ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑԻ...
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Հասարակական դաշտում միշտ ակտիվ, կենսասեր ու էքստրեմալ զգացողությունների սիրահար Նանար Պողոսյանի ժամանակավոր պասիվությունն, ինչպես տեղեկացանք, պայմանավորված էր նրա առողջական շատ լուրջ վիճակով: Սուրբ լեռան բարձունքը հաղթահարած աղջիկը չէր կարող չհաղթահարել նաև անակնկալ վրահաս հիվանդությունը: Մեր ճեպազրույցը.
-Նանար, կպատմես ինչու՞, ինչպե՞ս...
-Պատճառը ջրծաղիկն էր, որով ես վարակվեցի 2-րդ անգամ, ախտորոշումը՝ հետջրծաղկային էնցեֆալոմիելիտ:
-Հասարակության շրջանում պտտվում է նաև այն թյուր կարծիքը՝ իբր հիվանդությանդ պատճառը վերելքն էր դեպի Արարատ:
-Արարատը սուրբ լեռ է, որտեղ հասնելով միմիայն բուժվել ու կոփվել կարելի է: Ասեկոսությունների վրա փորձում եմ չկենտրոնանալ:
-Փաստորեն վերածնվեցի՞ր Նանար:
-Այո, կարելի է և այդպես ասել: Հանձնվելն, առհասարակ, իմ սկզբունքներից դուրս է: Ու նաև պետք է նշեմ, որ իմ կողքին մի ամբողջ Արցախ էր, Հայաստան ու Սփյուռք էր: Այլընտրանք չունեի, համակվեցի ուժով ու հավատքով և հաղթահարեցի ինձ բաժին հասած փորձությունը: Մարդկանց աղոթքներն առ Աստված օգնեցին ինձ ոտքի կանգնել:
-Ասվածին ի՞նչ կուզենայիր ավելացնել...
-Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Էրեբունի բժշկական կենտրոնին՝ առանձնապես բժիշկներ Հասմիկ Վաղինակիին և Կարեն Իսրայելյանին, Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնին՝ բժիշկներ Հակոբ Աթանեսյանի, Ավետ Չարչյանի ու Ռուզաննա Պետրոսյանի գլխավորությամբ: Աստծո կամոք և իմ հրաշագործ բժիշկների շնորհիվ ես ոտքի կանգնեցի ու հասկացա, որ կան մարդիկ, ովքեր լիարժեք հավատարիմ են Հիպոկրատի երդմանն ու բժշկի կոչմանը: