comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑԱՎՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՇԱՂԱԽՎԱԾ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՎՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՇԱՂԱԽՎԱԾ...

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան

 Զառամյալ այդ կնոջն առաջին անգամ տեսա միայն մի քանի րոպեով։ Հոգնած, կորացած վերադառնում էր բանջարանոցից։ Երբ նրան ասացի, որ իր թոռնուհին՝ Ալեսիան, աշխատում է մեզ հետ՝ Ասկերանի ՙԲերդ՚ թերթի խմբագրությունում, նա մի խորաթափանց հայացքով նայեց ինձ և ասաց. ՙՀոգատար եղե՜ք, առանց հայր է մեծացել՚…

Եվ նրա խորշոմներով պատված դեմքը տխրության շղարշով պատվեց, աչքերում լճացան արցունքները։ Արցախյան պատերազմում զոհված որդուն՝ Արամին էր հիշել։

Երկար ճանապարհ է անցել Ժենյա տատիկը Ջրաղացներ գյուղից: Ինչե՛ր է տեսել, ինչե՛ր են անցել նրա գլխով… Դեռ 17-ը չէր լրացել, երբ ծնողներն ամուսնացրին համագյուղացի Ժորայի հետ։ Ծնվեցին երեք որդիները՝ Անդրանիկը, Ավետիսը, Արամը։ Մեծ դժվարությամբ էին ապրում, մի կերպ ապրուստի միջոցներ հայթայթում։ Ինչպես ինքն է ասում` տղաներին ոտքի կանգնեցնելուց հետո միայն կարողացավ հանգիստ շունչ քաշել։ Այդ ընթացքում ամուսնու հետ նոր տուն էին կառուցել և տեղափոխվել այնտեղ։ Զավակները մեծացան, ծառայեցին խորհրդային բանակի շարքերում, տուն ու տեղ կազմեցին։
Սկսվեց Արցախյան գոյապայքարը, արցախցին ոստնեց՝ բռունցքվելով։ Լցվել էր համբերության բաժակը, եկել էր զենքի միջոցով Ղարաբաղյան հարցը լուծելու պահը։
Ժենյա տատիկի կրտսեր որդին՝ Արամը (ավագներն ապրում էին Մոլդովայում), անմիջապես զինվորագրվեց ինքնապաշտպանության ջոկատներին։ Ծառայում էր Ակնաղբյուրի գումարտակում, որն այդ ժամանակ պաշտպանում էր Ամարասի հովիտը։
Ժենյա տատիկը հիշում է, թե ինչպես էր որդին ոգևորված, չէ՞ որ շուտով ազատվելու էին օտարի լծից, և արցախցին կարողանալու է ապրել ազատ ու խաղաղ երկնքի տակ։
ՙՕրերով տուն չէր գալիս, կարոտից խեղդվում էինք ու ապրում սպասումներով։ Կինը, որ այնքա՛ն ջահել էր, ամաչկոտ հայացքը թաքցնելով մեզանից, անընդհատ դեպի դուռն էր նայում, իսկ երեխաները…Ա՛խր շատ էին փոքր, ոչինչ չէին հասկանում՚,-կինը երկար լռում է…
1992 թվականի օգոստոսի 31-ն էր։ Քարամյանները պատրաստվում էին ավագ դստերը՝ Արմենուհուն, ուղարկել առաջին դասարան։ Երեքօրյա հերթափոխից հայրը պետք է տուն դառնար, սակայն բոթը նրանից առաջ հասավ՝ թշնամու ականից զոհվել էր Արամը:
Ուժասպառ կինն անզոր էր պահել արցունքները, որոնք նրա կյանքի ուղեկիցներն էին դարձել։
…Ժենյա տատիկի հայացքը հանկարծ լուսավառվում է, ողողվում ժպիտով։ Նա նայում է իր զոհված որդու երեխաներին ու թոռներին և նրանց մեջ իր Արամին տեսնում։ Առանձնապես գորովանքով գրկում է պապիկի անունը կրող Արամիկին և սեղմում կրծքին, որը բաբախում է միայն այս փոքրիկների համար։
Ժենյա Քարամյանի 90-ամյա հոբելյանն էր։ Համեստ ու նվիրված հարսի՝ Սվետլանայի գլխավորությամբ, հավաքվել էին նրա թոռներն ու ծոռները։ Այդ օրն Արամ Քարամյանի օջախում թևածում էր երգն ու պարը, խինդն ու ծիծաղը։ Եվ այդ ամենը` ցավով ու հպարտությամբ շաղախված:
ՙԿարող ես ննջել խաղաղությամբ, զավա՜կս։ Քո երեխաներն ապրում են քո երազած երկրում։ Քո և քո ընկերների թափած արյան շնորհիվ մենք ապրում ենք հիանալի երկրում, ապրում ենք՝ մշտապես վառ պահելով ձեր հիշատակը։ Դուք ունեք արժանի հետնորդներ, որոնք կշարունակեն ձեր կիսատ թողած բոլոր գործերը՚,-հպարտությամբ է ասում Ժենյա տատիկը և երկար նայում որդու մեծադիր նկարին, իսկ որդին հանգիստ և բարի աչքերով հսկում է ընտանիքի անդորրը։

;