comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ս. ԳՈՐՈԴԵՑԿԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ
[ARM]     [RUS]     [ENG]

Ս. ԳՈՐՈԴԵՑԿԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Միքայել ՀԱՋՅԱՆ

 Ուղիղ մեկ դար առաջ այսօր՝ 1919թ. մարտի 23-ին, Թիֆլիսի ՙԿավկազսկոյե սլովո՚ (ՙԿովկասյան խոսք՚) լրագիրը հրապարակել է ռուս նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, քննադատ, գրականագետ Սերգեյ Գորոդեցկու ՙՂարաբաղ՚ հանրահայտ հոդվածը։

Սերգեյ Գորոդեցկին (1884 -1967թթ.), որպես Համառուսաստանյան քաղաքների միության լիազոր-ներկայացուցիչ եւ ՙՌուսսկոյե սլովո՚ (ՙՌուսական խոսք՚) թերթի զինվորական թղթակից, գործուղված լինելով Կովկասյան ռազմաճակատ, 1916թ. ապրիլի սկզբներին ժամանել էր Թիֆլիս։ Մինչ այդ նա արդեն անվանի բանաստեղծ էր՝ յոթ գրքի հեղինակ։ Նրա առաջին` ՙՄոլուցք՚ ժողովածուի (1906թ.) մասին բարձր կարծիք էին հայտնել Վ. Բրյուսովը, Ա. Բլոկը, Ս. Եսենինը, ուրիշներ։
Ս. Գորոդեցկին հայ ժողովրդի հավատարիմ բարեկամն էր։ Մտերիմ էր հայ գրական եւ հասարակական գործիչների, առանձնապես Հովհաննես Թումանյանի հետ, ում նա համարում էր իր մեծ ընկերն ու թանկագին ուսուցիչը։ Հենց Հովհ. Թումանյանի հետ ծանոթանալուց հետո է, որ նա դարձավ հայ ժողովրդի նվիրյալ ու հավիտենական բարեկամը։ Հովհ. Թումանյանի հարկի տակ Ս. Գորոդեցկին առաջին անգամ հյուրընկալվել է ապրիլի 13-ի երեկոյան, մտերիմ զրույցի բռնվել հայ մեծ բանաստեղծի հետ։ Զրույցի նյութը հայ ժողովրդի ճակատագիրն էր, նրա ցավերն ու տառապանքները, հավատը Ռուսաստանի հանդեպ, որ ՙխորաթափանց ու ցոլուն՚ աչքերի տխրությամբ պատմել-ներկայացրել է Թումանյանը, ավելացնելով` ՙՑարերին պետք է Հայաստանն առանց հայերի։ Նրանց, բայց ոչ ռուս ժողովրդին...՚։ Տարիներ անց Գորոդեցկին խոստովանել է, որ այդ ճշմարիտ խոսքը եղել է առաջին հարվածն իր բանականությանը։ Երբ Գորոդեցկին մտահոգություն է հայտնել, թե բանաստեղծի համար ի՞նչ ներշնչանք կարելի է գտնել ավերված Վանում, Թումանյանը պատասխանել է գեղագիտական խորաթափանց դատողությամբ. ՙԴուք բանաստեղծ եք։ Պոեզիան հենց կյանքի ճանաչողությունն է, այլապես բանի պետք չէ։ Դուք կտեսնեք մի զարհուրելի կյանք, կործանման եզրին հասած մի ժողովրդի փշրանքներ։ Գրեցեք ուրեմն այն ամենի մասին, ինչ կտեսնեք՚։
Բազմաչարչար հայությանն ավելի օգտակար լինելու նպատակով Ս. Գորոդեցկին սովորում էր խոսել ու գրել հայերեն։ Հայոց լեզվի նրա ուսուցիչներն էին Թումանյանի Արտավազդ եւ Համլիկ որդիները, ՙՎանի նահանգապետ՚ Կոնստանդին Համբարձումյանը, իր շրջապատի այլ հայեր։
Նույն ամսին Ս. Գորոդեցկին մեկնել է Արեւմտյան Հայաստան, տեսել ավերված երկիր եւ կոտորված հայություն, եռանդուն զբաղվել անտերունչ մնացած հայ որբերի փրկության գործով։ ՙԱյդ օրերին, – գրել է նա, – արդեն պատերազմի տպավորություններից կոպտացել էր հոգիս, բայց եւ այնպես, երբ լեռնային արեւը լուսավորեց փախստականներին, ես չդիմացա, եւ արցունքները թափվեցին աչքերիցս։ Եվ հանկարծ հասկացա, թե ինչ ասել է ժողովրդական աղետ։ Այդ վայրկյանից Հայաստանն ընդմիշտ հարազատ դարձավ ինձ, իսկ իմ ծառայությունը փոխարկվեց նվիրաբերության՚։
Ս. Գորոդեցկին գրել է բազմաթիվ հոդվածներ եւ բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին եւ Արցախին, իսկ 1918թ. լույս է ընծայել ՙՀայաստանի հրեշտակը՚ բանաստեղծությունների ժողովածուն, որը բացվում է Հովհ. Թումանյանին նվիրված ՙՀայաստան՚ բանաստեղծությամբ եւ որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման։

 

ՂԱՐԱԲԱՂ
Սերգեյ ԳՈՐՈԴԵՑԿԻ

Ամեն երկիր եւ ամեն ազգ ունի իր նվիրական ամրությունները։ Եթե ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում, դրանք դառնում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքը, իսկ եթե ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք դառնում են ազգային կյանքի հենարան-պատվարը (ցանկապատը), հույսերի կղզին, վերածննդի գրավականը։
Հենց այս վերջին դերն է հայ ժողովրդի համար ունեցել եւ ունի Ղարաբաղի լեռնային հատվածը։

Ինքը՝ բնությունը, սրան չափազանց մեծ նշանակություն է տվել։ Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որ Կարսի ու Սեւանի լեռնաբազուկների շարունակությունն են, երկու հազար տարուց ավելի հայ ժողովուրդը տարել է թափառական ցեղերի ճնշումը՝ պահպանելով իր մշակույթն ու ազգային դեմքը։
Ազգագրորեն, տնտեսապես եւ լեզվով միասնական լինելով՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թևը։ Այդպիսին այն եղել է անցյալում, այդպիսին է այսօր, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, հնարավոր չէ պաշտպանել՝ չտիրապետելով Ղարաբաղին։ Մի անգամ չէ, որ դարերի ընթացքում հարձակումների ալիքները փշրվել են Ղարաբաղի ժայռերին, թափանցել այնտեղ միայն գետերի հովիտներով, բայց այստեղ էլ երկար չեն մնացել։ Մի անգամ չէ, որ Սյունիքի մելիքությունները (ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում) սեփական ուժերով ետ են շպրտել ու հալածել թշնամուն։ Պատմությունը կրկնվում է, եւ վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ։
Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են մարդու վառ արտահայտված տեսակ։ Աշխարհում ցրված ղարաբաղցիներն ամենուր հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործունեության մեծ թափը, անկոտրում խիզախությունը, համարձակության հակումը, ինքնավստահությունը, ինքնատիպ համառությունը, ուղղագիծ կայունությունը, հայրիշխանությունը ընտանեկան կենցաղում. ահա ղարաբաղցու այն համակրելի գծերը, որոնք կարծես հայկական հնագույն առաքինությունների խտացումն են։ Առաքինություններ, որ գուցե եւ ինչ-որ չափով խամրել են պատմության դաժանություններից, սակայն անաղարտ պահպանվել Ղարաբաղում։ Կյանքի փրկության համար լեռներում ապաստանած բարձրահասակ ու պնդակազմ այս ժողովուրդն ամրացել է լեռնային օդի մեջ եւ պահպանել իրեն հարթավայրի բնակիչներին սպառնացող վարակներից։
Հայաստանի ազգային հիշողությունը պետք է որ ղարաբաղցիների շատ զնգուն բարձր անուններ հիշի։ Չկա մի բնագավառ, ուր նրանք դրսեւորած չլինեն իրենց նախաձեռնությունն ու տաղանդը. քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առեւտուր… այս ամենը ասպարեզ է եղել նրանց աշխատանքի համար։ Շատ անուններ կարելի է տալ, եւ, սակայն, չհավակնելով ամբողջին, հիշեցնենք միայն բոլորին հայտնի մի քանի ղարաբաղցիների մասին. քաղաքական գործիչներից իրենց ծնունդով Ղարաբաղին պարտական են Արամ փաշան (Մանուկյանը), Սաքո Սահակյանը (հավանաբար, նկատի է առնվում ՙՀորիզոն՚ թերթի խմբագիր-հրատարակիչը եւ ՙՆաբաթ՚ ռուսալեզու թերթի թղթակիցը.- խմբ.)։ Զինվորական արվեստի գծով Ղարաբաղը տվել է գեներալ Լազարեւին։ Արդյունաբերությունը նույնպես քիչ անուններ չունի, օրինակ՝ ղարաբաղցի էր Կոստյա Համբարձումյանը։ Գրականության բնագավառից հիշենք Լեոյին, ընդունենք, որ հայկական թերթերի մեծ մասը խմբագրում են ղարաբաղցիները։
Նման հայտնի տղամարդ գործիչներ տվող Ղարաբաղը ստեղծել, իսկ, ավելի ճիշտ, պահպանել է նաեւ հին հայուհու կերպարը, ում հոգեբանության ու կենցաղի մեջ շատ բան է անխաթար մնացել հայրիշխանության դարաշրջանից։
Իր մշակույթով ու ապրելակերպով կոփված-կռված Ղարաբաղը մեր օրերում էլ չի անարգել իր հին փառքը։ Ինչպես Թամերլանի ժամանակներում, հավաքելով իրենց ջոկատները, մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը։ Շուշիի դրվագը նույնպես չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծը, ըստ էության, մնաց անձեռնմխելի, ինչպես նախորդ հարձակումների ժամանակ։
Այսպիսին է Ղարաբաղի դերը Հայաստանի համար։ Եթե այն կորսվեր, ազգերի ինքնորոշման գաղափարը, անշուշտ, մեծ կորուստներ կկրեր։ Եվ ընդհակառակը, պահելով Ղարաբաղը՝ Հայաստանը մշակութային էներգետիկ մեծ ուժի հոսանք կստանա, որը, խուժելով Հայաստանի քայքայված տարածքներ, կպտղավորի դրանց մշակույթը եւ այդպիսով իսկ կամբողջացնի Ղարաբաղի բազմադարյա փառահեղ պատմությունը։
Հիմա ամեն մի ժողովուրդ փնտրում է իրենը։ Վերածնված ազգերի ողջ ապագան կախված է նրանից, թե արդյոք իրենք իրենց ներսում կգտնե՞ն, այսպես ասած, սեփական մշակույթի թթխմորի բավական քանակություն։ Նման պայմաններում բոլոր այն կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով թանձրացել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն։ Այդպիսին է եւ Ղարաբաղի դերը Հայաստանի համար։
Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ՝ դեպի տաք ծով, և կարող է պատահել՝ այնտեղից այնպիսի ուժեր թափանցեն, որ Ղարաբաղը վեր ածեն Հայաստանի հյուսիսային ծայրամասի։ Բայց եւ այդ դեպքում եւս այն չի կորցնում իր դերը՝ իբրեւ չեղծված եւ դարերով փորձված մշակույթի շտեմարան։