comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱՐՈ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱՐՈ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող Արցախ աշխարհի Հադրութի շրջանում է Դիզափայտ լեռը։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է ՙսրբավայր՚: Հարակից Տումի գյուղից լեռը սփռված է քնած գեղեցկուհու կերպարանքով, ուստի Դիզափայտը կրում է նաև ՙՔնած գեղեցկուհի՚ անունը։ Դիզափայտ լեռան գագաթին Արցախի պատմական սրբավայրերից մեկն է` Կատարո վանքը։

Ըստ ավանդության` սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330¬ականներին բազմաթիվ քրիստոնյաների դիզել են փայտի պես ու այրել (այստեղից էլ լեռան անունը)։ 4-5¬րդ դարերում լեռան կատարին կառուցվեց Կատարո վանքը։ Մեծ պատմաբան Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը։
Դիզակցիները Կատարո վանքի անունը տալիս են աղոթքի պես։ Նրանց համար Դիզափայտն այլ խորհուրդ ունի, քանզի իրենց մաշկի վրա զգացել են սրբացած լեռան զորությունը։ Պատերազմի տարիներին վանքը հոգատար մոր պես հսկում էր Դիզակի սահմանները։
Դիզափայտ ուխտի են գալիս ոչ միայն լեռան ստորոտի գյուղերից, այլև հեռավոր վայրերից։ Առաջին հայացքից թվում է` բարձունքն անանցանելի է: Բայց արդեն լեռան ստորոտում զգում ես ոտքերիդ տակ տարածվող սուրբ հողի մագնիսական ուժը, որը ձգում է դեպի վեր, որտեղ ծովի մակարդակից 2478մ բարձրության վրա ամպերին թիկն է տվել Կատարո վանքը։
Ի՞նչ զգացողություններ կարող է ունենալ մարդ, երբ, տեսահորիզոնում ամպերն են օվկիանոսված: Որտեղ Աստծո շունչն է զգացվում։ Այստեղ զրույցները կարծես միանգամից դառնում են իրականություն՝ լեցուն աղոթքով։ Նա, ով գեթ մեկ անգամ հասել է գողտրիկ բարձունքին, սկսում է նորովի բացահայտել աշխարհը։
Կատարոն երազանքների իրականացման ուխտատեղի է, սրբավայր, ուր հնչած աղոթքներն ասես երկխոսության են վերածվում առ Աստված։
Կարոտով հիշում եմ` ինչպես էր տատս աղանձ անում, լցնում իր ձեռքով կարած քսակները, բաժանում թոռներին և բարձունքի հետ կապված ավանդություններ պատմում` հայացքը մեծ հավատով սևեռած դեպի սրբավայր: Մինչև այսօր տատս ամեն առավոտ նայում է Դիզափայտի հեռուներին և աղոթքի տեղ մրմնջում բարեմաղթանքի խոսքեր։ Հետո միայն հասկացա տատիս աղոթքի զորությունը։ Տատս պատմել է հետաքրքիր ավանդազրույց ևս, ըստ որի` Կատարո վանքի հարավային պատին ճեղք կա։ Այնտեղ հնում լցնում էին հող, ցորեն ու գարի։ Նորապսակ հարսներն այնտեղից մի բուռ հող էին վերցնում. եթե հողի մեջ ցորեն էին գտնում, նշան էր, որ արու զավակ են ունենալու, իսկ եթե գարի, ուրեմն` աղջիկ։ Տարիներ առաջ, երբ պատրաստվում էի մայրանալ, տատիս հարցրի, թե կարո՞ղ եմ հավատալ հին ավանդույթին։ Տատս պատասխանեց. ՙԵթե հավատաս, կստանաս Աստծո օրհնությունը, եթե չհավատաս... էլի կօրհնվես՚: Ես էլ հավատալով` ստացա Աստծո օրհնությունը։ Գյուղի տարեցները միշտ պատմում էին. երեխա ունենալու բերկրանքից զրկված զույգերը ոտաբոբիկ հաղթահարել են ժայռակերտ բարձունքը, ծնկաչոք աղոթել առ Աստված, օրերով գիշերել եկեղեցում՝ ապավինելով Աստծո՝ զավակ պարգևելու զորությանը։
Մեծ է վանքի խորհուրդը։ (Ի դեպ, վերջին տարիներին Կատարոն վերանորոգվել է բարերարներ Նարվիկ, Արմիկ, Տիգրան Առաքելյանների միջոցներով):
Ուխտագնացության լավագույն ժամանակաշրջանը մայիս-հունիս ամիսներն են։ Լեռն ասես զարմանահրաշ զգեստ է կրում և իր ողջ հմայքով ներկայանում աշխարհին։ Վեր խոյացող կանաչապատ լեռնատարածքում աճում են աշխարհում և ոչ մի տեղ չհանդիպող ծաղիկներ: Ծաղիկներն այդ ասես վեհության, մաքրության խորհրդանիշ են։
Սա աշխարհի այն վայրն է, որ առավելագույնս մոտ է դրախտին։ Տարածքի բնական գեղեցկությունն ու բազմազանությունը կախարդում են, և սկսում ես ավելի լավ հասկանալ նրա հրաշավայր կոչվելու իմաստը։ Վանքի խորհուրդը հենց նրա ՙերկնային սահմանում՚ գտնվելն է։
Բնության գեղեցկությունը, սուրբ խորհուրդը այցելուներին ստիպում են խորհել նրա անձեռակերտ լինելու մասին։ Այստեղ ամեն ոք իր համար կարող է գտնել աստվածային կերտվածքի մի մասնիկ։