comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՄՈՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ
Logo
Print this page

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՄՈՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ

Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Մկրտիչ Սարգսյանի անունը քաջածանոթ է հայ ընթերցողին: Նա 20-րդ դարի երկրորդ կիսամյակի այն հեղինակներից է, ով իր ստեղծագործություններով ծանրակշիռ վաստակ ունի հայ գրականության մեջ։ Ծանոթանալով նրա կյանքին և ստեղծագործությանը, հասկանում ենք, որ գործ ունենք հայրենիքին և հայրենի գրականության նվիրյալի հետ, ով ոչ միայն շիտակ և ազնիվ կյանքի ճանապարհ է անցել, այլև ապացուցել է, որ անհունորեն սիրում է Հայաստանը, և իր տաղանդի ողջ ուժով բոլորանվեր տրվել է գրական գործընթացների զարգացմանն ու հարստացմանը:

Մ. Սարգսյանը բազմաժամր գրող է՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր, վիպակներ, հեքիաթ-վեպ, հրապարակագրություն…. Ստեղծագործելուն զուգահեռ՝ նա միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ` ԳՄ նախագահ, քարտուղար, խորհրդատու, ՙՀայաստան՚ հրատարակչության տնօրեն… Պատահական չէ, որ 1975թ. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում, պարգևատրվել է նաև ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանով, ստացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ։ Նրա պաշտոնն ու դիրքը գրականության ընդհանուր շահի, նաև գրողներից յուրաքանչյուրի համար էին, և ով էլ հայտնվել է ՙփորձանքների՚ մեջ կամ ՙանբարեհույս՚ վերաբերմունքի հորձանուտներում, սատարել է, օգնել՝ անսալով միմիայն սրտի ձայնին, մարդկային խղճին և ճշմարտությանը, հանուն գրական գործընթացների զարգացմանն ու հարստացմանը։ Նրա հարուստ ստեղծագործության մի էջն էլ կազմում են նրա հուշերը, որոնք ամփոփվել են ՙԱկամա երգիծաբաններ՚ գրքում (1993)։ Այն մեզ ծանոթացնում է որևէ գրողի, արվեստագետի հետ պատահած դեպքերին, որոնց մեջ նրանք մեզ ներկայանում են որևէ հետաքրքիր դրվագով։ Գիրքը կարելի է անվանել հուշամատյան և ունի թե՜ ճանաչողական, թե՜ դաստիարակչական նշանակություն։ Ճանաչողական այն իմաստով, որ մշակույթի գործիչների կերպարներին ավելանում է մի նրբերանգ` հարստացնելով նրանց գրական դիմանկարները։ Դաստիարակչական` քանի որ նրանց կյանքի հետաքրքիր դասերով կարող է առաջնորդվել ներկա սերունդը։
Ժամանակի հոլովույթում կյանքը հաստատել է մի իմաստություն՝ ճշմարտությունն ասել նաև հումորով: Գրքում հանդիպում ենք Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Հովհ. Շիրազի, Մ. Շահինյանի, Ա. Գրաշու, Կ. Կուլիևի, Հր. Քոչարի, Մ. Սարյանի և այլ գործիչների անունների, որոնք դարձել են ՙակամա երգիծաբաններ՚։
Պատահում է, որ մեր գրողները, արտահայտելով սեփական տեսակետն իրենց գրչակից ընկերների մասին, բարձրացնելով նրանց՝ բարձրացնում են նաև իրենց՝ ընդգծելով իրենց շիտակությունն ու համեստությունը։ Այսպես՝ մեզ համար մի անհաս Արարատ է Թումանյանի ստեղծագործությունը։ Ճշմարտությունն այս է, բայց երբ այդ մասին մեծ ներշնչանքով է արտահայտվում հայ գրականության մի այլ հսկա՝ Ավետիք Իսահակյանը, հասկանում ենք, որ երիցս ճիշտ էր մեծն Չարենցն իր բարձր գնահատականով։ Սարգսյանը վկայում է, որ շրջապատել էին Իսահակյանին և միաբերան գոչում էին, որ նա է մեր մեծագույն բանաստեղծը։ Բայց Վարպետը ժպտալով կանխում է նրանց. ՙԼավ բան եք ասում,եթե ես հավատամ։ Իհարկե, քաղաքավարությունը և ծերուկիս չվշտացնելու ցանկությունն է խոսում ձեր գնահատականի մեջ, այլապես կասեիք, որ մեր մեծագույնը Օհաննեսն է, Թումանյանը։ Նրա անմահությունն անգամ գնալով պետք է զորանա, մինչ շատերի աստղերը կխավարեն ժամանակի անողոքությունից, նրա աստղը գնալով պիտի մեծանա, հզորանա արեգակի նման…՚: 1957 թվականին ՀԳՄ 3-րդ համագումարին մասնակցում էին շատ հյուրեր։ Ելույթ է ունենում Մոսկվայից ժամանած Կոնստանտին Սմիռնովը, քննադատում է հայ գրողներին՝ մեղադրելով նրանց ռեալիզմի մեթոդից հեռանալու, պատմական թեմատիկային տուրք տալու մեջ (ՙՎարդանանք՚, ՙՊապ թագավոր՚, ՙԱրա Գեղեցիկ՚, ՙՏիգրան Մեծ՚)։ Ընդմիջման ժամանակ հայ գրողները խնդրում են Դեմիրճյանին ելույթ ունենալ, բայց վերջինս չէր ցանկանում լսել նրանց։ Խոսակցությանը միջամտում է Իսահակյանը. ՙԻմացե՜ք, տղանե՜ր, այսօր Դեմիրճյանը ելույթ չի ունենալու, հանգիստ թողեք նրան։ Նաև իմացե՜ք, Դեմիրճյանի մեջ ապրում են երկու քաջեր՝ Քաջ Վարդանը և Քաջ Նազարը։ Այսօր Քաջ Նազարի օրն է, վաղը՝ Քաջ Վարդանի։ Վաղը Դեմիրճյանը ելույթ կունենա։ Եվ իրոք, հաջորդ օրը Դեմիրճյանը ելույթ է ունենում, այն էլ՝ ի՜նչ ելույթ…՚։ Նորից մարգարեանում է Իսահակյանը։
Մեկ այլ պատումի մեջ Սարգսյանը ներկայացնում է նորից իր հայրենակցին ՝ մեկ այլ դեպքով, որի մեջ երևում է Դեմիրճյանի բնավորության մարդկային դրական որակը։ Իմանալով, որ նրանք երկուսն էլ Ախալքալաքից են, երկու գրողներ խնդրում են Սարգսյանին միջնորդել, որպեսզի Դեմիրճյանն իրենց 1000-ական ռուբլի պարտք տա՝ հավուր պատշաճի Նոր տարին անցկացնելու համար։ Երբ դուռը ծեծում են և իրենց խնդիրքը ներկայացնում, խստակյաց Դեմիրճյանը միայն կարճ պատասխանում է. -Փող, փող…Լա՜վ, եղավ, գնացե՜ք։
Տարակուսած հյուրերը հեռանում են՝ չիմանալով, իրենց խնդիրքը հարգվե՞ց, թե՞ ոչ։ Հաջորդ օրը Դեմիրճյանը երկուսին էլ 1000-ական ռուբլի է տալիս։ Պարզվում է, որ նա առձեռն փող չուներ, գնացել էր խնայդրամարկղ, հանել գումարը, ծրարել և հանձնել նրանց։ Որոշ ժամանակ անց պարտք վերցնողներից մեկը ցանկանում է գումարը վերադարձնել։ Երբ Դեմիրճյանն իմանում է նրա գալստյան նպատակի մասին, հարցնում է, թե արդյո՞ք նա երեխաներ ունի և, լսելով դրական պատասխան, նրան է դիմում հետևյալ խոսքերով. ՙԱյդ փողը տար և երեխաներիդ համար շոր, կոշիկ առ։ Այ տղա, ինձ ո՞վ է պարտք վերադարձրել, որ բերել ես, գնացեք, գնացեք...՚։
1967թ. տոնվում էր Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակը։ Ժամանել էին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից։ Հյուրերի մեջ էր նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ, բալկար անվանի գրող Կայսին Կուլիևը։ Հոբելյանական օրվա վերջում Սևանի ՙԱխթամար՚ հյուրանոցում տրվեց մեծ ճաշկերույթ։ Ելույթի համար խոսք խնդրեց Կայսին Կուլիևը, ով առանց ձևականության հայտարարեց. ՙՀայ բարեկամնե՜ր, ես մուսուլմաններից առաջինն եմ, որ հայոց այս սրբազան հողը մտել եմ որպես ոչ թե ագրեսոր, այլ՝ որպես ազնիվ բարեկամ՚։ Ադրբեջանի պատվիրակները նեղացան. ՙՉհասկացանք, քո ելույթն ու՞մ էր ուղղված, Կայսի՜ն՚։ ՙՇատ էլ լավ հասկացաք, որովհետև ես նկատի ունեի հենց ձեզ՚։ Ճշմարտությունը դառն է լինում. պատվիրակությունը ցուցադրաբար թողեց բանկետի դահլիճը։
Ամեն դար ունի իր ստույգ դեմքը։ Սակայն 20-րդ դարը նախորդներից տարբերվում էր որպես մեծ հեղաբեկումների և ոճրագործությունների դար։ Առայսօր դեռևս քիչ է այն երկրների թիվը, ովքեր չեն գիտակցել, որ պարտավոր են պատասխանատվություն կրել կատարած ոճրագործությունների համար։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիային։ Թեպետ անցել է մեկ դարից ավելի ժամանակ, սակայն համաշխարհային հասարակական կարծիքի ճնշումն ուժեղանում է զուտ բարոյական ազդակների շնորհիվ։ Այսօր առաջադեմ մարդկությունը ոչ միայն գիտակցում, այլև իր բողոքի ձայնն է միացնում հայերի պահանջատիրությանը։ Գաղտնիք չէ, որ պատմական Հայաստանը փռված է այսօրվա Վրաստանի, Սիրիայի, Իրաքի հյուսիսային սահմանների միջև։ Այդ տարածքի 9/10-ը անցավ Թուրքիային, իսկ 1/10-ը` Պարսկաստանի տիրապետության տակ։
1828թ. Պարսկահայաստանն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, այսինքն՝ պատմական տարածքի ճնշող մեծամասնությունը մնում է Օսմանյան կայսրության սահմաններում։ Ամենքին են հայտնի, որ այսօր ամեն մի հայ ցավով է հիշում այս ամենը, իսկ պատմական Արարատը, որպես չփակված մի վերք, ամեն օր մեզ հիշեցնում է, որ ինքը գերված է։ Դրա հետ մեկտեղ ամեն մի հայ, աշխարհի որ ծագում էլ որ նա լինի, երազում է այն երանելի պահի մասին, երբ գերությունից կազատվի Հայաստանի խորհրդանիշ սուրբ լեռը։
Մ. Սարգսյանը պատմում է, որ 1960-ական թվականների կեսերին, Թուրքիա էր ուղևորվում ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը։ Նա կանգ է առնում Երևանում: Կարճ հանգիստը բարձրաստիճան պաշտոնյան ցանկացավ հատկացնել Մարտիրոս Սարյանի պատկերասրահը դիտելուն։ Այստեղ նրան ընդունեց մեծ նկարիչը, ով հյուրին պատվիրանի ձևով երկու առաջարկություն արեց.
-Մեծարգո ընկեր Կոսիգի՜ն, ես հարգում եմ Լենինին, նրա անունով կոչեցեք Ռուսաստանի որ քաղաքն ուզում եք, թեկուզ Մոսկվան, սակայն պատմական, մանավանդ, բարոյական ճշմարտությունը պահանջում է, որ Լենինգրադը անվանվի Սանկտ Պետերբուրգ…. Վերականգնվի արդարությունը….
Հետո նկարիչը հյուրին նվիրեց իր ՙԱրարատ՚ յուղանկարը.
-Նայեցե՜ք, Ալեքսեյ Նիկոլաևիչ, մեր Արարատին նայեցե՜ք, և եթե հավանեք, ձեռք բերեք օրիգինալը, ահա իմ խնդիրքը….
Իսկ մինչ այսօր օրիգինալը գերության մեջ է…

;

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.