comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԱՎԵԼԻԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԱՎԵԼԻԻՆ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կանացի երջանկությունը։ Այս հարցով դիմեցի տարբեր տարիքի կանանց։ Բնականաբար, նրանք բոլորը պնդում էին` երջանկություն է այն, որ պատերազմ չլինի, որ բոլոր հարազատները ողջ-առողջ լինեն։ Բայց չէ՞ որ տղամարդիկ նույնն են ցանկանում, առարկեցի ես, իսկ ինձ հետաքրքրում է զուտ կանացի երջանկությունը։ Մի քիչ մտորելով՝ մեր կանայք, շփոթված, համեստորեն պատասխանում էին։ Հասկանալի է, որ կնոջ երջանկությունը, ինչպես և երջանկությունն ընդհանրապես, սուբյեկտիվ հասկացություն է, յուրաքանչյուրի մոտ այն տարբեր է՝ որքան մարդ, այնքան կարծիք։ Ուստիև դժվար է այստեղ չափորոշիչներ սահմանել։ Միևնույն ժամանակ ստացած պատասխաններից կարելի է հանգել, իմ կարծիքով, կարևոր եզրակացության՝ երջանկությունը սիրելն ու սիրված լինելն է։

Այո, արցախուհիները, հավանաբար, բոլորից ավելի են վաստակել սիրված լինելու իրավունքը։ Նրանք ընտանեկան օջախի պահապաններն են, առանց երկար մտածելու նրանք կանգնում են սիրած տղամարդու կողքին, երբ վտանգն է սպառնում` մարտի դաշտում են, ապահովում են թիկունքը, աղոթում ու սպասում... Իսկ արցախցի տղամարդիկ, իմանալով, որ տանն իրենց սիրում ու սպասում են, քաջազունների պես էին կռվում Հայրենական մեծ, Արցախյան և ապրիլյան պատերազմների ժամանակ։ Այո, ղարաբաղցի տղամարդիկ սիրում են իրենց կանանց, բայց՝ յուրովի, ոչ ստանդարտ, անգամ` անբացատրելի ձևով։ Հակառակ ժամանակակից հայացքների, նրանց մեջ դեռ նահապետականն է գերիշխում։ Ավելի հեշտ է փաղաքշական խոսք լսել քարից, քան ղարաբաղցի տղամարդուց։ Պարզվում է` նրանք վախենում են ցույց տալ իրենց զգացմունքները, քանի որ մյուս տղամարդիկ դրա համար կարող են ծաղրել իրենց։ Ու այսպես՝ շղթայական։ Իսկ շա՞տ կան Ղարաբաղում տղամարդիկ, ովքեր իրենց կանանց հենց այնպես, առանց առիթի ծաղիկ են նվիրում։ Կարծում եմ՝ մեկ, երկու հոգի, ու վերջ։ Դե, դրա համար անպայման ինչ-որ առիթ պետք է լինի, հակադարձում են տղամարդիկ, գոնե՝ Մարտի 8։ Թեպետ այս տոնի նախօրեին նրանք կարող են քթի տակ փնթփնթալ, թե՝ նորից այս Մարտի 8-ը, նորից պետք է ծաղիկներ ու նվերներ տալ, բայց այս փնթփնթոցի միջից ուրախություն է տրոփում։ Նախ, այդ օրը նրանք իրենց սիրելիներին կարող են ծաղիկներ ու նվիրել, ու դրա համար ոչ մեկը չի ծիծաղի, կնամեծար, կնոջը հպատակ չի անվանի, երկրորդ՝ տոնելու առիթ կա։ Իսկ կանայք, որքա՛ն գեղեցիկ են նրանք այդ օրը, թեև նույնիսկ իրենց տոնին ոչ ոք նրանց չի ազատել կենցաղային հոգսերից։ Բայց, միևնույն է, այդ օրն ընտանիքի տղամարդիկ՝ ամուսինը, հայրը, եղբայրը, որդին, ուշադրություն կհատկացնեն նրան, կձգտեն նրա համար ինչ-որ հաճելի բան անել։ Այդ օրը գրեթե բոլոր կանայք հպարտորեն քայլում են ծաղիկներով՝ ասես միաձուլվելով դրանց հետ՝ ճառագելով լույս ու ջերմություն։ Ու անմիջապես զգացվում է գարնան շունչը՝ հակառակ մարտ ամսվա անկանխատեսելի օրերի։
Բայց, ավա՛ղ... Մարտի 8-ն արդեն տոն չէ։
Բայց մենք ունենք կանանց նվիրված տոն՝ Ապրիլի 7-ը, բանավիճում են ժողովրդի ընտրյալները, իսկ դրան, որպես կանոն, հետևում են փիլիսոփայական մեկնաբանությունները` կանանց պետք է պատվել ոչ միայն տոն օրերին, այլև ամեն օր, մեր կանայք արժանի են դրան, նրանք գեղեցիկ են, խելացի, ուժեղ, առնական... Ամենաշատն ինձ զայրացնում են ՙուժեղ ու առնական՚ բառերը։ Ախր, մենք չենք ուզում ուժեղ ու առնական լինել, ուզում ենք լինել թույլ ու քնքուշ, և որպեսզի մեր կողքին միշտ լինի ուժեղ տղամարդ։
Ինչ վերաբերում է Ապրիլի 7-ին, համաձայն եմ։ Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է կարևոր տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը։ Սուրբ գրքի համաձայն, այդ օրը հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրանից կծնվի աշխարհի փրկիչը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն այդ օրը հռչակել է որպես Մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Աշխարհիկ լեզվով՝ Մայրության ու գեղեցկության տոն։ Շատ լավ, բարի ու գեղեցիկ տոն։ Տա Աստված, որ տոնն այդ արմատավորվի մեզանում և այնպիսի տարածում գտնի, ինչպիսին Մարտի 8-ը։ Դա հրաշալի կլիներ, քանի որ 365 օրից ամբողջ երկու օր նվիրված կլիներ հայ կանանց։
Իսկ այն, որ նրանք արժանի են դրան, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։