comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՅՈՒՐ ԵՎ ՉՈՐՍ ՏԱՐՎԱ ՍՊԱՍՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՅՈՒՐ ԵՎ ՉՈՐՍ ՏԱՐՎԱ ՍՊԱՍՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Նախկինում ամեն տարվա ապրիլի 24-ի նախօրեին ինքս ինձ հարց էի ուղղում` ինչպիսին կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչ կփոխվի աշխարհում, ով կլինի մեր կողքին այդ օրը։ Որքան մոտենում էր մեր ողբերգության այդ տարելիցը, այնքան ավելի վառ էր առկայծում հույսը, որ հրաշք տեղի կունենա և 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը վերջապես համարժեք գնահատական կստանա աշխարհի, այդ թվում և՝ ցեղասպանությունն իրականացրած երկրի կողմից։ Թվում էր` դարը գագաթնակետն է... Ցավոք, հրաշք տեղի չունեցավ։ Իհարկե, չենք կարող չնշել, որ միջազգային հանրության՝ ամեն տարի ապրիլին հայ ժողովրդի վրա սևեռվող ուշադրությունը 2015-ին աննախադեպ մեծ էր. եղան և՜ Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հիշատակի ցույցեր տարբեր երկրներում, և՜ բարձրաստիճան ու անվանի մարդկանց պաշտոնական ու ոչ պաշտոնական այցեր, և՜ հրապարակային համարձակ ելույթներ, կազմակերպվեցին տարատեսակ միջոցառումներ, կազմակերպվեցին թեմատիկ ֆիլմերի ու տեսահոլովակների պրեմիերաներ, գրքերի շնորհանդեսներ... Մենք և հաջորդող սերունդները դեռ անելիք ունենք, որովհետև ավելի քան 1,5 միլիոն զոհերի հոգիները հանգստություն են պահանջում, իսկ ողջերը՝ բարոյական հատուցում։ 

Ճիշտ է, այսօր մեր կողքին են աշխարհի բազում երկրներ։ Ցեղասպանության ճանաչումը նրանց կողմից մխիթարում ու ոգեշնչում է։ ԱՄՆ Ալաբամա նահանգն էլ ճանաչեց 1915-ի ոճրագործությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 49-րդ նահանգը։
Անհերքելի ճշմարտությունն ապացուցելու և ճանաչել տալու համար գուցե անհրաժեշտ է ևս 100 և 4 տարի. եթե այդպես է կանխորոշված, ուրեմն, այդ ճանապարհն էլ պետք է հաղթահարել։ Սպասումը նույնքան երկար է, որքան` հիշողությունը։ Իսկ հիշողությունն ապրում է, քանի դեռ ցավը չի անցել, ցավը սպիացել է յուրաքանչյուր հայի սրտում ու փոխանցվում է սերնդեսերունդ` լեցուն տառապանքով, վիրավորանքով, սպասումով, հավատով...
Ազգս, սակայն, շարունակում է պայքարել։ Ամեն ոք` յուրովի։ Խորհրդանշական են հատկապես օրվա ծնունդները: Առաջնեկիս ծնունդ պարգևելով այդ օրը` փոխվեցի, ներաշխարհս ասես խաղաղվեց: Ու այդ օրից ապրելով մայրանալու բերկրանքը` այլևս չեմ ունենում օրվան բնորոշ ընկճված ու մռայլ տրամադրությունը: Ունեմ ապրելու նոր բանաձև. ցավը կա, բայց զուգահեռ իմ մեջ մարտնչող ու պայքարող ոգին է թևածում: Ինչո՞ւ թաքցնել... Ինչ-որ տեղ նաև հպարտ եմ, մի տեսակ հանգիստ: Օրվա ծնունդները յուրովի պատասխան են ոճիրներին ու ոճրագործներին, ի վերուստ հասցված հակահարված: Մի՞թե հաղթանակ չէ...
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշ Սարգսյանը մասնագիտական գործունեությամբ զբաղվում է 1990 թվականից։ Օրվա խորհրդի շրջանակներում զրուցեցինք նրա հետ։ Բժշկուհին խորհրդավոր ու գեղեցիկ է բնորոշում օրվա՝ նորանոր ծնունդների խորհուրդը. ՙԱրդեն 100 տարուց ավելի է, ինչ ապրիլի 24-ը նշվում է որպես Եղեռնի օր, բայց այն կարելի է խորհրդանշել նաև որպես ծնունդների ու նոր կյանքի սկիզբ։ Բազմամյա փորձս ցույց է տվել, որ ապրիլի 24-ի ծնունդները հիմք են նոր սերնդի, կյանքի և խորհրդանշական այն գաղափարի, որ կյանքը շարունակվում է։ Տխրությանը զուգահեռվում է ուրախությունը: Անշուշտ, ցավը կա, գիտակցաբար, երբեմն նաև անգիտակցաբար, բայց ծնունդն այնպիսի երևույթ է, որն ի վերուստ է տրված։ Ծնունդը չունի պլանավորում, անգամ պլանային կեսարյան հատումով ծնունդները։ Ծնունդն Աստծո կամքն է։ Պատահական ոչինչ չկա։ Այդպես կանխորոշված էր։ Օրվա ծնունդները միայն երջանկություն են, ուրախություն, հպարտություն՚։
Ուրեմն լինենք լավատես, շարունակենք պայքարել` միջազգային հանրությանն ապացուցելով փյունիկի պես մոխիրներից վեր հառնող հայ ազգի հարատևությունը։