comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՌԱԴԻՈՍՊՈՐՏԸ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ԱՐԴԻԱԿԱՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՌԱԴԻՈՍՊՈՐՏԸ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ԱՐԴԻԱԿԱՆ՚

Օրերս, ինչպես  արդեն իրազեկել ենք, տեղի ունեցավ ԼՂՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի  ստեղծմանը նվիրված միջոցառում։

 Ներկայացնում ենք  հարցազրույց  ֆեդերացիայի նախագահ Արամ ԵՍԱՅԱՆԻ և ռադիոսպորտի սիրահար Արսեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Եսայան, ինչպե՞ս ծնվեց ռադիոսպորտի ֆեդերացիայի բացման գաղափարը:

-1975 թվականից աշխատում եմ այս ոլորտում: 18 տարի եղել եմ Մարտունու պատանի տեխնիկների կայանի տնօրենը: Ղարաբաղում առաջին սիրողական ռադիոկայանը բացվեց Մարտունում, իհարկե, ոչ առանց Ադրբեջանի իշխանությունների դիմադրության: Ի վերջո, ռադիոկայանը բացվեց, կապն  ստեղծեցինք և Ղարաբաղը հասու դարձրինք շատ երկրների համար: Արցախյան պատերազմի օրերին ռմբակոծության հետևանքով պատանի տեխնիկների կայանը փլվեց, ու այդպես ընդհատվեցին սիրողական ռադիոյի պարապմունքները: Անշուշտ, բոլորս հիշում ենք, թե ռադիոկապը որքան մեծ դերակատարություն ունեցավ Արցախյան պատերազմի ժամանակ: Ի դեպ, ռադիոկապին տիրապետողները հիմնականում մեզ մոտ ուսում առած սաներն էին, որոնք իրենց լուրջ ներդրումն ունեցան թե՜ զինծառայողների ուսուցման,  և թե՜ ռադիոկապը զարգացնելու գործում: Այս բոլոր տարիներին ձգտել ենք վերաբացել նմանատիպ մի կառույց: Ի վերջո, ԼՂՀ հանրային ծառայություններն  ու  տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողովների նախաձեռնությամբ ստեղծվեց ԼՂՀ ռադիոսպորտի ֆեդերացիան: Հատկանշեմ, որ ռադիոկապը կախված չէ էլեկտրաէներգիայից, ինչը մեծ առավելություն է հոսանքի բացակայության ժամանակ: Որպես խոսուն օրինակ կարելի է բերել Սպիտակի երկրաշարժի օրը, երբ խափանվեց բոլոր կապի միջոցների աշխատանքը, և ողջ աշխարհն  այդ արհավիրքի մասին տեղեկացավ սիրողական ռադիոկայանից ուղարկված SOS ազդանշանի միջոցով: Ռադիոսպորտը երբեք  չի կորցնի  արդիականությունը և կապի զարգացման գործընթացներում կունենա իր ուրույն տեղը:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում ռադիոսպորտը:

- Դա ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձև է, կապի հուսալի միջոց, սպորտի տեխնիկական ձև, որի միջոցով զարգանում են մարդու ֆիզիկական ու մտավոր կարողությունները: Ռադիոսպորտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մրցակիցներն իրար չեն տեսնում: Հեռակա կարգով աշխարհի բոլոր երկրների հետ նրանք կապ են պաշտպանում: Յուրաքանչյուրն ունի գրանցված ազդանշան, ու դրանով տարբերում են միմյանցից: Մրցակցությունն անցնում է հետևյալ պայմաններով. սահմանվում է որոշակի ժամկետ, որի ընթացքում մրցակիցները պետք է հնարավորինս շատ կապեր հաստատեն տարբեր երկրների, տարածքների հետ:

- Օրակարգային է հետևորդների խնդրի լուծումը:

-Համոզված ենք, որ ֆեդերացիայի բացումը կնպաստի նաև խնդրի լուծմանը, քանի որ ֆեդերացիային կից կգործի ռադիոակումբ: Արդեն ունենք կոլեկտիվ ռադիոկայան, որի միջոցով ռադիոսիրողները կարող են մտնել եթեր: Անհրաժեշտ կահավորումը մոտ օրերս կկատարվի ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից: Կգնանք դպրոցներ, ուսումնական այլ հաստատություններ, կպատմենք այս յուրահատուկ սպորտաձևի մասին և, իհարկե,  մեզ  միանալ ցանկացողներ կլինեն: Ռադիոակումբը սկսնակներին հնարավորություն կտա եթերում սովորել ընդունիչ-հաղորդիչ ռադիոկայանով աշխատելը: Երիտասարդները կարող են պատրաստվել և սովորել ռադիոկապի ձևերը, աշխատել եթերում, դառնալ ռադիոկապի մասնագետներ, ինչը կօգնի նաև մասնագիտություն ընտրելու հարցում:

Հարցեր ուղղեցինք նաև ռադիոսպորտի սիրահար 

Արսեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ 

-Ե՞րբ սկսեցիք զբաղվել ռադիոսպորտով:

- Պետք է ասեմ, որ սկզբից զբաղվել եմ ռադիոտեխնիկայով, որի նկատմամբ իմ մեջ սեր է սերմանել սիրելի ուսուցիչ Գարիկ Կասպարովը, ով հայտնի էր իր սարքած քայլող ռոբոտով և բազում այլ տեխնիկական գյուտերով: Հետո հետաքրքրվեցի ռադիոսպորտով, որով զբաղվելու համար անհրաժեշտ էր կոլեկտիվ ռադիոկայան, որի միակ օրինակը ԼՂԻՄ-ում գտնվում էր Մարտունում, և մի քանի ռադիոսիրողների հետ միասին Ստեփանակերտից գնում-հասնում էի Մարտունի, խորացնում գիտելիքներս Արամ Եսայանի մոտ: Ինձ օգնեցին ձեռք բերել ռադիոկայան, որի շնորհիվ  դարձա ռադիոսիրող, ունեցա սեփական ազդանշանը։  Սիրողական այդ  սպորտաձևով  զբաղվել  չհասցրի` սկսվեց Արցախյան պատերազմը:

-Ձեր այդ գիտելիքները կարողացա՞ք կիրառել պատերազմում` ի նպաստ մեր գործի:

-Անշուշտ: Ինչպես գիտեք, պատերազմի սկզբնական փուլում ոչ մի կապ չէր գործում: Լայնամասշտաբ պատերազմը թելադրեց իր կանոնները, և սկսվեց կապի բաժինների ստեղծումը: Այդ ժամանակից սկսեցի աշխատել որպես կապավոր: Զինվորական կապի մասնագետներ գրեթե չկային, և ես սովորեցնում էի ընկերներիս՝ տիրապետել այդ տեխնիկային: Վերանորոգում էի ռացիաները, կապի այլ սարքավորումներ։  Օգտագործելով հմտություններս, կարողացել եմ խափանել հակառակորդի կապը: Արդյունավետ ու տեսանելի էր հատկապես, երբ վերածածկում էի թշնամու հրետանու կրակի ճշտորդ   կապը:

-Պատերազմից հետո փորձե՞լ  եք համապատասխան խմբակներ բացել:

-Խմբակներ բացել եմ և՜ Շուշիի, և՜ Ստեփանակերտի դպրոցներում, բայց ժամերն այնքան քիչ էին, համապատասխանաբար և` աշխատավարձը: Ստիպված հրաժարվեցի այդ գործից: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ազատամարտիկների միության հովանավորությամբ ստեղծվեց կամավոր գումարտակ, որին զինվորագրվեցի: Այժմ այդ գումարտակի համար հավաքում եմ կապի մեքենա (հրամանատարական կետ), որն առաջնագծում կապահովի ցանկացած  տեսակի կապ, կլիցքավորի մարտկոցները, ջերմավիզորները (ջերմադիտարկման սարքավորումները): Գործն ավարտին է մոտենում, և երբ կգա հանձնման պահը, հրամանատարական կազմը կտեսնի այդ կապի մեքենայի հնարավորությունները, կիրառման բազմազանությունը, ես կառաջարկեմ նման մի մեքենա էլ հավաքել բանակի համար, ինչպես և կշեշտեմ խմբակներ բացելու կարևորությունը, որպեսզի  վաղն ունենանք հմուտ մասնագետներ: Համոզված եմ, հարցը կլուծվի լավագույն ձևով:

-Իսկ ռադիոսպորտի ֆեդերացիան իր նպաստը չի՞ բերի այդ գործին:

-Իհարկե, ֆեդերացիան կօգնի մի շարք հարցերում, այդ թվում և` նշված: Բայց այն մեծ դերակատարություն կունենա, երբ ռադիոսիրողին պետք լինի գրանցվել Ռադիոսիրողների միջազգային կառույցում` ձեռք բերելով անձնական ազդանշան:

-Դուք ունե՞ք անձնական ազդանշան:

-Այո: Ես և մի քանի ռադիոսիրողներ մեծ ջանքեր գործադրեցինք և 2001թ. անձնական ազդանշանով գրանցվեցինք Սիրողական ռադիոյի միջազգային միությունում (IARU), որը թույլ է տալիս կապ հաստատել աշխարհի հետ, անգամ` տիեզերագնացների: Դա նաև միջոց է` ճանաչելի դարձնելու Արցախը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ