ՙՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը (ԱԵԳՄՄ) սեպտեմբերի 13-15-ը Ստեփանակերտում կազմակերպել էր ՙՀայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան՚ միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցել են 111 գիտնականներ ու մասնագետներ, այդ թվում` պրոֆեսորներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավային Օսիայից, ՀՀ-ից և Արցախից: Միջոցառման մեկնարկը հանդիսավոր պայմաններում տրվել է Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում: Բացման խոսքով հանդես է եկել գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԱԵԳՄՄ հիմնադիր Ավետիք Հարությունյանը: Նա ընդգծել է, որ պարբերաբար կազմակերպվող այդ միջոցառման շնորհիվ Արցախ են այցելում ոչ միայն տարբեր պետություններ ներկայացնող երիտասարդ գիտնականներ, այլև անվանի հայագետներ և գիտության երախտավորներ: Նախորդող երեք տարիներին գիտաժողովներին մասնակցել են ավելի քան 250 գիտնականներ, և այդ թիվը տարեցտարի աճում է: Ա. Հարությունյանը նաև նշել է, որ գիտաժողովի նպատակն է գիտատեսական քննարկումների բազմակողմ հարթակ բերել հայոց պետականության, մասնավորապես՝ վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները, ինչպես նաև բացահայտել երիտասարդների գիտական ներուժը և գիտության երիտասարդացումը:
Գիտաժողովին օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: ՙԱյս միջոցառումը կազմակերպվել է մի շատ կարևոր տարեդարձի նախօրեին. շուտով Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը: Ցանկացած ազգի համար մեծագույն ձեռքբերումը պետականություն ունենալն է: Շուրջ 600 տարի զրկված լինելով պետականությունից` հայերը դա շատ լավ են գիտակցում՚,-ասել է Արցախի թեմի առաջնորդը: Նրա համոզմամբ՝ միջոցառմանը ներկա գիտնականների վերլուծություններով հնարավոր կլինի լուրջ հետևություններ անել երկրի պետականությունն ամուր պահելու հարցերի շուրջ, որպեսզի տարածաշրջանում հարատև խաղաղություն իշխի: Վեհափառը նաև վստահություն է հայտնել, որ գիտաժողովի արդյունքները կհարստացնեն մասնակիցների միտքն ու իմացությունը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա ընդգծել է, որ ամեն տարի միջոցառումն Արցախում համախմբում է արտերկրի այն գիտնականներին և հետազոտողներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ճակատագրի հանդեպ և սեփական մասնագիտական կարողություններով նպաստում են պատմական իրողությունների վերլուծությանն ու մեր հանրապետության մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը: Նա նաև նշել է, որ ընդամենը օրեր առաջ հանրապետությունում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնք ևս մեկ անգամ փաստել են Արցախում ժողովրդավարական գործընթացի անշրջելիությունը և երկրի իշխանությունների ու ժողովրդի հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու իրավական պետության սկզբունքներին: ՙԳիտաժողովը նվիրված էր ԵՊՀ 100-ամյա հոբելյանին, և այս փաստն ինքնին խոսում է այն մասին, որ Արցախում արժևորում և գնահատում են արդեն մեկ դար ձգվող Հայաստանի մայր բուհի ճանապարհն ու դերակատարությունը: Ուրախալի է, որ երիտասարդ գիտնականները և մասնագետները հանձնառու են պահպանելու և շարունակելու ձևավորված ավանդույթները: Հուսով եմ, որ հերթական գիտաժողովը նոր մակարդակի է հասցնելու արդեն ձևավորված փոխգործակցությունը, նպաստելու հետազոտական նոր նախագծերի իրականացմանը՚,- ավելացրել է ԿԳՍ նախարարը: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ գերատեսչության կողմից փոփոխություններ են կատարվել պետական ֆինանսավորմամբ իրականացվող գիտական հետազոտությունների նախագծերի մրցույթի կարգում և վերացվել են որոշ սահմանափակումներ. այսուհետ մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն Արցախը, այլև արտերկիրը ներկայացնող գիտնականներ, որոնց թեմաներն առնչվում են մեր հանրապետությանը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը գիտաժողովի մասնակիցներին է ներկայացրել ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը: Նա մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և նշել, որ բազմաթիվ երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր ազդեցություն կունենա նրանց հետագա մասնագիտական զարգացման և համագործակցության համար: Հարավային Օսեթիայի Հանրապետության պետական համալսարանի ռեկտորի և հարավօսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի անունից մասնակիցներին ողջունել է ք.գ.թ Սոսլան Պլիևը:
Նա նշել է, որ տարածաշրջանային անվտանգության առումով ներկա անհանգիստ ժամանակներում գիտաժողովի թեման խիստ արդիական է և կարող է նպաստել հանրության մեջ հանդուրժողականության ամրապնդմանն ու չճանաչված պետությունների ինքնորոշման, կայացման ու զարգացման շուրջ շատ խնդիրների հաղթահարմանը:
Գիտաժողովի լիագումար նիստին զեկուցումներով հանդես են եկել հայ և օտարազգի հայտնի գիտնականներ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է հայ իրավունքի նորմերում հայրենասիրության և հայոց պետականության թեմաներին: Լեհաստանը ներկայացնող պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն հանդես է եկել ՙԼեհաստանի հայերը միջնադարից մինչև մեր օրերը՚ զեկուցումով: Համբուրգի համալսարանի դասախոս Օտտո Լուխտերհարդն իր ելույթում համեմատական հետևություններ է ներկայացրել ՀՀ և ԱՀ սահմանադրությունների համատեքստում: Հաջորդ օրը գիտաժողովի աշխատանքները շարունակվել են իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, արվեստագիտության, լրագրության, գրականագիտության և մանկավարժության բաժանմունքներում: Այդ աշխատանքների ընթացքում քննարկվել են պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները, ՀՀ և ԱՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները, Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը, ինչպես նաև հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումն ու իմաստավորումը: Ավետիք Հարությունյանը տեղեկացրել է, որ գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՙԳիտական Արցախ՚ պարբերականում:
Latest from
- ՙԸՆԴՈՒՆԵՔ ՄԵՐ ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԼԸ, ԲԱՅՑ ՄԻ՜ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...՚
- ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
- ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՄՈՒՐ ԿԱՄՔԸ՝ ՄԵԶ ԶՈՐԱՎԻԳ
- ՀՈՒՇԵՐ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ