comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
...ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԶԱՆԳԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ ԵԿՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

...ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԶԱՆԳԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ ԵԿՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 1995թ. աշուն...Գյուղական հին ու խարխուլ շենքում, փայտե վառարանի շուրջը բոլորած մի քանի ուսուցիչ ու մի խումբ աշակերտներ։Բռնատեղահանությունից նոր տուն դարձած, կանաչ խոտին կրակ անող։ Դպրոցի տնօրեն Նորա Գասպարյանն իր գյուղին, իր հանդ ու հանդավարին կարոտած, սփոփում է մեզ (փոխանակ մենք իրեն սփոփենք, կտեսնեք, թե Մատաղիսը ոնց է վերականգնվելու, մենք ավելի ծաղկուն Մատաղիս ենք ունենալու, ասում էր ու հայացքով շոյում ծառայությունից մի քանի օրով արձակուրդ եկած որդու՝ Գեղամ Աղաջանյանի զինվորական համազգեստը։ Տիկին Նորան այսօր Մատաղիսի միջնակարգում Հայ եկեղեցու պատմություն է դասավանդում։ 

Գրեթե երկուսուկես տասնամյակ անց կրկին Մատաղիսի դպրոցում ենք, բայց այս անգամ արդեն նորակառույց, տիպային, միջնակարգ, իսկ տնօրենը նույն ինքը՝ Գեղամ Աղաջանյանն է։ Դպրոցը կրում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անունը։
Ի դեպ, ակադեմիկոսը հենց Մատաղիսի դպրոցի շրջանավարտ է։ Գրեթե ամեն տարի գոնե մեկ անգամ նա այցելում է իրենց ու միշտ` անակնկալ նվերներով։
Ներկայումս Մատաղիսի դպրոց է հաճախում 112 աշակերտ, դպրոցը միջնակարգ է, միացյալ դասարաններ չկան, մանկավարժներով ապահովված են։ Դպրոցը շահագործման է հանձնվել 2007 թվականին՝ կանադահայերի միջոցներով, հրաշալի պայմաններով, կենտրոնացված ջեռցուման համակարգով։ Ապրիլյան պատերազմից հետո դպրոցը հիմնանորոգվել է , ու կրկին` կանադահայերի միջոցներով: Պատերազմի հետքերը լրիվությամբ վերացվել են։ Ճիշտ է, ուսուցիչների մի մասը թոշակառուներ են, բայց դասավանդում են յուրաքանչյուրն իր մասնագիտությամբ։ Միայն ընթացիկ ուսումնականում մրցույթով 3 ուսուցիչ է աշխատանքի ընդունվել։ Տնօրենի հավաստմամբ` չնայած դպրոցը նորակառույց է, տիպային, ունի նկուղ, բայց իրենց համար առաջնահերթ է մնում ապաստարանի խնդիրը։ Նախատեսվում է մոտ ապագայում կառուցել և ապաստարան և սպորտդահլիճ։ Խաղահրապարակ կա, սակայն, երբ եղանակն անբարենպաստ է, ստիպված են պարապմունքներն անցկացնել դասասենյակներում։ Դասասենյակները, կաբինետները կահավորված են, առկա են լաբորատորիաները, համակարգչային կաբինետը, դասագրքերով հիմնականում ապահովված են։ Ստեղծված են բոլոր պայմանները նորմալ կրթություն ապահովելու համար։
Աշակերտների և ուսուցիչների համար սահմանի մյուս կողմից հնչող կրակոցները սովորական են դարձել, դասամիջոցի կանչող զանգի պես։ Իսկ դպրոցական զանգն ամեն Աստծո օր այստեղ հակադարձվում է սահմանից եկող կրակոցներով։
Այս վերջին շրջանում կրակոցները քչացել են և կրակում են հիմնականում փոքր տրամաչափի զենքերից։ Զորամասի առկայությունը գյուղում, զինակազմի շարժը վստահություն են հաղորդում մատաղիսցիներին։ Գ. Աղաջանյանի կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո մարդկանց վստահությունը քառապատկվել է, սեփական ուժերի հանդեպ ավելի վստահ են դարձել, բայց ավելի զգույշ ու զգոն են, դա անզեն աչքով էլ նկատելի է։ Դպրոցի տնօրենի կարծիքով, աշակերտները բոլորն էլ հերոսներ են, նրանց հայրենասիրության դասեր պետք չեն: Գյուղում տեղակայված զորամասի անձնակազմի հետ համատեղ միջոցառումներ են անցկացնում, աշակերտները ծանոթանում են զինվորական առօրյային, շփվում զինվորների հետ, ճաշում միասին, համատեղ տարաբնույթ ռազմահայրենասիրական, մարզամշակութային միջոցառումներ կազմակերպում։ Պարբերաբար անց են կացվում նաև Արիության դասեր։
Դպրոցին ձեռք հասցնողների շարքում է նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Դպրոցին դաշնամուր է նվիրել, համակարգիչ, բեմի վարագույրներ, գեղարվեստական գրքեր։ Ընթացիկ ուսումնականից դպրոցում համակարգչային կաբինետի բազայի հենքի վրա գործում է ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիան։
Երբ դպրոցը կառուցվել է, այն դեռևս 10-ամյա էր, հետո երբ դարձել է 12-ամյա, դասասենյակի խնդիր է մեջտեղ եկել։ Ներկայում նրանց կողմից որպես դասասենյակ է օգտագործվում բուժկետը։ Դպրոցի տնօրենի կարծիքով` իրենք ամեն ինչ ունեն, միայն խաղաղությունն է պակասում, վստահությունը խաղաղության հանդեպ...Իսկ արարող, ստեղծող մատաղիսցու ոգին անընկճելի է։ Տեսնո՞ւմ ես, չորսբոլորը կառուցում են, ասում է Գեղամը, վստահ եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնում երբևէ թողնել գյուղը, կա մի հստակ մտայնություն, ինչքան հնարավոր է ամուր կառուցել, լինել պաշտպանված ու դիմակայել։ Դիմակայել ոչ միայն ֆիզիկապես, կերտել ապագայի Մատաղիսը՝ ամուր, պաշտպանված ու իր ուսյալ զավակներով աշխարհի հետ խոսող: Դպրոցի տնօրենը վստահ է, որ գյուղը կրկին ակադեմիկոսներ է Արցախ աշխարհին պարգևելու...