comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՐ ՈՒԺԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՈՒԺԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

hamlet.jpgՍուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Տարին ամփոփելու ցանկությունը պատում է ամեն մի արվեստագետի, եթե սիրտը ցավում է այն ամենի համար, ինչ կատարվում է իր երկրում, եթե անտարբեր չէ, թե ինչպես կզարգանա երկրի մշակութային կյանքի այս կամ այն ոլորտը: Իմ զրուցակիցն է արձակագիր, հեռուստալրագրող Համլետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

- Զրույցն սկսենք տարին ամփոփելուց: Ի՞նչն էր, ըստ Ձեզ, հաջողված անցած տարվա մշակութային կյանքում, ինչը` ոչ: Մշակույթի ասպարեզում ո՞ր ոլորտում, Ձեր կարծիքով, կան ձեռքբերումներ կամ թերություններ, և ի՞նչ է պահանջվում` իրավիճակը շտկելու համար: Լինելով արվեստագետ, մշտապես լուսաբանելով երկրի մշակութային կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները, կարծում եմ, պետք որ ինքնատիպ և ճշմարիտ լինեք գնահատականներում:
- Առաջին հերթին հաջողություն է, որ տարին անցավ խաղաղության մեջ: Քաղաքական առումով (իսկ ես Արցախը չեմ առանձնացնում Հայաստանից) բավականին ՙթարմացրինք՚ մեր հեղինակությունը, աշխարհի տեսակետը մեր հանդեպ: Վերցնենք Ֆրանսիայում քննարկվող օրինագիծը` կապված Հայոց մեծ եղեռնի չընդունումը քրեականացնելու հետ (ի դեպ, այն Ֆրանսիայի Սենատի կողմից հունվարի 23-ին արդեն ընդունվել է. - Ս.Բ.): Երբ Սարկոզին Երևանում զգուշացնում էր` Թուրքիայի համար դա վատ հետևանքներ կունենա, եթե չճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատերը մտածում էին, որ պահի թելադրանքով ասված խոսքեր են:Բայց դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ նա իր խոսքի տերն է
Տարին հաջող էր սպորտի` շախմատի, ֆուտբոլի առումով: Մի խոսքով, աշխարհը սկսել է նորովի ուսումնասիրել, բացահայտել մեր երկիրը: Սրանք բարձունքներ են, որոնք տարվա ընթացքում մեզ հուշում են` մեր ուժը հավաքականության մեջ է: Երբ մենք միասին ենք, մեր առջև ոչ մի խնդիր չի կարող երկար ժամանակ ծառանալ. դրանք լուծելի են դառնում: Այս տեսանկյունից սիրում եմ Չարենցին նրա մարգարեության համար, նրա ՙՈվ հայ ժողովուրդ, քո միակ  փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՚ բանաձևումի համար:
Զուտ մշակույթի առումով ասեմ, որ տարվա ընթացքում հետաքրքիր իրադարձություններ են եղել` քանդակի միջազգային սիմպոզիումը, Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումները և այլն: Բայց թերություններն էլ քիչ չէին: Չգիտեմ ինչքանով է տեղին հիմա դրանց մասին խոսելը: Ասում եմ հուշելու կարգով, սրտացավությամբ: Ենթադրենք, միջոցառումներ են արվում, շատ միջոցառումներ: Անգամ Մշակույթի և երիտասարդության պալատի մուտքի մոտ յուրաքանչուր ամսվա միջոցառումների ժամանակացույցն է դրվում: Իհարկե, սա լավ ավանդույթ է: Սակայն այդ միջոցառումները մշակութային քաղաքականություն չեն կարող լինել. դրանք այդ քաղաքականության օժանդակ մասն են միայն: Օրինակ, ես չէի ուզենա, որ Արմեն Հակոբյան ժողովրդական նկարչի 70-ամյա հոբելյանը նշվեր ոտքի վրա, 15 րոպե տևողությամբ ու նրա ստեղծածի մի քանի  ցուցանմուշների ցուցադրմամբ: Մարդուն, եթե ժողովրդական նկարիչ է, պետք է մեծարել: Գիտակցենք, որ դրա կարիքն Արմեն Հակոբյանը չունի, եկող սերունդը պիտի իմանա, որ մենք ունենք այդպիսի քանդակագործ, այդպիսի արվեստագետ, և լա°վ իմանա: Արդյո՞ք այդ միջոցառումը բուն նպատակին ծառայեց: Սա է հարցը: Նմանապես կարող եմ ասել Գյուրջյանի 130-ամյակին նվիրված միջոցառման մասին: Երբևիցե չեմ տեսել, որ քանդակների լուսանկարների ցուցահանդես արվի. ոտքի վրա կանգնած մարդիկ նայում էին պատին պրոյեկտորով ցուցադրվող տեսաֆիլմը: Կարելի էր դա անել, բայց ոչ մեծանուն քանդակագործի 130-ամյակին նվիրված: Կարելի էր, չէ՞, ավելի ազդեցիկ, հիշվող այդ ամենը անել, որ տոնական միջոցառում դառնա հարիր նրա աշխարհահռչակ համբավին: Ցավալի էր...
- Մայրաքաղաքն ապրում է բավականին աշխույժ մշակութային կյանքով, ինչից կտրված են շրջաններն ու գյուղերը: Իրավիճակը շտկելու որոշ քայլեր նախարարության կողմից արվում են: Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը:
- Ասել եմ ու կրկնում եմ. բոլոր ուժերը սևեռել Ստեփանակերտի վրա` ճիշտ չէ: Գյուղում ապրող մարդու համար էլ մշակութային միջավայր պետք է ստեղծվի, որպեսզի նա, գյուղում ապրելով, ստանա այն մշակութային տեղեկատվությունը, այն գեղագիտական հաճույքը, որ ստանում է մայրաքաղաքում ապրողը: Սա է մշակութային քաղաքականությունը, որքան ես եմ հասկանում: Իսկ մշակութային քաղաքականություն ասելով` նկատի ունեմ շատ  խնդիրներ: Օրինակ, Երևանից ցանկացած երգիչ գալիս է Արցախ` համերգ տալու, և առանց ծանոթանալու  երգացանկին, նրան թույլ են տալիս ելույթ ունենալ, տալիս են կանաչ ճանապարհ: Բայց այդպես չի լինում: Պետք է, չէ՞, իմանալ, թե որքանով է այդ երգչի երգացանկը համապատասխանում մեր ընտրած այն ճանապարհին, որով մենք պետք է գնանք, որով պետք է դաստիարակվի մեր երիտասարդությունը: Մեզ պետք են երգեր, երգիչներ, որ մեր երիտասարդն ապրի, դաստիարակվի հայեցի, գեղագիտական ճաշակը զարգանա: Ուրեմն` պետք է, չասենք` խտրականություն, ոչ էլ ցենզ լինի, մի որոշակի սահմանագիծ, որից ներքև չպիտի թողնենք մարդը դուրս գա բեմ` լինի  դերասան թե երգիչ:
- Ո՞վ պիտի այդ սահմանագիծը որոշի:
- Մշակույթի նախարարության իրավասության տակ պետք է լինի մի խորհուրդ, այսպես ասենք, մտավոր կենտրոն, որը պետք է լուծի մեծ խնդիրներ:
- Որքան գիտեմ, ժամանակին կար նմանատիպ մի օղակ, բայց հետո վերացվեց, ուրեմն, իրեն չէր արդարացնում, իր նպատակին չէր ծառայում: Ի՞նչն էր պատճառը:
- Խնդիրը, կարծում եմ, այս էր: Եթե մշակույթի նախարարը խորհրդի կարծիքը հաշվի էր առնում, վերջինիս աշխատանքն իմաստավորվում էր:Բայց եթե գտնի, որ խորհուրդն ինչ էլ ասի, իր համար նշանակություն չունի, իհարկե, խորհրդի աշխատանքն անիմաստ է դառնում: Բայց միայն նման մտավոր կենտրոնի շնորհիվ է հնարավոր մշակութային խնդիրները ճիշտ լուծել: Ի վերջո, մի նախարարը չի կարող ինքը որոշել` այս նկարիչը, գրողը, երաժիշտը լավն է՞, թե՞ վատը:Ո՞վ է որոշում, արժանի՞ է նրան տանել Նախագահի մոտ` ծանոթացնելու, ներկայացնելու: Ո՞ր միջոցառումն է արժանի, որ Նախագահը ներկայանա:
- Չե՞ք կարծում, որ այստեղ էլ կա խնդիր. ո՞վ է որոշում, որ այս կամ այն արվեստագետն արժանի է դառնալ այդ խորհրդի անդամ, ո՞վ է որոշում արվեստագետի պրոֆեսիոնալիզմի մակարդակը:
- Խորհուրդ ասելով` նկատի ունեմ մեր մայրաքաղաքում ստեղծագործող մտավորականներին` մասնագետների սերուցքը: Այսօրվա դրությամբ, Վարդան Հակոբյանը ի վիճակի չէ՞ ներկայացնելու գրականության ասպարեզը կամ` Սամվել Գաբրիելյանը, Առնորդ Մելիքսեթյանը, Ռոբերտ Ասկարյանը` գեղարվեստի ասպարեզը, Սիմոն Սարգսյանը` երաժշտության: Եթե նրանցից ոչ մեկը չկա այդ խորհրդում, հարց է առաջանում` ո՞վ պետք է որոշի, թե անծանոթ նկարչի, երաժշտի ստեղծագործությունը արժանի՞ է ճանաչման, հարգանքի, թե՞ ոչ:
- Վերջին տարիներին կարևոր խնդիրներ են լուծվում մշակույթի ասպարեզում. գյուղերում արվեստի դպրոցներ բացելը, գյուղական միջավայրում մշակութային կյանքն աշխուժացնելը, ազգային արժեքների վերակենդանացումը... Ինչպե՞ս եք գնահատում ռազմավարական այս խնդիրների լուծումը:
- Համաձայն եմ, դրական շատ քայլեր են արվում: Բայց էլի պետք է նկատեմ.  քաղաքում կան գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մի քանի հաստատություններ, որոնց գործունեության մեջ աշխատանքի բաշխումը ճիշտ չի արվում: Ասենք, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը պիտի զբաղվի այն առարկաների դասավանդմամբ, որոնք չկան արվեստի, երաժշտական դպրոցներում, պարի քոլեջում: Նպատակը ո՞րն է` բոլոր այդ հաստատություններում նույն մասնագիտությամբ զբաղվելը: Կամ, պատկերասրահի տնօրեն է նշանակվում ասպարեզից բացարձակապես հեռու մի մարդ, սակայն իրավասու` ցուցահանդեսներ բացել, փակել, չհասկանալով` արժե՞, թե չարժե: Թվում է` պատկերասրահն աշխատում է, բայց մեծամասամբ դուռը փակ է: Չեմ հիշում, որ որևիցե անգամ մտնեմ Հայաստանի ազգային պատկերասրահ, և աշխատակիցներն զբաղված լինեն թեյ, սուրճ խմելով, էլ չեմ խոսում քաղաքակիրթ երկրներում թանգարանների, պատկերասրահների դրվածքի մասին: Հաճախորդը ներս մտնելուց անմիջապես պետք է վեր կենաս տեղիցդ, դիմավորես,  ուղեկցես,  բացատրես (անգամ մեր խանութներում է արդեն այդպես, բայց, ավաղ, ոչ պատկերասրահում): Այս մոտեցումը պիտի լինի նաև մշակույթում: Եվ մարդուն գնահատեն ոչ թե՞ բարեկամական, ընկերական կապերով, այլ նրա պրոֆեսիոնալիզմով: Այսինքն` ամեն ասպարեզում պետք է աշխատի ոլորտից քաջատեղյակ մասնագետը:
- Ի՞նչ կասեիք թատրոնի մասին: Կարծում եմ, տեղյակ եք` ինչ քայլեր են ձեռնակվում նախարարության կողմից` իրավիճակը բարելավելու, թատերական կյանքն աշխուժացնելու նպատակով: Արդյո՞ք կփոխվի իրավիճակը:
- Թատրոնն այսօր այնպիսի վիճակում է, որ նման դեպքում մարդիկ ասում են` ոչ պահելու է, ոչ` թաղելու: Ճիշտն ասած, սպասելիք չունեմ այս ասպարեզում, քանի որ իրավիճակն իրոք տխուր է:Շուշիում օդը լավն է առողջության համար, բայց ոչ արվեստագետ դառնալու: Այո, մենք բոլորս սիրում ենք այդ քաղաքը, հպարտանում  նրա անցյալով, բայց այսօր Շուշիում չկա միջավայր, որը կդաստիարակի արվեստի գիտակ, արվեստին նվիրյալ մարդ: Կարծում եմ, պետք չէ կտրել մեր շնորհալի երիտասարդներին Երևանից, թատերական ավանդույթներով հարուստ մի քաղաքից: Սակայն մի պայմանով. եթե երիտասարդը չի վերադառնում, պետք է նրանից հետ վերցնել ամբողջ այն գումարը, որը ծախսվել է նրա ուսման համար:
- Նոր տարում շատ քայլեր են ձեռնարկվելու Շուշիի մշակութային կյանքն  աշխուժացնելու նպատակով. Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տեղափոխումը, թատրոնի բացումը, ազգային թանգարանի և ժամանակակից արվեստի պատկերասրահը և այլն: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք,  նպատակին կծառայեն բոլոր այդ քայլերը:
- Դա քաղաքականություն է: Ես չեմ խառնվում, քանի որ դրանից բան չեմ հասկանում: Պարզապես ասեմ. եթե ուզում ենք, որ Շուշին լինի այն, որ եղել է, այսինքն` մեր մշակութային կենտրոնը, նախ և առաջ, պետք է Շուշիում ապրող մարդկանց կենսամակարդակը բարձրացնել: Միայն նախարարություն տանելով, պատկերասրահ բացելով ինչպե՞ս հասնել նպատակին, եթե պատկերասրահն այցելու չունի: Այսօր Շուշիում հիմնականում ամենաանապահով, թող ինձ ներեն, որ այդպես եմ ասում, ամենացածր խավն է ապրում: Նրան պատկերասրահ պետք չէ, նրան պետք է, որ կենսական հարցեր լուծվեն: Եվ բացի այն, որ այդ խավի կենցաղը պետք է բարելավվի, նաև մտավորականություն պետք է լինի և ուժ ներկայացնի իրենից, որ ծաղկի քաղաքը: Շուշիում պետք է ապրի մեր մտավորականության էլիտան: Իսկ այսօր այնտեղ ապրող (նկատեմ, սակավաթիվ) մարդկանց կեսից ավելին պարզապես աշխատանք չունի: Հարց է առաջանում, ո՞ւմ համար է այդքանն արվում: Ուրեմն, սոցիալական, բնակարանային հարցերն առաջին հերթին պետք է լուծվեն: