comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՐՏԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՐՏԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, օրը ցերեկով, հույն մեծագույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացին՝ վառվող լապտերը ձեռքին, շրջում էր Աթենքի փողոցներով։  

Երբ հարցնում էին այդ տարօրինակ վարմունքի պատճառը, պատասխանում էր, թե մարդ է որոնում։ Այստեղից էլ թևավոր խոսք է դառել ՙԴիոգենեսի լապտերը՚ բառակապակցությունը։ 

Եվ այսօր էլ՝ հազարավոր տարիներ հետո, երբ աշխարհում տեղի են ունեցել աստիճանական, որակական բարեշրջություններ (էվոլյուցիա), Արցախում տնետուն, դիոգենեսյան մտահոգությամբ, բայց տարբեր նպատակով, շրջում է ճշմարտասեր այր մի՝ Երվանդ Աբրահամյան։ Նա չի շրջում լապտերով, այլ իր երկնած գրքերով...

Բացառիկ ճշմարտասեր այս մարդը՝ Երվանդ Աբրահամյանը, ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում, 1933-ին։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է գյուղի միջնակարգը, նույն հաջողությամբ էլ՝ Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրարային ֆակուլտետը։ Ստանալով գյուղատնտեսի մասնագիտություն՝ գալիս ու աշխատանքի է անցնում Մեծ Թաղերի կոլտնտեսությունում։ 

Երազանքներով ու խոհերով համակված երիտասարդ հացագործը սկսում է հողից հաց քամել։ Մի՞թե  աշխարհում կա դրանից սուրբ ու պատվաբեր աշխատանք։ Մարդու կենսապահովման միջոցը հանապազօրյա հացն է։ Որպեսզի ցանկացած պահի բոլորն էլ կարողանան հաց արտադրել, սկսեցին դպրոցը կապել արտադրության հետ։ Ու արդեն անվանի հացագործի, բարձր բերքի վարպետի բարի համբավ վայելած Երվանդ Աբրահամյանին նշանակեցին Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի ուսմասվար (1963-67թթ.)։ Իսկ երբ կոլտնտեսությունը վերածվեց սերմնաբուծական սովխոզի, 1969-ին նրան  նշանակեցին գլխավոր գյուղատնտես։  Մինչև 1992թ. նա ստեղծեց ցորենի, գարու և տարբեր մշակաբույսերի բարձր բերքատու սերմեր, որոնք էկոլոգիապես անաղարտ էին  և համաչափ աճում էին մեր երկրամասի տարածքներում։ 1992-ից բարձրակարգ մասնագետն անցավ վաստակած հանգստի։

Ի՞նչ հանգիստ կարող էր լինել ազգանվեր, անհանգիստ հոգեվիճակ ունեցող մարդու համար, երբ 88-ից սկսած Հայաստանի ու Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատված էր սկսվել։ Ղարաբաղյան շարժում, սումգայիթյան դեպքեր, փախստականների ներգաղթ, ավերիչ երկրաշարժ, ծանր պատերազմ։  Չնայած տարիքին, ամբողջ ժամանակն անց էր կացնում գյուղի ինքնապաշտպանական ուժերի շտաբում, գիշերները մասնակցում գյուղի շրջակայքում իրականացվող շրջայցերին, շատ դեպքերում էլ ինքնաձիգը ձեռքին կանգնում հերթապահողների մոտ։ Նրա երկու զավակները՝ գեղանկարիչ Ռոբերտը  և կրտսեր որդին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող Ռուդիկը, երդվյալ ազատամարտիկներ էին։  Օրհասական անհավասար մարտում զոհվեց Երվանդի 23-ամյա  որդին՝ Ռուդիկը։

Ծերունազարդ Երվանդ Աբրահամյանը երկարատև, տքնաջան աշխատանքի շնորհիվ սեղանին է դրել  հետևյալ չորս հատորները՝ ՙՀողի մշակին՚-2003թ., ՙՄեծ Թաղեր՚-2009թ., ՙԱրցախյան դեղաբույսերը՚-2011թ. և ՙՄենք և մեր բնաշխարհը՚-2012թ. եռագրությունը, որի համահեղինակն է անվանի գյուղատնտես, նրա  կին Նինա Աբրահամյանը։ 

Ամենալայն առումով և ընդգրկումով աչքի է ընկնում ՙՄեծ Թաղերը՚, որի  էջերն աչքի են ընկնում  բարոյագիտական, հոգեբանական,  խոհափլիսոփայական, կրոնական, պատմական, ազգագրական ձգտումներով ու հետաքրքրություններով։  Երվանդ և Նինա Աբրահամյանների հեղինակած գրքերը հասուն մտքերի արգասիք են, հարուստ, կայծկլտուն՝ իրենց ուրույն խորհրդածություններով։ 

Հեղինակների լեզուն պերճախոս է։ Բնականաբար, յուրաքանչյուր գրքի լույս աշխարհ գալը կապված է  անքուն գիշերների, տառապանքների, և, իհարկե, դրամական միջոցների հետ։ Մեծթաղերաբնակ տաղանդավոր թոշակառուներն այսպիսի նվիրատվությամբ են օգնում իրենց հայրենակիցներին և համագյուղացիներին։ Սա է նրանց ՙբիզնեսը՚, որն էլ նրանց  վեհություն ու տիեզերական գոհություն է պարգևում։ Իսկ ապրուստի միջոցները սովորական մտավորականի թոշակն է և բանջարանոցից ստացած բերքն ու բարիքը, որ փոխհատուցվում է արդար քրտինքով։ 

Համոզված ենք՝ սերունդները երախտագիտությամբ պիտի հիշեն նրանց, հպարտանան և ընդօրինակեն մի շարք հարցերում։

Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ