comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՄ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽՎԵԼ ԵՄ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԷՈՒԹՅԱՄԲ...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽՎԵԼ ԵՄ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԷՈՒԹՅԱՄԲ...՚

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Հասարակության մեջ մարդու դերն ու նշանակությունը չափվում են ոչ թե զբաղեցրած պաշտոնով, շքանշաններով, այլև նրանով, թե որքանով է շրջապատը համակրում նրան, ինչ է նա անում։ Սա՝ ընդհանուր առմամբ։ Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքը մի մարդու մասին է, ում Արցախում ճանաչում են շատերը, եթե ոչ բոլորը։ Ինքնատիպ, վառ ու բազմաշերտ անհատականություն, բարձրակարգ մասնագետ, իր գործին ու Հայրենիքին անմնացորդ նվիրված մեկը. Գրիգորի Արկադիի ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑԻՆ բնութագրող մակդիրներ կարելի է ընտրել երկար ու շատ՝ նման այն պարգևներին, որոնց արժանացել է նա կյանքի ընթացքում։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԳՌԱ ակադեմիկոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանցի անդամ և երկրաբանության պատվավոր դոկտոր, հայտնաբերել է Կարակումի և իր բաղադրությամբ ու պաշարներով բացառիկ Աստրախանի գազի հանքավայրերը։ 1989թ. նշանակվել է ԽՍՀՄ երկրաբանության նախարար։

Աշխատավոր գյուղացու ընտանիքից սերող հասարակ տղային ինչպե՞ս հաջողվեց նման բարձունքների հասնել։ Միայն բնատուր խելքի ու անձնվեր աշխատանքի շնորհիվ, ասում է Գրիգորի Արկադևիչը։ Պրոֆեսորը համարում է, որ մարդու կյանքը բաժանվում է ժամանակաշրջանների, և յուրաքանչյուր փուլում նա պետք է իր առջև դնի նպատակ ու անձնվիրաբար ձգտի դրան։ Իսկ նպատակին հասնելով` չհանգստանա, այլ իր առջև նորանոր նպատակներ դնի։ Այս պարզ բանաձևին հետևելով էլ նա հասավ այդ բարձունքներին։ Իսկ աշխատել մեր զրուցակիցն սկսել է յոթ տարեկանից։ Մանկությունը համընկավ պատերազմական տարիների հետ։ Հայրը ճակատում էր, մայրն աշխատում էր երկու հերթով։ Դպրոցից հետո տղան գնում էր տնից ոչ հեռու գտնվող շուկան ու առևտրականներին օգնում տեղափոխել արկղերը, տուփերը, ինչի համար մեկը սոխ էր տալիս, մեկը՝ կարտոֆիլ, մյուսը՝ խնձոր, և երջանիկ ու գոհ նա տուն էր վերադառնում, որտեղ սպասում էին քույրն ու եղբայրը։ Կարդալ սովորել է չորս տարեկանից, և երբ ճակատից նամակներ էին գալիս, հարևանները, ովքեր հիմնականում գրագետ չէին, խնդրում էին նրան կարդալ նամակները։ Գրիգորի Արկադևիչը հիշում է, որ երբ նա անցնում էր հերթական նամակի ընթերցմանը՝ տրվում էր անզուսպ երևակայությանը, իրեն պատկերացնում էր մարտի դաշտում կամ խրամատում ու այնպես էր դերի մեջ մտնում, կարծես այդ ամենը տեղի էր ունեցել նամակի հեղինակի հետ։ Հասցեատերերին դա դուր էր գալիս, և բոլորը գոհ էին՝ և՜ ես, և՜ նրանք, ասում է Գաբրիելյանցը։
-Ինչո՞ւ ընտրեցիք երկրաբան-հետախույզի մասնագիտությունը։
-Մեծացել եմ Բաքվում, որտեղ ամեն ինչ նավթի հետ էր կապված։ Ապրում էինք ծովափից ոչ հեռու, փոքր տարիքից սիրում էի հետևել, թե ինչպես էին նավթագործ բանվորները նավակներով վերադառնում նավթահանքերից՝ հոգնած, կեղտոտված բաճկոններով։ Այն ժամանակ ինձ թվում էր, նրանք ամենաուժեղ, ամենաարժանապատիվ մարդիկն էին։ Ես ցանկանում էի նրանց նմանվել։ Այդ պատճառով էլ դպրոցն ավարտելով, ընդունվեցի Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը։ Բացի այդ, շատ էի սիրում կարդալ և ուզում էի սովորել` գրքի նման կարդալ ընդերքը։
-Ինչպես և երազում էիք, դարձաք երկրաբան-հետախույզ։ Բայց ինչո՞ւ թողեցիք Բաքուն։
-Բաքվում նավթի մասնագետների պակաս չկար, ուստի, դիպլոմս ստանալով, դիմեցի երկրի բոլոր նավթային շրջաններին, առաջարկ ստացա Թուրքմենստանից։ Թուրքմենական Կարակումներն այն ժամանակ բոլորովին չուսումնասիրված անապատ էր։ Այնտեղ աշխատեցի 1956-65թթ.։ Շատ դժվար էր, աշխատում էինք ուժերի գերլարումով, դա հսկայական աշխատասիրության դրսևորում էր։ Հիշում եմ 1959թ. մայիսը։ Արդեն երկու օր էր՝ փորձարկում էինք Կարակումներում առաջին հորատանցքը։ Շատ էինք հոգնած, լարվածությունը թուլացնելու համար բրիգադի համար սկսեցի կարդալ Ջերոմի ՙԵրեքը մի նավակում` չհաշված շունը՚ զավեշտական պատմվածքը...և հանկարծ գազի ու նավթի հզոր շատրվանն է դուրս հորդում՝ Կարակումներում առաջինը։ Դա ավելին էր, քան ուրախությունը։
Ինձ բախտ է վիճակվել աշխատանքային ուղիս հենց այստեղից սկսելու, անցել եմ շարքային երկրաբանից մինչև հանրապետության գլխավոր երկրաբանի ճանապարհը։ Կարակումներն ինձ համար ավարտվեցին մի շարք խոշոր գազահանքերի հայտնաբերմամբ։
Սկսվեց ՙՄիջին Ասիա-Կենտրոն՚ գազատարի նախագծումը։ Այնուհետև ինձ կանչեցին Մոսկվա՝ զբաղեցնելու ՎՆԻԻԳԱԶ-ի (Գազի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ) գլխավոր երկրաբանի պաշտոնը։ 1965-1987թթ. ծավալել եմ գիտական, մանկավարժական, գիտա-արտադրական գործունեություն, ՎՆԻԻԳԱԶ-ում, Մոսկվայի նավթի և քիմիայի ինստիտուտում, ՙՆեֆտեգեոֆիզիկա՚ միավորումում, պաշտպանել դոկտորական ատենախոսություն։ 1987-1989թթ. զբաղեցրել եմ Համամիութենական նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՆԻԳՆԻ) տնօրենի պաշտոնը։ Լայնածավալ խորհրդատվական գործունեություն եմ ծավալել արտերկրում՝ Եթոֆպիայում, Մոզամբիկում, Եմենում, Չինաստանում, Մոնղոլիայում, Կուբայում, Տնտեսական փոխգործակցության խորհրդի (ՏՓԽ) երկրներում, բավականին լավ ուսումնասիրել եմ միութենական հանրապետությունների երկրաբանական կառուցվածքը։ Իսկ 1989թ. ինձ նշանակեցին ԽՍՀՄ երկրաբանության նախարար...
-Եթե ոչ երկրաբանությունը, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
-Գիտե՞ք, ես համարում եմ, որ իմ մասնագիտությունն աշխարհում ամենահետաքրքիրն է։ Այն ստիպում է փնտրել, մտածել, լինել ուժեղ։ Երկրաբանը պարտավոր է տեսնել այն, ինչն ուրիշներին տրված չէ։ Բայց դա չի նշանակում, որ ինձ համար այն միակ հետաքրքրությունն է։ Բավականին լավ գլուխ եմ հանում գեղանկարչությունից, դասական երաժշտությունից և շատ եմ տարվում պատմությամբ։ Դեռ մանկուց։ Այժմ Ղարաբաղի պատմության մասին գիրք եմ գրում, բայց փակագծերը դեռ չեմ բացի։ Այնուամենայնիվ, եթե աշխարհում նորից ծնվելու հնարավորություն ունենայի, անպայման կընտրեի երկրաբանի մասնագիտությունը։ Անելու դեռ այնքա՛ն բան կա։ Այնքան շատ բան կա, որ ուզում եմ տեսնել, հասկանալ։ Ես արդեն երիտասարդ չեմ, բայց մինչև հիմա լինում եմ այն վայրերում, որտեղ երկրաբանական հետախուզություն են իրականացնում, որպեսզի ամեն ինչ տեսնեմ սեփական աչքերով։
Գրիգորի Արկադևիչի հետ երկար զրուցեցինք, խոսեցինք ցեղասպանության, Բաքվի ջարդերի, քրիստոնեության ու բուդդայականության մասին, հիշեցինք Նիցշեին... Որոշ հարցերի շուրջ մեր հայացքները չէին համընկնում, որոշների դեպքում նրա փաստարկները մտածելու տեղիք էին տալիս...
Մոտ երկու ժամ տևած մեր ողջ զրույցի ընթացքում պրոֆեսորն ակնդետ նայում էր աչքերիս։ Ինչ-որ պահի հասկանալի չէր՝ ե՞ս եմ նրանից հարցազրույց վերցնում, թե՞ ինքն է քննություն ընդունում ինձնից։ Օգնության հասավ նախապես պատրաստված հարցը.
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք՝ ՙԻմ երկար կյանքի ընթացքում փոխվել եմ ոչ միայն արտաքնապես, այլև` ներքին էությամբ՚։ Մի քիչ կպարզաբանեի՞ք։
-Դե, նախ, դա գենետիկական տվյալներն են, երկրորդը՝ բնակության միջավայրը։ Առաջին դեպքում գենետիկական գործոններն են ազդեցություն գործում անհատականության ձևավորման վրա, և դա միանգամայն հասկանալի է, երկրորդ դեպքում՝ բնակության միջավայրը։ Մարդը դառնում է անձ` միայն սոցիալիզացման գործընթացի, այսինքն՝ հաղորդակցության, մյուս մարդկանց հետ փոխգործակցության արդյունքում։ Օրինակ, Բաքվում ապրելիս ներքին բովանդակությամբ ուրիշ մարդ էի, Թուրքմենստան տեղափոխվելով՝ մեկ այլ մարդ, նմանապես և՝ Մոսկվայում, Ղարաբաղում։ Այլ խոսքով՝ ինչ-որ երկրում ապրելով, հաղորդ ես լինում նրա մշակութային ավանդույթներին, ճանաչում ես այդ ժողովրդի մտածելակերպը, նրա արժեքները և, բնականաբար, ներքուստ ինքդ էլ փոխվում ես։ Այնպես որ բնակության միջավայրն անպայման իր հետքն է թողնում անհատականության ձևավորման վրա։
-Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեզ երկու խոսքով։
-Ընդունակ անոմալ մարդ...
Առաջինի հետ, թերևս, համաձայն եմ, բայց երկրորդը կփոխարինեի արտակարգ, հայրենիքին խորապես նվիրված մարդ բառերով։ Քանի որ միայն նման մարդը կարող է թողնել Մոսկվայում իր սահուն ու հանդարտ կյանքը և տեղափոխվել Ստեփանակերտ, որպեսզի ծառայի հայրենիքին, իր գիտելիքներն ու փորձն օգտագործի ի սպաս իր ժողովրդի, միայն անշահախնդիր մարդն ակտիվ մասնակցություն կունենա ՙԵրեխաների առողջությունն ու ապագան՚ բարեգործական հիմնադրամի աշխատանքներին, Արցախին կնվիրի 130 հազվագյուտ քարեր ու միներալներ, ինչպես նաև անձնական հավաքածուից 27 նկար։
Մարտի 2-ին լրացավ Գրիգորի Արկադևիչի 85 տարին։ Շնորհավորե՜նք նրան հոբելյանի առթիվ, մաղթենք քաջառողջություն և ոգու կորով, երկարակեցություն, որ առնվազն իր պապից ավել ապրի (պապն ապրել է 108 տարի) և, իհարկե, ստեղծագործական հաջողություններ։