[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Համաշխարհային իրավիճակով պայմանավորված՝ այսօր աշխարհում ամենատարածված չելենջը շարունակում է լինել <<Մնա տանը>>: Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորությունը թեպետ գիտակցում ենք բոլորս, սակայն, միևնույն է, շատերը դեռ չեն հարմարվել ստեղծված իրավիճակին, կամ հոգնել են ու շարունակում են բողոքել: Ոմանց համար էլ արտակարգ իրավիճակն ուղղակի առիթ է տանը մնալու, կիսատ գործերն ավարտին հասցնելու և ժամանակն արդյունավետ օգտագործելու համար:Եվ, իսկապես, դեպրեսիվ տրամադրությունից խուսափելու համար գուցե փորձենք վերարժևորել կյանքն ու նվիրենք մեր ժամանակն այն ամենին, ինչն առավել կարևոր է:

Թագավարակի նոր դեպքերը հաշվելու, խուճապի ու վախի մեջ հայտնվելու փոխարեն ճիշտ կլինի շարունակել տեսնել լավը, գեղեցիկը, գունագեղը... Այս վիճակն անցողիկ է... Իսկ առջևում  ամառային խենթ ու տապ օրերն են...

Բժիշկ-հոգեբույժ Տաթևիկ Խաչատրյանի կարծիքով՝  կորոնավիրուսի վարակով պայմանավորված, մարդկանց մոտ հոգեկան ոլորտի խնդիրներն առավել քան հրատապ են դարձել: Որպեսզի ավելորդ անգամ տագնապները չխորանան, բժշկուհին հորդորում է պահպանել սոցիալական դիստանցիան,մնալ տանն ու հետևել անձնական հիգիենային, ինչպես նաև խուսափել ապատեղեկատվությունից և դրանք տարածելուց: <<Դրական էմոցիաներ դրսևորեք ընտանիքի անդամների հետ։ Դա լավագույնն է, որ կարող եք թույլ տալ ձեզ ու ձեր հարազատներին>>:

Փորձեցինք պարզել նաև, թե ինչպես են իրենց առօրյան կազմակերպում մի խումբ գերակտիվ երիտասարդներ։

Մարթա.- Իսկապես անհանգստացնող ժամանակներ ենք ապրում: Կարելի է ասել՝ համաշխարհային պատերազմ։ Փորձում ես չմտածել՝ չի ստացվում: Տեխնոլոգիական այս դարաշրջանում  զբաղմունքն էլ հիմնականում համացանցային է: Օնլայն դասընթացներից հետո մասնագիտական օնլայն ինքնուսուցումը վատ տարբերակ չէ: Էլէկտրոնային գրադարանների վերջին գրքերին ու գրողներին ծանոթանալուց հետո, մի փոքր էքսկուրսիա եմ կատարում օնլայն խանութներով, ապա խոհանոցային գաղտնարանից նոր բաղադրատոմսով ուտեստներ եմ  փորձում պատրաստել և ընտանիքիս անդամներին հյուրասիրել:

Լիլիթ.- Ակտիվ ժամանց ունեցող երիտասարդի համար, ինչ խոսք, մի փոքր դժվար է, բայց զբաղմունք միշտ էլ կարելի է գտնել: Նախընտրում եմ ինքնակրթությամբ զբաղվել, ժամանակակից գրողների՝ նոբելյան մրցանակակիրների գրքերն ընթերցել, երրբեմն էլ ընտանիքիս հետ բնության գրկում հանգստանալ: Ինչպես ասել է անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելը՝ ազատ ժամանակը խելացի ձևով տնօրինելու կարողությունը անձնական կուլտուրայի բարձրագույն աստիճանն է: Այնպես որ, տագնապելու փոխարեն ավելի լավ է սովորենք ճիշտ  և արդյունավետ օգտագործել մեր ժամանակը:

Մարիա.- Ստեղծված իրավիճակում տանը մնալն անհրաժեշտ պայման է, ինչը չի նշանակում, սակայն,  ինքնամեկուսանալ ու  սահմանափակվել միայն ուտել-քնելով: Այն կարելի է դիտարկել որպես  նորը բացահայտելու, ժամանակը յուրովի օգտագործելու պատշաճ առիթ: Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ համաճարակը սահմանափակի մեր մտքի, հոգու և հավատքի  ազատությունը: Իմ ամեն օրը հագեցած է:  Սև դառր սուրճը ընթացք է տալիս հաճելի առօրյային. օնլայն դասընթացներ եմ ունենում, գիրք եմ ընթերցում,պատրաստում եմ նոր ուտեստներ...Երեկոյան ընտանիքով հավաքվում ենք կլոր սեղանի շուրջ ու կիսվում մանկության հիշողություններով: Եկեք լավատես լինենք, դիտարկենք ամբողջն այլ տեսանկյունից, վերաիմաստավորենք մեր արժեքները: Հաշվենք, որ այն պարգև է Աստծո կողմից՝ մեր հարազատների հետ ավելի շատ ու հաճելի ժամանակ  անցկացնելու համար: Պայծառ օրերը դեռ առջևում են: Աստված պահապան բոլորիս: