comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Մարտի 15-ին Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում ՙՀանուն ժողովրդի՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը նվիրված էր էլեկտրոնային խաղամոլության դեմ պայքարին։ Մասնակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, նույն նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, հոգևոր դասի և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հոգեբան Լուսինե Ղարախանյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ 

Նորաստեղծ ՙՀանուն ժողովրդի՚ ՀԿ-ի նախագահ Վազգեն Ասրյանի պարզաբանմամբ՝ մեր հասարակության տարբեր շրջանակներում բավականին տարածված է խաղամոլությունը, հատկապես անվերահսկելի են համացանցային տարաբնույթ խաղադրույքներով խաղերը։ Դրանք, բնականաբար, բացասաբար են ազդում մարդու մտածելակերպի, հոգևոր ներաշխարհի, ֆինանսական հնարավորությունների վրա: Արդյունքում առաջանում են մտավոր, հոգևոր, հոգեբանական, սոցիալական այլևայլ խնդիրներ։ Կազմակերպությունը մտադիր է մշակել համատեղ ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիները կիրազեկվեն էլեկտրոնային խաղամոլության վնասակար ազդեցության վերաբերյալ։ Տեղեկատվական քարոզչական աշխատանքներին զուգահեռ կբաժանվեն թեմատիկային առնչվող էջանշաններ, օրացույցներ, կցուցադրվեն տեսահոլովակներ։
Խնդիրը հանգամանալից ներկայացրեց հոգեբան Լ. Ղարախանյանը։ Մասնագետները համացանցային ընդգծված կախվածությունը դասակարգում են ըստ մակարդակների։ Կախվածությունն ինքնին շատ վտանգավոր երևույթ է, որովհետև ուղեղում ձևավորում է նեյրոկենսաբանական այնպիսի հիմք, որը հետագայում դժվարացնում է պայքարը վարքատեսակի դեմ, ու մարդուն կախվածությունից ազատելու համար անհրաժեշտ են ոչ միայն հոգեթերապևտիկ, այլև դեղորայքային միջամտություններ։ Հոգեբանը նշեց, որ մատաղ սերնդի էլեկտրոնային կախվածությունը կապված է նաև ընտանեկան ջերմության և բարոյական մթնոլորտի բացակայության հետ։ Ընտանիքում տիրող չափազանց խիստ ավտորիտար ռեժիմը, կամ էլ հակառակը՝ բարձիթողի վիճակը՝ ամենաթողությունը նույնպես խթանում են, որ երեխան ուշադրության կամ զգացմունքային ֆոնի բավարարության համար տարվի էլեկտրոնային խաղերով։ Համակարգչային կախվածություն ունեն ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները։ Ուստի մարդու սոցիալական շփումների դաշտը նեղանում է, ինչի հետևանքով վնասվում են ընտանեկան հարաբերությունները, ծագում են դեպրեսիաներ։ Լ. Ղարախանյանը շեշտեց, որ բոլոր խաղամոլները հաղթության և պարտության պարագայում ունենում են հուզազգացմունքային տարբեր պոռթկումներ։ Աստիճանաբար էլեկտրոնային խաղերի հաճույքի դաշտը խաղադրույքներն են դառնում, իսկ պրոֆեսիոնալ խաղացողների հիմնական մասի սրտանոթային համակարգն ի վերջո խաթարվում է։ Համակարգչային կախվածությունն անչափահասների շրջանում կարող է առաջացնել այնպիսի որակներ, ինչպիսիք են ստախոսությունը, կասկածամտությունը, անվերահսկելի վարքը, իսկ մեծահասակների շրջանում` ագահությունը, տնային գործերի ու արտաքին խնամքի պահպանման կանոնների անտեսումը և այլն։ ՙՀամակարգչից կախված և իրականությունից կտրված երիտասարդը չի կարող լինել լավ սահմանապահ, չի կարող դժվարություններ հաղթահարել։ Այդ իսկ պատճառով կախվածությունը պետք է կանխարգելել փոքր տարիքից, երբ դեռ անձի անհրաժեշտ կամային որակները չեն ձևավորվել։ Եթե մեր սերունդը չունենա ապագայի մոտավոր տեսլական, ապագան շատ անորոշ կլինի մեր երկրի համար։ Իսկ խաղացող երեխան ապագան չի տեսնում՚,-նշեց հոգեբանը։ Ընդհանուր խաղացողների շրջանում ճիշտ ճանապարհով ուղղորդելն ավելի հեշտ է ինտելեկտով բարձր մարդկանց և պատահական չէ, որ կախվածության նման խնդիր ունեն ցածր զարգացած տնտեսություն ունեցող երկրները։ Զբաղվածության խնդրի և ոչ բավականին տեղեկացված լինելու պատճառով շատերն ընկնում են խաղամոլության ծուղակը և կորցնում համամարդկային արժեքները։
Փոխնախարար Գ. Գրիգորյանը ողջունեց քննարկման կազմակերպիչներին և նշեց, որ դրա լուծման համար պետք է համալիր մոտեցում ցուցաբերել, հաշվի առնելով հոգեբանական, սոցիալական, հոգևոր, կրթական գործոնները։ Իրենց հերթին պատրաստ են աջակցել հարցի լուծման` կազմակերպության ներկայացրած գործնական առաջարկներին։ Թեմայի շուրջ հանդես եկավ նաև Ա. Սարգսյանը և համակարգչային կախվածության խնդրի լուծման համար կարևորեց պետության դերը։ Նրա կարծիքով` անհրաժեշտ են դաստիարակության վերաբերյալ պետական հայեցակարգեր, որոնք կներառեն մատաղ սերնդի շրջանակներում պարբերաբար կազմակերպվող դաստիարակչական բնույթի միջոցառումներ, այդ թվում թատերական ներկայացումներ, թանգարանային այցեր և այլն։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Մեսրոպ քահանա Խունոյանը նշեց, որ էլեկտրոնային խաղերի ազդեցության հետևանքով մարդու մոտ առաջանում են հետամնացություն, ագրեսիա։ Նա առաջարկեց ուսումնական հաստատություններում կազմակերպել քարոզչական բնույթի քննարկումներ, բարձրացնել ազգային այնպիսի խաղերի դերը, որոնք կզարգացնեն մարդու ուղեղն ու մարմինը, այլ ոչ թե կախվածություն կառաջացնեն։ Այդ առումով Գ. Գրիգորյանը նշեց, որ այս տարի Հադրութի շրջանի Տյաք գյուղում նախատեսվում է կազմակերպել ազգային խաղերի փառատոն։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի ՙԵկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական կազմակերպության նախագահ Արմեն Մաղաքելյանը կարևորեց հոգևոր դաստիարակության խնդիրը հենց վաղ տարիքում։ Այդ առումով կազմակերպությունը նախադպրոցական հաստատություններում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ կկազմակերպի քրիստոնեական դաստիարակչական ծրագրեր։ Խնդրի լուծման առումով Ա. Կարապետյանը կարևորեց պետության և եկեղեցու դերը ու կոչ արեց ձևավորել գաղափարական հարթակ, համակարգել քննարկմանն արծարծված առաջարկները, և ներկայացնել ԱԺ ` խնդիրն օրենսդրորեն կարգավորելու համար։
Քննարկման վերջում համակարգչային կախվածության թեմայի վերաբերյալ ցուցադրվեց տեսահոլովակ։ Իսկ արծարծված առաջարկությունների մասով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համակարգված հանդիպում։