comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԵՂԻՆԵ ՏԱՏՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՂԻՆԵ ՏԱՏՍ

Ալվինա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

(Վերհուշի մի պատառիկ)

Մեծ Եղեռնի մասին մինչև այսօր յուրաքանչյուր հայ խոսում է սրտի անանց ցավուկսկիծով։ Բազմաթիվ փաստերն ու ականատեսների վկայությունները խոսում են այն մասին, որ հայերի հետ կատարվել են այնպիսի դաժանություններ, որոնք հասու չեն նույնիսկ մարդկային ուղեղին։

Ցեղասպանության պատճառով հազարավոր երեխաներ թողեցին իրենց հայրենիքն ու գաղթեցին օտար վայրեր։ Դրանցից մեկն էլ իմ Հովհաննես պապն էր, որի մասին էլ ուզում եմ պատմել։
Պատմությունն այս միշտ հուզմունքով ու թաց աչքերով պատմում էր հորս Հեղինե տատը, ում նկատմամբ հարևան բոլոր գյուղերում առանձնակի հարգանք էին տածում: Հեղինե աքեր. այսպես էին դիմում նրան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղերում մարդիկ կիսաքաղց էին, երեխաներին ինչպես հարկն է հագցնելն ու դպրոց ուղարկելն անասելի շքեղություն էր։ Հեղինե աքերը, ինչպես գյուղի մեծերն էին ասում, ոսկի փեշակ ուներ` կար ու ձևի ճանաչված վարպետ էր մեր ձորակում։ Եթե մի երեխայի նկատում էր շորը պատռված կամ մաշած, շոր էր կարում ու նվիրում նրան։ Այդ տարիներին հատուկենտ կոլտնտեսություններ էին, որ ավտոմեքենա ունեին։ Հեղինե տատը ձիով էր գնում-գալիս հարևան գյուղեր։
Մի օր հարևան գյուղից էր վերադառնում, հեռու թփերից երեխայի ձայն է լսում ու, ձիուց իջնելով, մոտենում է երեխային և հարցնում, թե ինչու է լացում և ինչու այդ ժամին դպրոցում չէ։ Երեխան շատ մաշված, պատռոտված շորերով էր, ինչը շատ հուզեց Հեղինե տատիկիս։ Երեխան ասաց, որ ինքը դպրոց չի գնում, որ ուրիշ երկրից է եկել: Այնտեղ տանտիրոջ ուլերն ու գառներն էր պահում։ Նա հեծկլտալով պատմում է, թե ինչպես են թուրք ասկյարներն իրեն քաշքշելով բաժանել քրոջից ու տարել տարբեր ուղղություններով։ Տատս գրկում է նրան և հանգստացնելով ասում, որ էլ երբեք ուլեր ու գառներ չի պահելու, և որ պետք է գնա իր հետ ու անպայման դպրոց հաճախի։ Նա վերցնում է տղային ու բերում գյուղ։ Մեծ հոգատարությամբ լողացնում է երեխային, նոր շորեր, նոր կոշիկներ հագցնում, որ այն ժամանակ բոլորը չէին կարողանում ձեռք բերել։ Տատս պարզում է, որ տղան հարևան Սոս գյուղից է։
Երեկոյան տան դիմաց լսվում է ուժեղ աղմուկ։ Պարզվում է, որ երեխայի հետևից եկել է նրա ՙտերը՚։ Նա ուզում էր նրան հետ տանել՝ ասելով, որ ուլերն ու գառները պահող չունի։ Նրա ձայնը լսելով` Հովհաննեսն իսկույն ծվարում է տատիկիս փեշի տակ և վախից սկսում դողալ։ Տատս հանգստացնում է նրան՝ ասելով, որ ոչ մի տեղ էլ չի գնալու։ Իսկ ՙտերը՚ սկսում է գոռգոռալ, որ կբողոքի ու ամեն գնով հետ կտանի։ Սակայն տատս շատ հանգիստ նրան քշելով տնից ասում է՝ կհանդիպենք Մարտունիում, այնտեղ կորոշենք, թե երեխան ում մոտ է մնալու։
Այդ տարիներին միայն պապս չէր գաղթած, նրա հետ կային ուրիշ երեխաներ էլ, որոնց Մարտունիում բաժանել էին ու տարել տարբեր ուղղություններով։ Պապս ընկել էր Սոս գյուղ ու բախտը չէր բերել խնամակալի հարցում։ Ինչ որ է։ Լսելով Հեղինե տատիին, թե նրանք ինչպես են վերաբերվել երեխայի հետ ու, հաշվի առնելով, որ ինքը երեխա չունի ու շատ լավ է պահելու նրան, համաձայնվում են Հովհաննեսին թողնել տատի մոտ։ Նրանք նույնիսկ շնորհակալություն են հայտնում, որ կամավոր եկել ու խնդրում է երեխային, այն դեպքում, երբ ինքն էլ ունեցել է դառը ճակատագիր։
Հովհաննեսը գլխովին փոխեց Հեղինեի կյանքը։ Նրանք կարճ ժամանակում հարազատի պես կապվեցին իրար հետ և, ինչպես տատս էր վկայում, նրա հետ հրաշք կատարվեց։ Աստված էր ուղարկել այդ հրաշք մանկանը։
Տարիներ անցան։ Ու տատս նրան ամուսնացրեց գյուղի ամենագեղեցիկ աղջկա՝ Արևի հետ։ Նրանք ունեցան 4 երեխա, ապրում էին երջանիկ ու համերաշխ։
Մեր համագյուղացի Մակար պապի վկայությամբ` Հովհաննեսը պաշտում էր Հեղինե մորը, ՙՄեծ Մամը իմ սրբությունն է՚, ասում էր Հովհաննեսը։ Նա կրթություն էր ստացել, իհարկե, Մեծ մոր շնորհիվ և գյուղում աշխատում էր որպես պահեստապետ։ Նրա նման գյուղում հագնվող չկար, չափազանց մաքրասեր էր և կոկիկ։ Մի խոսքով, ինչպես ասում են, գյուղի աչքն էր։
Ափսո՛ս, տատս երկար չվայելեց սիրելի որդու ներկայությունը։
Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Շատերի նման նա նույնպես մեկնեց ռազմաճակատ, ու... Տատս շատ երկար սպասեց նրան, շատերը սև թուղթ ստացան, իսկ մի մասի սև թուղթն այդպես էլ չեկավ... Աստծո ամեն օրը տատս արտասվում էր, հաճախ էր ողբում որդու կորուստը... Այդ պատկերն իմ աչքերի առջև է առ այսօր։
Օրերից մի օր, տատի մահից երկու տարի չանցած, մեր գյուղացի Հայկանուշը գնում է Բաքու՝ աղջկա մոտ։ Հարևաններով նստած զրուցում էին, յուրաքանչյուրը պատմում է իր գլխով անցածը։ Հայկանուշ տատիկին հասակակից մի կին պատմում է, թե ինչպես է գաղթի ճանապարհին կորցրել եղբորը, և որին տարել էին Ղարաբաղի ուղղությամբ։ Նա ասում է, մեր շրջան ընդամենը երեք հոգի են բերել, որից մեկը մեր գյուղում է ծվարել, ու սկսում է պատմել։ Զրուցակիցը հարցնում է գաղթածի անունը։ Հովհաննես է նրա անունը, ասում է Հայկանուշ տատը։ Զրուցակիցը՝ Անահիտը, լացելով խնդրում է, որ մերոնց տեղյակ պահեն իր մասին, և ասում է, որ շատ կցանկանար տեսնել եղբոր որդուն՝ այսինքն հորս։
Վերադառնալով Բաքվից` Հայկանուշ տատը ավտոբուսից իջնելուն պես շտապում է մեր տուն ու հայտնում բաղձալի լուրը։ Հայրս առանց հապաղելու մեկնում է Բաքու՝ դեռևս չհավատալով այդ պատմության իրական լինելուն։ Անահիտ տատը տեսնելով հորս` ուշաթափվում է։ Հայրս իր հետ տարել էր անհայտ կորած հոր նկարը, բայց այն այդպես էլ պետք չեկավ, որովհետև հայրս իսկը հոր պատճենն էր։ Էլ պատմելու բան չէ նրանց լացն ու ուրախությունը, որ միախառնվել էին երկար ու ձիգ տարիներ անց։ Նրանք` ինչպես ջրի երկու կաթիլ... Եվ սկսում է բարեկամությունը հարազատ ընտանիքների միջև։ Բայց կրկին հայի դառը ճակատագիրը բաժանում է նրանց... 1988-ին Բաքվում ու Սումգայիթում սկսվում են ջարդերը: Դաժան այդ օրերից նրանց (ինչպես շատ-շատերի) ճակատագիրը մնաց անհայտ...