ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հարցազրույց ֆիզիկոս, հինգ գյուտի հեղինակ, նախկինում ՀՀ հատուկ գնդի շտաբի պետ, փոխգնդապետ, այժմ դասախոս, մանկավարժ Սամվել ԲԵԿԹԱՇՅԱՆԻ հետ:


 -Պարոն Բեկթաշյան, այս տարի մեծ ու կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, ինչը զարթնեցնող դեր խաղաց մեր ժողովրդի համար, և ապագան կառուցելու փնտրտուքների առաջ կանգնեցրեց: Կարևորվում է նոր արժեհամակարգի ամրապնդումը: Ըստ Ձեզ, ո՞րն է ապագան կառուցելու ճանապարհը:

-Ցանկացած երկրում կայունությունը բնութագրվում է մարդկային հարաբերությունների բնույթով: Այսօր մարդկային հարբերություններում ունենք  մեզ բնորոշ սիրո և ջերմության պակաս: Պատճառաբանվում է ժողովրդի սոցիալական անբարենպաստ վիճակը: Բայց դա չէ ամենագլխավորը: Մեր աչքի առաջ են անցյալ դարի 60-70-ականները, Ղարաբաղյան պատերազմի տարիները, երբ հացի խնդիրը գրեթե դեր չէր խաղում մարդկային հարաբերություններում. այնքա՛ն սեր, ջերմություն, անկեղծություն, հանդուրժողականություն, օգնության հասնելու ավյուն... Գաղափարական պատերազմը, անշուշտ, համախմբում է՝ բացահայտելով մարդկային լավագույն որակները, բայց մարդասիրությունը միշտ բնորոշ էր մեր ազգին: Քաղաքակիրթ աշխարհը կայուն վիճակը փոխկապակցում է տնտեսական շահի հետ, ինչն առաջ է բերում մարդակենտրոն գաղափարախոսությունը: Դա երբեք մեզ բնորոշ չէր, մենք ապրում էինք մեկս մյուսի խնդիրներով: Եթե դառնանք մեզ հասած պատմության ակունքներին՝ Հայկ Նահապետին, կտեսնենք, որ հաջողությունների գրավականը մեզ համար աստվածատուր արժեհամակարգի պահպանությունն էր: Դարեր շարունակ տարբեր ազգեր մեր վզին էին փաթաթում իրենց արժեհամակարգը, անգամ թվում էր,  նրանց հաջողվել է: Բայց հենց նեղ վիճակի մեջ էինք ընկնում, միանգամից ի հայտ էր գալիս գենետիկան՝ սկսում էինք ապրել մեր նախնիներին բնորոշ արժեհամակարգով և, ի զարմանս շատ-շատերի, հասնում էինք ցանկալի արդյունքների: Այդ արժեհամակարգը վերակենդանացավ Հիսուսի գալուստով, Նրա ուսմունքն այնքան հոգեհարազատ էր մեր ժողովրդին, որ այն դարձավ ապրելակերպ: Եվ առ այսօր Առաքելական դավանանքի սկզբունքները պահպանվել են միայն ՀԱԵ-ի, մասամբ՝ ղպտի ու եթովպիական համայնքների մոտ: Այդ գենետիկան զարթնեց նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մենք ապրում, շնչում էինք այդ աստվածատուր արժեհամակարգով: Հետպատերազմյան տարիներին տարբեր քաղտեխնոլոգիաներով, տնտեսական ճնշումներով, այլ դավանաբանական խմբեր մուտք գործելով արեցին ամեն ինչ, որպեսզի պառակտեն մեր միաբանությունը: Բայց 2016-ի ապրիլյան իրադարձությունները, թավշյա հեղափոխությունը ցույց տվեցին, որ վտանգավոր ու կարևոր պահերին ի հայտ են գալիս մեր արժեհամակարգին բնորոշ որակներ, և ունենում ենք աշխարհի համար անբացատրելի արդյունքներ: Եվ այդ բոլորի առանցքում սերն էր՝ սերը առ Հայրենիք, սերը առ ընտանիք, առ մերձավորիդ… Ինչպես ստացվեց, որ աննկարագրելի դաժան պայմաններում Նժդեհը կարողացավ պահպանել հայրենիքի այդ հանգուցային կարևոր մասնիկը` Լեռնահայաստանը: Նման անկեղծ սերը կօգնի յուրաքանչյուր քաղաքական գործչի գտնել ապագայի տեսլականի ճանապարհը: 

-Աշխարհի զարգացումը գնում է տղամարդու դերի նվաստացման ճանապարհով, ինչը հակասում է մեր արժեհամակարգին: Սակայն երիտասարդությունը կարծես թե կուլ է տալիս այդ խայծը: Ինչո՞վ են հղի նման զարգացումները:

-Արարչագործությամբ կենդանի աշխարհն օժտված է զույգությամբ, ամենն էլ ունի իր դերակատարությունը: Ըստ Աստվածաշնչի, կինն ստեղծվել է որպես տղամարդու օգնական: Փաստացի իրական կյանքի բեռը տանում է կինը: Կնոջ համար ներկան է շատ կարևոր, նա ապրում է օրվա հոգսերով, այսինքն՝ ներկայի բեռնակիրն է: Դա սարսափելի մեծ բեռ է: Տղամարդը դա չի պատկերացնում ու չէր էլ կարող դրանով ապրել: Նա ապրում է անցյալով, ապագայով, տիեզերքով… Կինն ամենօրյա այդ ծանր բեռը պատրաստ է տանել, եթե դա նկատվի տղամարդու կողմից, բարձրաձայնվի: Զույգության այդ դերաբաշխումը, որի խորհրդանիշն է մեր հրաշք հուշարձանը, ժողովրդական լեզվով ասած` ՙՏատիկ, պապիկը՚ քիչ ժողովուրդների մոտ է մնացել: Կինը խոնարհությամբ տիրուհի է, տղամարդը տիրաբար ծառա է: Մենք՝ հայերս, շարունակում ենք հետևել այդ շատ հետաքրքիր համակարգին: Հիմա երիտասարդության մասին: Ունենք հրաշք երիտասարդություն, որի շնորհիվ 2016-ի ապրիլին փրկվեցինք մի ահռելի վտանգից: Ի դեպ, նշեմ, որ մեծամասնությունը սոցիալական անապահով ընտանիքներից էր, որտեղ մարդկային հարաբերություններն են կայուն, այլ ոչ թե նյութեղենը: Դրա հետ մեկտեղ, անշուշտ, կան երիտասարդներ, որոնք տրվում են այդ ահռելի քարոզչամեքենային: Դա չի գիտակցվում իրենց կողմից: Դրան դիմակայելու ձևը կրթելն է սեփական արժեհամակարգի ներքո և ի ցույց դնելն  այդ քարոզչամեքենայի վտանգները:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ