան պատշգամբ։ Սա շատ կարևոր է ոչ միայն օդափոխության, այլ նաև արևահարման տեսանկյունից։ Իր տեսակով թաղամասը լինելու է պարփակված, իսկ ներսում նախատեսում ենք մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, վազքուղիներ և ավելի շատ կանաչ գոտի։ Այնպես ենք նախագծել, որ շենքերի բակը ոչ թե ավտոկայանատեղի, այլ ավելի շատ պուրակ հիշեցնի՚։
Եթե Տիգրան Մեծ փողոցի հարևանությամբ կառուցվող թաղամասը մոտ է թիվ 2 հիմնական դպրոցին, ապա Թումանյանում մասնագետները դպրոցի ու մանկապարտեզի կարիք են տեսնում։ Դա հիմնավորում են վերջին տարիներին փողոցում կառուցված բնակելի թաղամասերի քանակով ու նաև թիվ 1 դպրոցի ծանրաբեռնվածությամբ։ Բացելով փակագծերը՝ ճարտարապետ Սևակ Ասրյանն ասում է, որ նախագծում դպրոց ու մանկապարտեզ նախատեսել են: ՙԴպրոցի տարածքը հատկացված է, հետագայում այստեղ կկառուցվի 450-500 աշակերտի համար նախատեսված կրթօջախ և 3-խմբանոց նախակրթարան։ Մանկապարտեզը բնակելի շենքերից կլինի մի քանի մետր հեռավորության վրա՚,-տեղեկացրեց ճարտարապետը:
Ստեփանակերտի նոր թաղամասերի շինարարությունը կսկսվի գարնանը։ Քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ կկառուցեն այն տեղական կազմակերպությունները, որոնք այդպիսի ներուժ ունեն և կտեղավորվեն շինարարության համար սահմանված ժամկետներում։


;