ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Բարև, սիրելի Ձմեռ պապ: Ես Աննան եմ, Մեծ Թաղերից: Ես միշտ քեզ նամակ եմ գրել, իսկ դու միշտ կատարել ես իմ ցանկությունները, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Խոստանում եմ լավ սովորել, մեծերին լսել և շատ գրքեր կարդալ: Այս տարի կխնդրեմ քեզ, որ ինձ բերես վրձին, օդապարուկ, հեռակառավարվող մեքենա, գլխարկ, գուաշ: Իսկ տոնածառի տակ ձեռնոց կդնեմ. խնդրում եմ, լցնես այն իմ սիրելի կոնֆետներով: Սիրով՝ Աննա՚:
Հենց այս նամակը հանեցի դեպի Լապլանդիա ուղարկվող նամակների տրցակից, որը պատրաստել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի երեխաները: Միանշանակ որոշեցի ծանոթանալ Աննայի հետ: Մինչ տան բակում կանգնած ծանոթանում էի աղջկա ծնողների հետ, ներս մտավ փոքրիկ մի աղջնակ ու փարվեց հորը: ՙԱհա և մեր Աննան՚,- ասում է մայրիկն ու բոլորիս միասին ներս հրավիրում: Ընտանեկան ջերմ մթնոլորտում տիրող նախատոնական տրամադրությունը համակեց նաև ինձ. գեղեցիկ զարդարված տոնածառ, լույսեր, առաստաղից կախված փաթիլներ... Պարզվում է՝ երեկոյան էին զարդարել տունը, իսկ Աննայի ոգևորիչ տրամադրությունից կարելի էր ենթադրել, որ մեր այցը ճիշտ ժամանակին էր: Մինչ մայրիկը՝ Իննան, զբաղված էր հյուրասիրությամբ, փոքրիկ աղջնակը հապշտապ ձվածեղ պատրաստեց ինքն իր համար ու ընդունեց իր հետ զրուցելու իմ առաջարկը:
Աննան ընտանիքի ամենափոքրն է` ինը տարեկան, իրենից մեծ քույր ու եղբայր ունի: Սովորում է չորրորդ դասարանում, գերազանց գնահատականներով: Ոգևորված շտապում է ուրախացնել մեզ՝ ասելով, որ զինվորներին նամակ և ամանորյա ծանրոց է ուղարկել: Շուտով Աննայի եղբայրը՝ Գրիգորն էլ կհամալրի հայրենյաց պաշտպանների շարքերը, և իրենք զինվորներին ՙմի պատառիկ Ամանորյա տրամադրություն՚ փոխանցելը շատ են կարևորում: Աննան շնորհավորում է բոլորին գալիք տոների կապակցությամբ, իսկ ընկերներին կոչ անում հավատալ Ձմեռ պապիկին, նամակներ գրել և իր նման անհամբեր սպասել ու հավատալ Ամանորյա հրաշքներին: