Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՐԱԽԱՑԻ՜Ր, Ո՜Վ ՇՆՈՐՀԸՆԿԱԼ, ՏԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ Է

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 Եվ երբ սատանան, օձի կերպարանքով, խաբեց Եվային, դրդելով նրան և Ադամին ճաշակել արգելված պտուղը, մեղքն ու անեծքը մտավ աշխարհ. ՙՏէր Աստուած ասաց օձին. Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը՚: /Ծննդոց 3:14-15/

Անեծքի հետ միասին, Աստծուց խոստում տրվեց մարդկությանը, որ կնոջ միջոցով աշխարհ կուղարկվի Փրկիչը: Այդ խոստումն ու սատանայի գլուխը ջախջախելու կնոջ առաքելությունն ի կատար ածվեց արարչագործությունից չորս հազարամյակ հետո, գալիլիացի մի խոնարհ կույսի միջոցով. ՙՎեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր՚ (Ղուկ. Ա 26-27): ՙԵվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է՚: ՙԵվ ահա՜ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես՚: (Ղուկ. Ա 28-31):
Հավատքով և խոնարհությամբ ընդունելով հրեշտակից ուղարկված պատգամը, Տիրուհին՝ Մարիամը իր որովայնի պտղով ջախջախեց օձի` սատանայի գլուխը: Մարիամն առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է ամենքից և ամեն ինչից, նրանից ծնվեց: Ամենաօրհնյալ սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը՝ վերցվեց բոցեղեն սուրը և հաստատվեց Մկրտության ավազանը: Նա եղավ Ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրն առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ դեպի երկնային Երուսաղեմ:
Ապրիլյոթյան տոնի այս սրբազան խորհուրդը պետք է հավատքով և երկյուղածությամբ կյանքի կոչվի բոլորիս մեջ: Մարիամ Աստվածածինը` որպես կատարյալ կին, հոգու և մարմնի գեղեցկության տիպար և որպես Աստվածորդու մայր, այն իդեալն է, որին պետք է ձգտել ցանկացած քրիստոնյա կին ու աղջիկ: Մարիամի հեզությունն ու խոնարհությունն անգամ Հայր Աստծո հայացքը խոնարհեց, նրան` կույսին, արժանացնելով իր Որդու մայրը կոչվելու:
Բայց այսօր մի մեծ հարց է ծառացել. Աստվածածինը մնո՞ւմ է արդյոք որպես իդեալական արխետիպ ժամանակակից կնոջ համար: Ցավոք, արդի կյանքի փառասիրությունն ու նորաձևության սին պատրանքները ՙսղոցում՚ են դեռատի աղջիկների միտքը` խաթարելով ի սկզբանե կնոջը տրված առաքինությունները պահելու պահանջմունքն ու հակումը: Համատարած կախվածությունները նորաձևության թելադրանքներից, պլաստիկ վիրահատություններից, բրենդային հագուկապից, սոցիալական ցանցերում ռեկորդային թվով լայքեր հավաքելու նպատակով արված սելֆիներից և այլ անցողիկ երևույթներից մեծ թափ են ստանում վերը նշվածին հակառակ արժեհամակարգեր: Խոնարհությանն ու հեզությանը գալիս են փոխարինելու ինքնահավանությունը, արծաթսիրությունը, փառամոլությունը, հանուն ժամանակավոր հաճույքների` սրբություններն անարգելու սովորությունը, մարդկանց ըստ հարստության դասակարգելը, կյանքի ընկերոջ ընտրությանն էլ ինչքի պրիզմայով նայելը… Image result for глупые но красивйеԱյս ամենից դառնացած, ուզում ես հարցնել. աղջիկ, ո՞ւր ես գնում, ինչի՞ վրա ես ծախսում երիտասարդ տարիքդ ու անվերջանալի պահանջներիդ պատճառով խեղճացած ծնողներիդ ռեսուրսները: Այն, որ շատ ունեցվածքի տիրանալու հակումով ես քեզ համար ամուսին փնտրում, գոնե գիտե՞ս, որ միայն հիմար երիտասարդը քեզ կընտրի որպես կին: Եթե անգամ ընտրեց, հետո այդ հիմարը, ա՛խր, կխելոքանա, գուցե ինքնադաստիարակվի, կրթվի, հասնի մեծ բարձունքների, քանի որ սովորաբար տղամարդկանց բնությունը զարգանալ ու աճել է ակնկալում, այդ դեպքում որտե՞ղ ես մնալու դու: Մի՞թե նա կցանկանա ապրել տգետ, գիր ու գրականությունից հեռու, բայց ՙնախկին՚ բրենդային գեղեցկուհու հետ: Ի՞նչ ես հավաքում հոգուդ համար, ինչի՞ մասին ես խոսելու ընտրյալիդ ու զավակներիդ հետ, գիտե՞ս, արդյոք, այլ թեմաներ քննարկել սերիալներից, ֆեյսբուքյան աղմկահարույց հղումներից բացի: Ախր ոչ մեկը չի ցանկանա երկար ժամանակով շփվել քեզ նմանի հետ, դու ինքդ քեզնից կձանձրանաս ու, ամենայն հավանականությամբ, կընկնես ընկճախտի մեջ…Քանի դեռ ժամանակ կա, մեզ սթափվել է պետք դառը իրականության հոսքի զոհը չդառնալու համար: Պետք է մի ներքին հայացք նետել այն վեհ ու հզոր կանանց, որոնց միջոցով բարի գործեր են կատարվել: Նայենք այն հայ կնոջը, ով կրթել ու դաստիարակել է հայրենասեր հերոսներ, որոնք էլ դարձել են Քրիստոսանման` իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերելով հայրենիքի ու մերձավորի համար: Ահա այսպիսի կինն է իր կերպարով մոտենում Աստվածամորը:
Ապրիլյոթյան խորհուրդը չի փառավորում ու չի բարձրացնում պրիմիտիվ ու սիրողական մակարդակի արտաքին շինծու գեղեցկությունը: Սա այն կնոջ տոնն է, ով իր տան հենասյունն է, ամրությունը, ամուսնու պատիվը: Ինչպես ասում է առակաց գիրքը. ՙԱռաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից: Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տալիս: Նման կինը ամուսնու օգնականն է բարի գործերի մեջ՚…
ՙԱրդարև, իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի՚: (Առակաց 31: 10-31)