[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՆՐ, ԲԱՅՑ ԵՎ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՕՐԵՐՈՎ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Մայիսի 9-ին հայ ժողովուրդը Եռատոն է նշում. Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ, 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի տոն։ Այսօր պատմությունը երբեմն խեղաթյուրվում է, փորձ է արվում Հայրենական մեծ պատերազմը ներկայացնել որպես ռուս ժողովրդի պայքար՝ հիտլերյան Գերմանիայի դեմ։ Մինչդեռ այն նաև հայ ժողովրդի պատերազմն էր ոչ միայն որպես խորհրդային ժողովուրդ, այլ որպես մի ժողովուրդ, որն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ենթարկվելով Ցեղասպանության, հերթական անգամ կանգնել էր բնաջնջման ամենաիրական սպառնալիքի առջև։ Հայրենական պատերազմի հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի ունեցած նպաստը, թերևս, դրա լավագույն ապացույցներից է։ Պատերազմի հենց առաջին օրերից հայերն՝ այդ թվում նաև արցախցիները, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Խորհրդային Միության պաշտպանությանը։ Նրանց մեծ մասը չի վերադարձել պատերազմից... Ողջ մնացածները վերադարձել են փառքով և շարունակել հայրենաշեն գործունեությունը։

Տարիների հետ նոսրացել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների շարքերը, և այսօր, երբ նշում ենք Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը, մասնակիցներից  շատ քչերն են կենդանի։ Բայց երախտապարտ սերունդը պարտավոր է հիշել նրանցից յուրաքանչյուրին՝ անուն առ անուն...

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բերդաշենցի Մարո տատիկի մասին սրբությամբ ու մի առանձին հպարտությամբ է պատմում թոռը՝ Գրիգորի Առուստամյանը։ Ավաղ, տատը չհասցրեց տոնել Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը և կյանքին հրաժեշտ տվեց 93 տարեկան հասակում։ Ինքը՝ Գրիգորին, քաջածանոթ է տատիկի մարտական ուղուն՝ նրա պատմածներից, և որպես հայրենասիրական դաս ուզում է փոխանցել  մատաղ սերնդին...

Երբ սկսվեց Մեծ հայրենականը, Մարո Սարգսյանը սովորում էր Մարտունու շրջանի Բերդաշենի դպրոցի 9-րդ դասարանում։ Հայրը՝ հողագործ Գրիգոր Սարգսյանը, շատ էր փափագում, որ դուստրը ուսուցչուհի դառնա, բայց կյանքն այլ ճանապարհով տարավ նրան։ 1942թ. գերազանց գնահատականներով ավարտելով միջնակարգը, Մարոն, առանց երկմտելու, դիմեց զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ մեկնելու խնդրանքով։  Մինչ այդ ռազմաճակատ էր զորակոչվել եղբայրը՝ Ժորան, և աղջիկը մտածում էր, որ կգնա և այնտեղ կգտնի նրան։ Ի¯նչ իմանար միամիտ օրիորդը, որ ռազմաճակատ կոչվածը փոքր ու մոտ տարածք չէ, որ այնտեղ գիշեր ու զօր արկերի ու գնդակոծությունների տարափ է, ռմբակոծիչների ու տանկերի հռնդյուն... Եվ որտեղ ամեն օր ու ամեն ժամ մարդիկ են զոհվում...

Դիմումը չմերժեցին։ Սկզբում տարան Բաքու, մեկ ամիս մնաց Սալյանսկում, հետո՝ Մոզդոկ՝  հակաօդային ծառայություն։ Ժիր ու ճարպիկ աղջիկը կարճ ժամանակում կարողացավ տիրապետել մասնագիտությանը  և հաճախ էր արժանանում հրամկազմի գովեստներին։ Սառնամանիք էր, թե շոգ՝ նշանակություն չուներ, Մարոն միշտ կանգնած էր դիտակետում, պատրաստ կասեցնելու թշնամու օդային հարձակումները։ Առաջին մեդալը, որին արժանացավ, Կովկասի պաշտպանության համար էր։ Հետագայում դրան ավելացան նորերը, որոնք մինչ մահ հպարտորեն զարդարում էին նրա կուրծքը։ Մարտական ընկերները և, հատկապես, կրտսեր լեյտենանտ Լյուբա Սլավախոդովան, ով Մարոյի անմիջական հրամանատարն էր, նրան հայուհի-գեղեցկուհի էին անվանում։ Չնայած պատկառելի տարիքին՝ մինչև կյանքի վերջ Մարո տատիկը հիշում էր, թե ինչպես իր ծննդյան 18-րդ տարեդարձը նշեցին ռազմաճակատում՝ համեստ սեղանի շուրջ...

Ազատագրելով թշնամու կողմից օկուպացված քաղաքներն ու գյուղերը, խորհրդային բանակն օր-օրի առաջ էր ընթանում։ Ծանր ու դաժան շատ օրեր տեսավ։ Հիշում էր հատկապես մի դեպք, երբ ութ օր շարունակ գումարտակը գտնվում էր շրջափակման մեջ։ Թեժ մարտերից մեկի ժամանակ զոհվեց ընկերուհին՝ Լյուբան, ինչն անչափ դառնացրեց փխրուն աղջկա հոգին։ Ինքը՝ Մարոն, վիրավորվել էր ձեռքից, բայց մի քանի օրից կրկին մարտադաշտ վերադարձել։ Այդպես հասավ մինչև Չեխոսլովակիա։

Եկավ 1945-ի պանծալի մայիսը։Ամենուր հաղթանակ էին տոնում...

1945-ի հոկտեմբերին զորացրվեց։ Վերադարձավ հայրենիք ու այստեղ էր, որ լսեց եղբոր՝ Ժորայի անհետանալու մասին լուրը։ Հարազատները չգիտեին՝ երբ և որտեղ է զոհվել նա։ Մինչև 1944-ի սկիզբը  Ժորայից կանոնավոր կերպով նամակներ էին ստանում։ Հետո կտրուկ դադարեց գրելը...

<<Տատս պատմում էր. ուրախ էր, որ պատերազմն ավարտվել ու ողջ և առողջ տուն էր վերադարձել, բայց միաժամանակ տխուր էր եղբոր պատճառով։ Նա խնամքով պահպանել է եղբոր նամակները, որոնցից մեկում Ժորան ծնողներին գրել էր, թե Մարոյին լավ նայեցեք, չթողնեք, որ անտառ գնա՝ ցախ, միրգ հավաքելու։ Ի¯նչ իմանար եղբայրը, որ Մարոն ոչ թե անտառ, այլ ավելի վտանգավոր տեղ՝ ռազմաճակատ է գնացել>>,- ասում է Գրիգորին։

Հետո, որոշ ժամանակ անց, համագյուղացի Նորիկ Աբրահամյանը, վերադառնալով ռազմաճակատից, հայտնեց Սարգսյանների ընտանիքին, որ Ժորան զոհվել է իր կողքին։ Իսկ բոլորովին վերջերս էլ, յոթ տասնյակ տարի անց, Մարո տատիկի ընտանիքը նամակ ստացավ Ղրիմի մարզի Մայակ Սալինսկի քաղաքային իշխանություններից, որտեղ ասվում է, որ Ժորա Սարգսյանը զոհվել է 1944թ. հունվարի 28-ին՝ Ղրիմի համար մղված մարտերում և թաղված է Ղրիմի մարզի Կոլոնկա ավանում։ Նրա անուն-ազգանունը գրված է Կերչի հերոսների հիշատակին կանգնեցված մարմարե հուշաքարին։ Հարազատները, ինչպես Գրիգորին է հավաստիացնում, նպատակ ունեն հնարավորության դեպքում այցելել քեռու շիրիմին...

Երկու պատերազմ տեսած Մարո տատիկը, Շուշին ազատագրելուց հետո, մինչև կյանքի վերջ ապրեց հայոց հինավուրց Բերդաքաղաքում՝ միակ զավակի ու նրա ընտանիքի հետ։ Քառասուն տարի շարունակ աշխատել էր որպես գլխավոր հաշվապահ։ Ցավն ու վիշտը ուղեկցել են նրան նաև հետագայում, երբ կորցրեց 28 տարեկան աղջկան։ Մխիթարվում էր իր խելացի թոռներով ու ծոռներով։ Երբ նրան հարցնում էին, թե ո՞ր պատերազմն էր ավելի սարսափելի, առանց երկմտելու պատասխանում էր. <<Հայրենական մեծ պատերազմի ժամանակ երիտասարդ էի ու կարծես լավ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մի տեսակ վախի զգացում չունեի։ Արցախյան պատերազմն ինձ համար ավելի սարսափելի էր, քանզի այն անմիջապես մեր հողում էր, մեր երեխաների կողքին, և ամեն րոպե դողում էի նրանց կյանքի համար... Մշտապես աղոթում եմ, որ այլևս պատերազմ չլինի, որ մեր Արցախում հարատևի խաղաղությունը, և որ բոլոր երեխաները ծնողներ ունենան...>>։

Շնորհավո¯ր Եռատոնդ, Մարո տատիկ... Անցած ճանապարհդ չի մոռացվի, այն՝ որպես պատգամ, որպես հայրենասիրական դաս, դեռ կսերտեն գալիք սերունդները...