comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՎԵՐԺ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԵՐԺ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 Ուղիղ մեկ տասնամյակ առաջ տոնեցինք Արցախ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը։ Ողջ էր մեծ մարդը՝ փառավոր բազմած բեմում իրեն հատկացված բազկաթոռին և վարձատրվում էր իր շնորհների համար։ Այսօր բժիշկ, հասարակական գործիչ, զինվոր ու բարություն կրող կերպար, գրող ու հրապարակախոս, իր ժողովրդի հաջողություններով ուրախացող և ցավերով տառապող հայը ֆիզիկապես մեզ հետ չէ։ 2012-ին նրա մարմինն ամփոփվեց Եռաբլուրում, որտեղ նվիրյալներն են, որոնցից շատերը եղել են Արցախի մարտական ընկերները։ Այժմ բեմում նրա մեծադիր լուսանկարն է՝ մշտաժպիտ ու բարի դեմքով, էկրանին նրա մասին ֆիլմ է ցուցադրվում, լուսանկարներն են՝ ռազմական տարիներից սկսած, մինչև կյանքի վերջը։

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Էրիկ Հարությունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, շրջանի բնակիչներ մի շարք բնակավայրերից, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Բժիշկ Արցախ Բունիաթյանի 80-ամյա տարեդարձին նվիրված ցերեկույթի բացումը հայտարարեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը՝ ասելով. ՙԿյանքը մարդուն լքում է, բայց նրա առաքինի և բարի գործերի փառքը հիշվում է հավերժ։ Այդպիսին էր Արցախ Բունիաթյան հայը… Նա լուսակիր էր էությամբ, ՙխենթ՚՝ տեսակով, անհատ՝ աշխարհ եկած հատուկ առաքելությամբ՚։ Շնորհալու ՙԱռավոտ լուսոյ՚ տաղի հնչյունների ներքո բեմ բարձրացան ցերեկույթի հերոսները՝ բերձորցի դպրոցականները՝ ներկայացրին Արցախ Բունիաթյանի կենսագրականը։ Ծնվել է Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939թ. մարտի 2-ին։ 1950թ. ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Արմավիր (նախկին Հոկտեմբերյան) քաղաք։ 1956թ. դպրոցն ավարտելուց հետո 1959-65թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում։ 1965-68թթ. աշխատել է Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում` որպես վիրաբույժ։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում։ 1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում։ Այդ տարիներին մի խումբ համախոհերի հետ Վլադիմիրից հայրենիք են բերել Նժդեհի աճյունը։ 1988թ. Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր։ 1990-ից ՀՅԴ շարքերում է։ 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին։ 1996-2008թթ. Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր։ Մահացել է 2012թ. հուլիսի 18-ին։ Բազմաթիվ պարգևների է արժանացել հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ 2000թ. ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։ 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի, 2016-ին՝ Բերձորի պատվավոր քաղաքացու կոչման։ 2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ է։ Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Դպրոցականներն ընթերցեցին Բունիաթյանի նամակը՝ ուղղված կնոջը՝ Սոնային։ Շատ են նամակները, որոնք համեմված են կարոտի ցավով, պատերազմի մասին լուրերով, պատմում են Արցախ աշխարհի, վիրավոր ու մահացող զինվորների մասին։ Ներկաները ծանոթացան նաև գրող և հրապարակախոս Արցախ Բունիաթյանին։ 1981թ. լույս է տեսնում ՙՅոթ անուն՚, 1986-ին ՙՏարեգիրք՚ բանաստեղծությունների ժողովածուները։ ՙՆժդեհի վերադարձը՚ գրքույկը լույս տեսավ 2 անգամ` 1999-ին և 2011-ին։ Շատ կարևոր տեղեկություններ են պարունակում Արցախյան գոյամարտի և նրա մասնակիցների մասին ՙԱրյունոտ օրեր՚-ի 7 հատորները, որոնք լույս տեսան 2000-2011 թվականներին և դրանց շարունակությունը՝ ՙՀուշագրություն՚-ը՝ 2014 թվականին։ Աշակերտներն ընթերցեցին հատվածներ այս գործերից։ ՙՀրանոթների համազարկից հողը դղրդյունով տնքաց ոտքերիս տակ։ Ցավ զգացի։ Թվաց, թե արկը սրտիս դիպավ։ Ի՞նչ տարբերություն՝ հողին կպավ արկը, թե՞ ինձ։ Չէ՞ որ մարմինս էլ հողի շարունակությունն է…՚։ Եղան ելույթներ Արցախի կուսակցական ու մարտական, աշխատանքային ընկերների կողմից։ Բոլորի ելույթներում Արցախն էր՝ իր մարդկային դրական հատկանիշներով, որպես բժիշկ, զինվոր, ընկեր, գրող, քաղաքական գործիչ… Ցերեկույթի ընթացքում Արցախ Բունիաթյանի ՙԱրյունոտ օրեր՚ գրքի հատորները նվիրվեցին ներկաներին։ Բժշկի այրին՝ Սոնա Հովեյանը նշեց. կյանքի վերջին օրերին Արցախը հորդորել է, որ մարդիկ միմյանց նկատմամբ լինեն սիրով։ Հավելել է նաև, որ իր կյանքի կարևոր գործերից են Նժդեհի մասունքները տեղափոխելուն աջակցելը, Արցախյան գոյամարտին մասնակցելը և Քաշաթաղի բուժմիավորման ստեղծելը։ Հանդիսավոր մասից հետո կայացավ տոնական համերգ։ Ներկաների առջև ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես եկավ Ստեփանակերտի ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթը։ Հեղինակային 2 երգով ելույթ ունեցավ բերձորցի Վարդան Գալստյանը, ով Երևանից եկել էր բժշկի հոբելյանին մասնակցելու նպատակով։ Դպրոցի միջանցքում ներկայացված է Արցախի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես։