comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆՎԵՑ ԴԵՌ 88-ԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆՎԵՑ ԴԵՌ 88-ԻՆ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մեր օրերում, երևի թե ոչ մեկին չես զարմացնի՝ ասելով, որ մարդն ու տիեզերքը ներազդում են իրար վրա. միտքն իր էներգիայով ընդարձակվում է տիեզերք, գտնում նմանատիպ մտքերի էներգետիկ դաշտը, միանում, ուժեղանում և ներազդում նման գաղափարով ապրողների վրա: Գիտության կողմից որպես իրողություն ընդունված այդ տեսության արտահայտումը տեսանելի է մեր ազատագրական պայքարի տարբեր դրսևորումներում: Մասնավորապես՝ այդ զգացումն ապրեցի, երբ Նոր Ղազանչի համայնքի Կարեն Առաքելյանի (ՙԽաչեն՚ գումարտակի հրամանատար) անվան դպրոցում մարտի 16-ին տեղի ունեցավ Շարժման սկզբնական փուլում մի օրում հերոսացած Թելման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 60-ամյակին նվիրված միջոցառմանը: 

1988 թվականի հուլիս ամիսն էր: Ղարաբաղում գործում էր Մոսկվայի կողմից ընդունված արտակարգ իրավիճակի դրություն մասին որոշումը: Կենտրոնական մամուլը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում էր ամբողջովին աղավաղված, ինչը շատ ցավագին էր ընդունվում հայության կողմից: Ժողովուրդը կրկին դուրս էր եկել փողոցները` պահանջելով իրադարձությունների արդարացի լուսաբանում և, իհարկե, ՙՄիացում՚ կարգախոսով: Սակայն ոչինչ չէր փոխվում, հակառակը` ճնշումն էր ուժեղանում: Թելմանն այն զգաց ամբողջ հոգով: Միտքն ալեկոծվեց: Նա հասկացավ, որ ժողովրդին դրական լիցք է պետք, ոգևորվելու առիթ: Պետք էր մի բան մտածել, մի արարք: Նայեց շուրջբոլորը, տեսավ մարզգործկոմի շենքի վրայի ադրբեջանական դրոշը. միտքը պարզվեց, որոշումը կայացվեց: Նա, կարելի է ասել, մի ակնթարթում բարձրանում է մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետում ադրբեջանական դրոշը` փոխարենը պարզում Հայկական եռագույնը: Ժողովուրդը փոթորկվեց՝ ՙՄիացում՚ վանկարկումը թնդաց ողջ Ստեփանակերտով մեկ: Թելմանի ուրախությանը չափ ու սահման չկար. նա կարողացավ ներշնչել վստահություն առ սեփական ուժերը: Հիացմունքն ու ոգևորությունը տիրում էին ամենուր:
Թելմանի այդ սխրագործությունը հակառակ ուժերի կողմից նույնպես աննկատ չմնաց: Մոտ 10 խորհրդային զինվոր ընկավ հետևից, բայց բռնել չկարողացավ: Սակայն դրոշի բարձրացումն ու փախուստի պահերը ՊԱԿ-ի կողմից լուսանկարվեցին: Սկսվեց հետապնդումը. Ներքին գործերի մարմինների որոշ աշխատակիցներ զգուշացրին Թելմանին, խորհուրդ տվեցին հեռանալ Ղարաբաղից: Բայց նա չհեռացավ, ուղղակի թաքնվեց: Սակայն մի քանի օրից նրան կալանավորեցին` ենթարկելով խոշտանգումների: Աննկարագրելի դաժան էր Կիրովաբադի կալանավայրում: Շարժման առաջնորդների գործունեության շնորհիվ նրան հաջողվում է տեղափոխվել Ստեփանակերտ, սակայն Բաքվից հրահանգ է գալիս, որ գործը պետք է տեղափոխվի Բաքու: Արկադի Վոլսկու միջամտությամբ գործը տեղափոխվում է Երևան, որտեղ նրան ազատ են արձակում: Գերագույն դատարանի շենքից մինչև Ազատության հրապարակ ժողովուրդը Թելմանին ձեռքերի վրա է տանում:
Սակայն առողջական վիճակն այնքան վատ էր, որ նրան ուղարկում են Սոչի` բուժվելու: Դա տեղի է ունենում դեկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի լուրը հասնում է ամենուր: Սոչիի հայկական համայնքի հետ, որոնք կազմակերպել էին 11 մեքենաներից բաղկացած օգնության շարասյուն, Թելմանը հետ է գալիս Գյումրի, որտեղ նրա վիճակն էլ ավելի է վատթարանում: Ստիպված վերադառնում է Ստեփանակերտ և երկու ամիս անց ստանում սրտի կաթված: Բուժումից հետո Թելմանը շարունակում է իր ավանդը ներդնել Արցախյան պայքարին:
Առողջությունն ինչ-որ չափով վերականգնելուց հետո` 1992-1996թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով Թելմանը նշանակվում է բռնագաղթված Սեյսուլան, Յարմջա, Ղազանչի գյուղերի լիազոր-ներկայացուցիչ: Այդ գյուղերի ռազմավարական դիրքը թելադրում էր, որ դրանց վերականգնումն օրախնդիր է: Բնականաբար, Թելմանը լծվեց այդ գործի կազմակերպմանը: Ավելի լավ թեկնածու դժվար էր գտնել, և 2003թ. նրան նշանակեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունում նույն անվանբ գործող բաժնի վարիչ:
Պատասխանատվության զգացումը նրա ցայտուն գծերից մեկն էր, և այդ պաշտոնը նա ընդունեց որպես հնարավորություն` լավագույնս իրականացնելու վերաբնակեցման պետական ծրագիրը: Կարևորելով Ղազանչիի ռազմավարական դիրքը, իր տեսակետը ներկայացնում ու համոզում է Սփյուռքի բարեգործներին, որպեսզի կառուցվեն նոր Ղազանչի և Կիչան գյուղերը: Դեռ կյանքի օրոք Նոր Ղազանչին և Կիչանը վերաբնակեցվել են, կողքին էլ հիմք է դրվել Նոր Կիլիկիա գյուղի կառուցմանը, որն այսօր վերաբնակեցված է 25 երիտասարդ ընտանիքներով, կառուցվում են դպրոց, մանկապարտեզ:
Ընկերները Թելմանին հիշում են որպես խիզախ, միևնույն ժամանակ` շատ համեստ ու պայծառ մարդու: Անգամ հիվանդությունը չփոխեց նրա լավատեսությունը կյանքի հանդեպ` յուրաքանչյուր օրն ապրում էր առույգ ու կենսախինդ` արհամարհելով ցավն ու տկարությունը: Սակայն սրտի երկրորդ կաթվածին չդիմացավ և 49 տարեկանում նա բռնեց անմահության ճամփան:
Թելման Հարությունյանի այրին՝ տիկին Սվետան, հպարտությամբ նշում է, որ բոլոր երեք զավակները դաստիարակվել են` հետևելով հոր պատգամներին` լինել հայրենասեր, ազնիվ, մարդասեր: Ավագը՝ Էդգար Հարությունյանը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը, հետո սովորել նաև իրավագիտություն: Այսօր նա Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարն է: Գեղամը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է ՊԲ-ում` որպես զորամասի հրամանատարի սոցիալ-իրավաբանական աշխատանքների գծով օգնական: Մարատն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 5 տարի տարբեր զորամասերում ծառայելուց հետո՝ հասնելով զորամասի բուժծառայության պետի պաշտոնի, անցել է քաղաքացիական աշխատանքի: Այժմ նա արդեն համբավ ձեռք բերած վիրաբույժ-ուրոլոգ է ԱՀ հանրապետական հիվանդանոցում: Բոլոր տղաներն էլ ստեղծել են հայ ավանդական ամուր ընտանիքներ, ունեն երեխաներ, որոնք դաստիարակվում են պապիկի պատգամներով:
Թելման Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար, ԼՂՀ հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով: Նա իր ուրույն տեղն ունի Արցախի ազատագրական պայքարում: Դրա մասին չեն մոռանում հարազատ Նոր Ղազանչի գյուղում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչեցին Թելման Հարությունյանի անունով:
;