[ARM]     [RUS]     [ENG]

Կին և մայր. մոլորակի ընթացքն անշեղ ու նորոգ պահող ուղեծրեր

Վան Նովիկով

 Մարտի 8,  թե՞ ապրիլի 7, միամսյա՞կ,  թե՞ միամյակ:  Անշուշտ,  գեղեցկության, կանանց և մայրերի  տոնի տևողությունից ու օրացույցային ամրագրումներից անկախ,   դժվար է միայն ժամանակային չափումներով լիովին արժևորել  Արարչի այն գլուխգործոցը, որին կին  պատվանունը տրվեց: Խորագետ   բանասերները թերևս չժխտեն, որ կյանք բառի ծագումնաբանության հունը տանում է դեպի կին ակունքը: Ըստ էության, Եվա անվան ընտրությունը  նույնպես կյանքի խորհրդանշական ձևակերպումն էր: Այդպիսով` բնության և կյանքի Արարիչը նախասահմանեց երկրի վրա մարդկային կյանքի շարունակականությունն ապահովող այն առաքելությունը, որն այնուհետև  վերապահված էր կնոջը:

Կինը  մայրանալով,  իր փխրուն ուսերին պատվով տարավ այդ դժվարին ու սուրբ առաքելությունը: Դրախտային անհատնում լույսն  ու ջերմությունն այդպես դարձան   տուն և  օջախ, իսկ  կնոջ, մոր  շունչն  ու սերը Երկիր մոլորակի ընթացքն անշեղ ու  նորոգ պահող ուղեծրեր:

Մարդկության  պատմական ընթացքը գալիս է փաստելու, որ կատարելությանը, գեղեցիկին,  բարուն ու վսեմին անհատնում ձգտումների  հունը  նաև կինն է եղել: Մարդիկ պատերազմներ էին վարում, սպանում`  աստվածադեմ իրենց նմանակին, իսկ կինը համբերատար շարունակում էր կյանք արարել: Մարդկությունը հոգևոր ու նյութական առաջընթացի տանող հանճարների պակաս չի ունեցել` ոգեշնչման աղբյուրը` կին և մայր: 

Եվ   եթե   կյանքն   ու  դեպի  կատարելություն  տանող  ճանապարհը  չի  ընդհատվում ,   ապա      շնորհիվ  հավերժին միտված կնոջ  առեղծվածի:  

Հայոց  պատմության արշալույսին  սիրո և մայրության աստվածություններ ունենալը վկայում է,  նրանց  առանձնահատուկ  մեծարանքի աստիճանի մասին:  

Մայրության ու գեղեցկության   տոնն ու միամսյակն, ընդհանրապես,  առիթ  է ընձեռում  հնարավորինս  հատուցելու  մարդկության երկրորդ կեսին այն սիրո,  հարգանքի ու բարոյական աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են  տարին բոլոր`  անտրտունջ կրելով  անհանգիստ  աշխարհի ու  ընտանեկան հոգսերի   բեռը:  Եվ եթե գարունները տարին մեկ են, ապա կին-գարունը մեր կողքին է ամբողջ կյանքում:   Ասում են`  գեղեցկությունը երգ է ինքն իր մասին  և շռայլ խոսքի  կարիք  չի զգում:   Պետք է  միայն զգալ ու գնահատել:

Բառերին դիմելու համար մնում է  միայն  համեստ բարեմաղթանքի հնարավորությունը.

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի հայուհիներ: Եղեք երջանիկ, և թող ժպիտն անպակաս լինի ձեր լուսածիծաղ  հայացքներից: Թող միայն խաղաղության  ու սիրո թռչնակները բույն դնեն  ձեր հարկի տակ: Թող անթիվ  ծաղիկների, գեղեցիկ անակնկալների  ու զգացմունքների փնջեր նվիրվեն ձեզ: