comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Գարունն իր հետ բերում է նոր շունչ, թարմություն... Բնության մեջ ընթացող փոփոխություններն ու դրանից բխող տրամադրությունը մարդուն նախապատրաստում են ընկալելու նորի սկիզբը, վերածնունդը։ Գարունը միշտ էլ ոգեշնչել է պոետներին ու նկարիչներին։ Իսկ ահա հագուստներ մոդելավորողների համար այն ոչ միայն ստեղծագործելու, այլ նաև զգեստի միջոցով մարդուն և բնությանը ներդաշնակելու միջոց է: Պարզելու համար, թե արդյո՞ք գարնանային վառ գույներով կարված հագուստները դուր են գալիս 21-րդ դարում ապրող երիտասարդներին, և որքանո՞վ է դա նորաձև համարվում՝ զրուցեցինք մոդելավորող-դիզայներների և պարմանուհիների հետ։

Արդեն երկար տարիներ է, ինչ հագուստի մոդելավորող-դիզայներ Անահիտ Հարությունյանն զբաղվում է զգեստներ կարելու ու ձևավորելու գործով։ Նա նկատել է, որ երիտասարդները հիմնականում նախընտրում են պարզ ու հասարակ հագուստները, ինչն էլ, իր կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են նույն այդ հասարակ զգեստը համադրել այլ զգեստների հետ ու նաև որևէ զարդ ավելացնելով` դարձնել տոնական։
ՙՔանի որ այս ձմռանը ջերմաստիճանը բարձր էր, մարդիկ իրենց գարնանային հագուստները պահարաններից չէին հավաքել՝ հիմա ավելի թեթև են հագնվում, այսինքն` ձմեռ-գարուն անցումն զգեստների հարցում այդքան էլ նկատելի չէ։ Իսկ գարնանային հագուստներ սկսում են պատվիրել մարտի սկզբից` մանավանդ կանանց միամսյակի ժամանակահատվածում։ Սակայն ասեմ, որ երիտասարդներից շատ քչերն են կարելու, ձևավորելու համար գարնանային ամենօրյա հագուստ պատվիրում, հիմնականում պատվիրում են տոնական օրերի համար՚,-մանրամասնում է Ա. Հարությունյանը և երիտասարդներին խորհուրդ տալիս՝ լինել բնությանը համահունչ՝ ծաղիկների երանգներով գունավոր հագուստներ կրելով, քանի որ գարունը պայծառ գույների, բնության զարթոնքի ու ծաղկունքի եղանակ է։ Իսկ այն հարցին, թե ինչպես են որոշում՝ գարնանն ինչպիսի հագուստն է նորաձև, ասաց. քանի որ մենք նորաձևություն թելադրող երկիր չենք, կրկնօրինակում ենք այլ երկրների նորաձևությունը։
Հագուստի մոդելավորողներից շատերն են ասում, որ ձմռան՝ համեմատաբար ՙփափուկ՚ լինելու պատճառով, մանավանդ երիտասարդները, փետրվարից արդեն անցել են գարնանային զգեստների։ Մոդելավորող-դիզայներ Իրինա Մեսրոպյանն էլ կարծում է, որ մարդիկ իրենց հագուստները պատվիրում են՝ հետևելով տվյալ տարվա նորաձևությանը, իսկ հիմա 70-ական թվականների ՙմոդան՚ է կրկնվում, միաժամանակ դասական ոճը նորաձևության աշխարհում միշտ իր հաստատուն տեղն ունի։ ՙԻմ հաճախորդներն ունեն իրենց անհատական, հետաքրքիր ոճն ու ճաշակը։ Ավելի շատ պատվերներ լինում են, իհարկե, գարնանը, քանի որ հաստ վերարկուներից ազատվելուց հետո ուզում են նորովի ընկալվել։ Լինում են դեպքեր, երբ խնդրում են՝ իրենց հագուստն ուրիշներին չցուցադրել ու նաև չկրկնօրինակել՚,-ասում է տիկին Իրինան և ավելացնում, որ եթե երիտասարդն ուզում է գարնանը համահունչ հագուստ կրել, առաջին հերթին պետք է գույնն ընտրի, հետո միայն կտորը։ Իսկ գարնանը նախընտրելի է, որ հագուստները լինեն տարբեր երանգների. նաև նորաձև են համարվում ծաղիկներով կիսաշրջազգեստները։
Ստեփանակերտի խանութների աշխատողներից տեղեկանում ենք, որ գարնանային հագուստները վաճառում են մարտ ամսվա մեկնարկից սկսած, իսկ գնորդների թիվն ավելի է մեծանում նույն ամսվա վերջին։
20-ամյա Ինգա Գրիգորյանը հագուստներ ընտրելիս հետևում է տարվա նորաձևությանը, բայց ամեն ինչ չէ, որ հավանում է։ ՙԳարնանային հագուստներս թարմացնելիս ընտրում եմ տարբեր գույների զգեստներ, քանի որ այդ գույներից էլ հաճախ կախված է իմ տրամադրությունը։ Իսկ շրջապատի կարծիքը հիմնականում հաշվի չեմ առնում այն պատճառով, որ շատերը մտածում են, թե գարուն է արդեն, պետք է թեթև հագնվել՝ չնայելով անգամ ցուրտ եղանակին։ Ես հագնում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար՚,-ասում է Ինգան։
Սարգսյան Դիանան էլ խոստովանում է, որ սիրում է գարնանը թեթև հագուստներ հագնել, քանի որ այն նորաձև է, իսկ ինքը հետևում է նորաձևությանը։ ՙՀիմնականում գարնանային իմ հագուստները պատվիրում եմ օնլայն տարբերակով, քանի որ մեր խանութներում, այսպես ասած, թանկ են, և կարելի է այդ ձևով խնայել գումարը՝ մեկ անորակ զգեստի փոխարեն գնելով մի քանի որակյալն ու մատչելին։ Նաև հավելեմ, որ գարնանային հագուստներ գնելու համար պետք չէ մեծ գումարներ ծախսել, որովհետև, կարծում եմ, հասարակն ավելի գեղեցիկ է՚,-ասում է Դիանան։
Փորձենք մենք ինքներս էլ ստեղծել մեր նոր ձևն ու լինենք ծաղկող բնության, գարնան գույների հետ ներդաշնակ...
;