comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՎԵՍՏԻ ՀԱՆԴԵՊ` ՍԻՐՈՎ ՈՒ ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԵՍՏԻ ՀԱՆԴԵՊ` ՍԻՐՈՎ ՈՒ ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔՈՎ

DSC_3664.JPGՆվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Հունվարի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում բացվեց Ռաֆայել Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նկարչի հոբելյանի առթիվ կազմակերպել էին ԼՂՀ նկարիչների միությունը, Մշակույթի և երիտասարդության պալատը, ՙՈգի Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնը:

 

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր Ռ. Պետրոսյանի թվով 56 աշխատանք, բազմամարդ էր, որը վկայությունն է Պետրոսյան քաղաքացու և ստեղծագործողի հանդեպ հետաքրքրության, հարգանքի:DSC_9001.JPG
Ռաֆայել Պետրոսյանը ծնվել է Ստեփանակերտում, ավարտել է քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Համակարգված մասնագիտական կրթություն չի ստացել: 1972-1974 թթ. սովորել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի նորաձևության բաժնում: Հիվանդ մորը խնամելու պատճառով չկարողացավ Երևանում ուսումը  շարունակել և վերադարձավ հայրենի քաղաք: 1980-1983 թթ. հեռակա սովորել է Մոսկվայի ժողովրդական համալսարանի հաստոցային գրաֆիկայի և գեղանկարչության բաժնում: Աշխատել է Վ. Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես նկարիչ, միջնակարգ դպրոցներում` կերպարվեստի ուսուցիչ և խմբակավար: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, աշխատանքներ ունի ԱՄՆ¬ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իրանի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների պետական և մասնավոր հավաքածուներում:
Արցախյան պատերազմի տարիներին որոշ նկարիչներ համատեղել են վրձինն ու զենքը, մասնակցել բանակաշինության գործին: Ռ. Պետրոսյանը 1992-ին անդամագրվել է ՙԿայծ՚ կամավորական ջոկատին:  Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջակայքում մղված մարտերում Ռաֆայելը վիրավորվել է: Այժմ աշխատում է Մշակույթի և երիտասարդության պալատում` որպես նկարիչ:
Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց ԼՂՀ նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը: Նա նշեց, որ  նկարիչն ունի իր ուրույն մտածողությունը, կյանքի և արվեստի նկատմամբ իր փիլիսոփայական մոտեցումը: Մասնավորապես շեշտվեց  ՙՈգի Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնի հետ նկարչի ունեցած համագործակցությունը, որը բավականին դրական լիցքեր է հաղորդել նրա ստեղծագործությանը, ներշնչանքի աղբյուր դարձել` ստեղծելու հետաքրքիր կոլաժներ, գեղանկարչական կտավներ: ՙԳեղարվեստի հանդեպ` ակնածանքով՚,¬ Ռ. Պետրոսյանին դիպուկ բնութագրել է բանաստեղծ, ՙԳեղarm՚ հանդեսի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանը:
DSC_3667.JPGՆկարիչ Լավրենտ Ղալայանը և բանաստեղծ Ռոբերտ Եսայանն իրենց խոսքում ընդգծեցին նկարչի գործերի արցախյան կոլորիտը: Նրա ստեղծագործությունը նման է իր ապրած կյանքին` դժվարին, երես չառած, ժլատ գույներով, փնտրտուքներով, լի սիրով ու  գուրգուրանքով դեպի կյանքը, նվիրումով դեպի արվեստը, օջախը, հայրենիքը, համեստ որպես քաղաքացի, արվեստում` առանց մեծ հավակնությունների:
ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի  ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն ընդգծեց ազգային ոգին, որ առկա է ցուցահանդեսի հեղինակի ստեղծագործական ձեռագրում. ՙԺանրային առումով խառն, բայց որոշակի հմայք պարունակող գործեր են: Գործերից շատերն ունեն նախապատմություն: Նկարիչը տարիների ընթացքում առաջընթաց է ունեցել կոմպոզիցիաների և գույների կազմակերպվածության առումով:
Ցուցահանդեսի այցելուները  հետաքրքրությամբ էին դիտում նկարչի կոլաժները: Ուժեղ տպավորություն է թողնում ՙԵվ քանի դեռ չի հայտնվել կրակողը, Գայլը պաշտում  է գազանությունն իր՚ բանաստեղծական տողերով գործը: ՙԼվացք՚ երգիծական նկարաշարում արտահայտված է նկարչի ստեղծագործական հավատամքը: Նկարչի որոշ գործեր սխեմատիկ են, պլակատային, պարզունակ, դիմանկարի ժանրում ի հայտ է գալիս  ստեղծագործական  ձեռագրի ՙթուլությունը՚:
Գեղանկարչական ցուցահանդեսը առիթ ծառայեց նաև ՙՊատկերներ և խոհեր՚ գրքույկի  շնորհանդեսին, որի հեղինակը սկսնակ բանաստեղծուհի Նարինե Վերդյանն է: Գրքույկի մեջ տեղ են գտել հեղինակի  բանաստեղծությունները և հոբելյարի կտավների վերլուծություններ:
Տեղեկացնենք, որ Ռ.Պետրոսյանը շուտով ավարտին կհասցնի ՙՈգի Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնի  հետ համատեղ արված մի նախագիծ` ՙԲանազավրի օթյակը՚ խորագրով, որը  նույնպես պոեզիայի և կերպարվեստի փոխթափանցումն է: