comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆԵՐԸ

Վագիֆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Կյանքում միայն նրանք են հասնում իրենց երազանքներին, ովքեր, ի ծնե լինելով օժտված, տարիների հետ ամրապնդում ու բազմապատկում են հաջողությունները: Դրանում համոզվեցի` ծանոթանալով տաղանդավոր քամանչահար Հենրիխ Առուստամյանի գերդաստանի պատմությանը։

Հ. Առուստամյանը ծնվել է 1943թ. Ստեփանակերտում, ծառայողի ընտանիքում։ Հայրը՝ Անդրանիկը, աշխատում էր Ստեփանակերտի շրջանային գործադիր կոմիտեում` որպես տեսուչ։ Տարիներ շարունակ լինելով գործուղման մեջ՝ նա քիչ էր լինում տանը, ուստիև նրա միակ որդին՝ Հենրիխը, ստանում էր մոր դաստիարակությունը: Հենրիխի հայրը հանկարծամահ եղավ 1953թ.` տաս տարեկան որդուն թողնելով որբ։
Կինը՝ Արշալույսը, որը մինչ այդ տնային տնտեսուհի էր՝ ստիպված էր գնալ և աշխատել Ղարմետաքսկոմբինատում: Նա մեծ հույսեր էր կապում Հենրիխի հետ: Հենրիխը դպրոցական առաջին իսկ օրվանից իրեն դրսևորում է որպես ընդունակ և կարգապահ աշակերտ: Սիրում էր բոլոր առարկանները, նա ուսուցիչների սիրելին էր։ Մայրը, տեսնելով, որ որդին նաև երաժշտության նկատմամբ հակում ունի, որդուն 1951թ. ուսման է տալիս Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ Հենրիխը սովորեց քամանչայի դասարանում։ Նա քամանչան սիրում էր հոգով ու սրտով։ 1957թ. նա երաժշտական դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով։ Ուսուցիչները, նկատելով նրա տաղանդը, Հենրիխին հորդորեցին շարունակել երաժշտական կրթությունը։ Քաղաքում երաժշտական ուսումնարան չլինելու պատճառով նա ստիպված ուսումը շարունակում է Աղդամի երաժշտական ուսումնարանում՝ քամանչայի դասարանում և այն ավարտում 1961թ.։ 1962-1965թ. Հենրիխը ծառայում էր խորհրդային բանակում, ծառայության մեջ էլ նա կարգապահ ու պատասխանատու զինվոր էր։ Զորացրվելով բանակից և վերադառնալով հայրենիք` նա աշխատանքի է ընդունվում ԼՂԻՄ երգի ու պարի պետական համույթում` որպես քամանչահար։ Նրա աշխատանքային ուղին սկսվեց 1965թ.-ից և հասավ մինչև 2012 թվականը։ Հ. Առուստամյանը ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում աշխատեց 1965-1975 թվականներին։ Շատ շուտով նրա վարպետության համբավը տարածվեց Արցախից դուրս։ 1975 թվականին, որպես քամանչահար մենակատար, հրավիրվում է աշխատելու Կիրովականի ՙՀորովել՚ պետական ազգագրական համույթում, իսկ ժամանակ անց նա համույթի կազմում մեկնում է Ֆրանսիա, որտեղ համույթը համերգներով հանդես է գալիս տասից ավելի քաղաքներում և նվաճում հանդիսատեսի սերն ու հարգանքը։ Համույթի ղեկավարությունը Հենրիխի նվագը շատ էր հավանում և առաջարկում է նրան ընտանիքով տեղափոխել Կիրովական մշտական բնակության, սակայն նա մերժում է: Կրկին վերադառնալով Ստեփանակերտ` շարունակում աշխատել ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում: Հենրիխը Սայաթ-Նովայի, Գուսան Աշոտի, Ջիվանու երգերի սիրահարն էր ու դրանց անկրկնելի կատարողը։ Քամանչան նրա ձեռքին կարծես լեզու էր առնում, խոսում հանդիսատեսի հետ, հիացմունք պատճառում: Ամենևին էլ պատահական չէր, որ 1986թ., մասնակցելով մեծն Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի կապակցությամբ Կիրովականում կազմակերպված քամանչահարների մրցույթին, որին Անդրկովկասից մասնակցում էր հարյուր քամանչահար, նա գրավում է առաջին տեղը և պարգևատրվում առաջին կարգի դիպլոմով: 1990-ին կրկին Կիրովականի ՙՀորովել՚ ազգագրական համույթի հրավերով, որպես մենակատար-քամանաչահար, մեկնում է Ֆրանսիա և արժանանում ջերմ ընդունելության:
1993թ. Հ. Առուստամյանը երրորդ անգամ է մեկնում Ֆրանսիա, բայց այս անգամ արդեն ԼՂՀ երգի-պարի պետական համույթի կազմում։ ԼՂՀ իշխանություններն արժանիորեն են գնահատել Հենրիխի նվիրվածությունը, նրա պատվին կազմակերպվել են հոբելյանական երեկոներ: 1998թ. նա արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի, իսկ 2008թ. ապրիլին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՙԱրվեստի վաստակավոր գործիչ՚ պատվավոր կոչում։ 2008թ. Հենրիխը որպես քամանչահար աշխատում է ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթում, նույն տարում համույթը համերգներով հանդես է գալիս Լիտվայի մի շարք քաղաքներում, իսկ 2010թ. Բեյրությում, Լիբանանում համույթն արժանանում է հանդիսատեսի ջերմ ծափողջույներին։ Հ. Առուստամյանն իր կյանքի շուրջ հինգ տասնամյակը նվիրել է հայկական երաժշտական արվեստի մասսայականացմանն ու տարածմանը: Նա համեստ անձնավորություն էր` իր ընտանիքին նվիրված հայր։ 1968թ. Հ. Առուստամյանն ամուսնացել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակչուհի Հովսեփյան Անահիտի հետ: Անահիտը ծնվել է Ղարաբաղում հանրահայտ դուդուկահար Իշխան Հովսեփյանի երաժշտասեր ընտանիքում։ Նա օժտված երգչուհի էր: Նրանք ունեցել են երեք զավակ:
1989-1991թթ. նրանց ավագ որդին` Արմենը, ծառայել է խորհրդային բանակի շարքերում, զորացրվելով, իսկույն վերադարձել է հայրենիք և միացել համաժողովրդական շարժմանը, ապա կամավորագրվել ինքնապաշտպանական ջոկատներից մեկին: Ջոկատը կատարում էր տարբեր բարդ հանձնարարություններ։ 1992թ. սեպտեմբերի 7-ի այդ չարաբաստիկ օրը նա Ղաջարի բարձունքներում թշնամու արձակած ականից լրիվությամբ կորցնում է աջ ձեռքը և ծանր վիրավորվում ձախ ձեռքից: 2017թ. Արմենը կնքեց իր մահկանացուն` քառասունյոթը չբոլորած։ Արմենի ծառայությունը հայրենիքին բարձր է գնահատվել երկրի իշխանությունների կողմից. 2007թ. նա պարգևատրվել է ՀՀ ՙՄարտական ծառայության՚, իսկ 2008թ.` ԼՂՀ ՙԱրիության համար՚ մեդալներով։
Առուստամյանների միջնեկ զավակը Ժիրայրն է: Նա նույնպես որպես կամավոր ծառայել է Պաշտպանության բանակի չորրորդ առանձին մոտոհրաձգային գումարտակում, որի շարքերում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին: Շնորհիվ նվիրված ծառայության` շարքայինից հասել է կապիտանի զինվորական կոչման։ Ներկայում բանակի շարքերում շարունակում է ծառայությունը:
Գերդաստանի կրտսեր զավակը Լուսինեն է: 1998թ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, այն ավարտել 2001թ.։
Գերդաստանի մայրը՝ Անահիտը, միշտ աշխատում էր ամուսնու հետ կողք կողքի: Նրա վերջին աշխատանքի վայրը ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթն էր, որտեղից էլ անցել է թոշակի ։ Չնայած նա տարել է սրտի ծանր վիրահատություն, սակայն բոլոր տոնական օրերին համույթի ղեկավարության հրավերով նա կրկին բեմ է բարձրանում, իր գեղեցիկ երգ ու պարով ուրախություն պատճառում հանդիսատեսին։ Նրա կատարումներից հաճելի է լսել ՙՂարաբաղի Նախշուն բաջի՚, ՙԴերունց ծորումը՚, ՙԱյայի խրատները՚, ՙՏասնչորս՚ արցախյան ժողովրդական երգերը: Անահիտը շուրջ 5 տասնամյակ բեմի վրա է: Առուստամյանների գերդաստանի պատմությունն, իրոք, հայրենասիրության վառ օրինակ է ինչպես մեզ՝ ապրողներիս, այնպես էլ սերունդների համար։

;