comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ...՚

Hajuhi.jpgՍիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ընթերցողի սեղանին է ՙՀայուհիներ՚ հանրագիտարանի երկհատորյակը (ՙԱմարաս՚ հրատարակչություն),   որը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՙՓյունիկ՚ և ՙԼույս՚ հիմնադրամների հովանավորությամբ:Գրքի յուրաքանչյուր բաժին ունի իր նախաբանը, որտեղ հեղինակները գովաբանում են հայ կնոջ վեհությունն ու  անձնազոհությունը` նրան կանգնեցնելով փառքի ամենաբարձր պատվանդանին:

ԵՊՀ Հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պատմական  գիտությունների  դոկտոր Լևոն Սարգսյանի գնահատմամբ` պատմության քառուղիներում հայոց  թագուհիներն աջակցել են իրենց ամուսիններին, մասնակցել երկրի կառավարման, բարգավաճման ու պաշտպանության գործին:Հայոց թագուհիներից շատերը ոչ թե  ականակուռ գահավորակներին բազմած ըմբոշխնել են կյանքի վայելքները, այլ իրենց դրսևորել են որպես մեծ հայրենասերներ, փայլել իրենց ողջախոհությամբ ու իմաստությամբ, իրենց ուսերին կրել հայոց տերության ու հայ ժողովրդի հոգսերը:
Միջնադարյան բազում հայուհիներ դարձել են Հայաստանի հարևան քրիստոնյա  տերությունների, արաբական երկրների թագուհիներ ու իշխանուհիներ, իսկ նրանցից տասը`  Բյուզանդիայի կայսրուհիներ:
Բոլոր ժամանակներում հայուհիներն արարչագործության ու ողջախոհության պակաս չեն  զգացել:Պատահական չէ, որ հայոց  ողջախոհության աստվածը կին է` Նանեն:
Հանուն կյանքի և ո°չ  մահվան պայքարի քառուղիներում, հայոց այրերի զորական  տաղանդին նեցուկ, ուսն ի ուս կանգնել, գոյության նժարին իրենց զորակցությունն ու կյանքն են դրել ՙտիկնայք փափկասունք հայոց աշխարհի՚, դշխոներից մինչև հասարակ ռամկուհին. Աշխեններն  ու Փառանձեմները,  Խոսրովիդուխտներն ու  Այծեմնիկները, Սասնա ծռերի Ծովինարն ու Նանը, Կիլիկիո վերջին` Հեթում սպարապետի քույր, զորահրամանատար  Զարմանուհին ու Սոսե Մայրիկը... Գիտակցելով հայ կնոջ  հերոսության անչափելի արժեքը և իրական չափը մեր պատմության ողջ ընթացքում`  գրատպության գործի գիտակ, ՙԱմարաս՚ հրատարակչության հիմնադիր Արկադի  Ասրյանը հանձն է առել անմահացնելու այն կանանց, ովքեր արարել են վեհը, բարին, հավերժը:
Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս  Զորի Բալայանի վկայությամբ` Ա. Ասրյանը և իր ստեղծած հրատարակչական խորհուրդը տարիներ շարունակ, որպես հմուտ հետազոտողներ, արխիվներից, գրքերից, ինտերնետային  կայքերից, հեռախոսով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով կապ են հաստատել աշխարհի  տարբեր երկրներում բնակվող կանանց հետ, նյութեր հավաքել նրանց մասին,  ովքեր փառավորել են իրենց հայրենիքը, անջնջելի հետք  թողել տարբեր  բնագավառներում և տարբեր երկրներում:Բժշկություն և գիտություն, գրականություն և  թատրոն (կինո, կրկես), երաժշտական աշխարհ և պարարվեստ, նկարչություն, ազգային-ազատագրական շարժում, պետական, հասարակական գործունեություն և  բարեգործություն:Անգամ դիցուհիներ, թագուհիներ, իշխանուհիներ, սրբեր:Գրքում տեղ են գտել գիտության դոկտորների,  ժողովրդական և վաստակավոր  արտիստների,  օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների, ինչպես նաև այն բոլոր նշանավոր հայուհիների կենսագրականները, ովքեր իրենց ներդրումն  են ունեցել ՀՀ և ԼՂՀ պետականակերտման ճանապարհին:Իր յուրօրինակ և զարմանալի աշխատությունն ստեղծելիս Ասրյանի համար, ինչպես բազմիցս ինքն է խոստովանել, գրքի բոլոր հերոսուհիները մահկանացու դիցուհիներ են, իսկ դիցուհիները` անմահ կանայք:
Այդ անմահ կանանց կենսագրության արժեքավոր տեղեկություններից  առանձնացնենք  միայն մեկը... Դիվանագետ, գրող, հրապարակախոս Աբգար Դիանան (Աղաբեկյան  Անահիտ Հովհաննեսի), Անգլիայում կրթություն ստանալով, տիրապետել է մի քանի  լեզուների (հայերեն, անգլերեն, հինդի և ճապոներեն):Նա հեղինակել է բազմաթիվ  աշխատություններ, գրել է նաև բանաստեղծություններ Հայաստանի մասին:
Նամակագրական կապեր է ունեցել շատերի, այդ թվում` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հետ:
1918թ. Դիանա Աբգարի ջանքերի շնորհիվ Ճապոնիան առաջինն է ճանաչել Հայաստանի  Հանրապետությունը, իսկ ինքը դարձել է Հայաստանի դեսպանն այդ երկրում:
1919թ. մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած` Սիբիրի և Հեռավոր Արևելքի հայերի համաժողովին:
1920թ. հուլիսի 21-ին նշանակվել է Հեռավոր Արևելքում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս` դառնալով առաջին կին դիվանագետն  աշխարհում:
1926թ. ապրիլի  24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ն շնորհակալական կոնդակ է հղել մեծ հայուհուն` գնահատելով նրա  հայրենասիրական գործունեությունը:
Դիանա Աբգարը մահացել է 1937թ. հուլիսի 8-ին, Յոկոհամայում (Ճապոնիա):
ՙՀայուհիներ՚ հանրագիտարանը լույս է տեսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  աջակցությամբ և Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական  օրհնությամբ: