comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ` ՄԱՆԿԱՆԸ ՏԱՃԱՐԻՆ ԸՆԾԱՅԵԼՈՒ ՏՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ` ՄԱՆԿԱՆԸ ՏԱՃԱՐԻՆ ԸՆԾԱՅԵԼՈՒ ՏՈՆ

altՏեառնընդառաջը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է փետրվարի 14-ին: Օրվա խորհրդի շուրջ  մանրամասնություններն` ըստ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա ՄՈՎՍԻՍՅԱՆԻ:
-Տեր Մինաս, եկեղեցին միանշանակ օգտագործում է Տեառնընդառաջ անունը, ժողովուրդը` Տրնդեզ: Եկեղեցական և ժողովրդական տեսանկյունից այս երկու բառերի միջև որոշակի տարբերություն ենթադրվո՞ւմ է:
- Տեառնընդառաջն  պայծառ տոն է: Մեր ժողովուրդը մեծ խանդավառությամբ է սպասում այս տոնին, որպեսզի օրհնություն ստանա: Քրիստոսի  Սուրբ ծննդյան տոնից 40 օր հետո, ինչպես գիտենք Ավետարանից, ծնողները Հիսուս Մանկանը Բեթղեհեմից բերում են Երուսաղեմ` տաճարին ընծայելու, կատարելու համար հին հրեական օրենքը, չնայած նրանց  օրենքի գործադրությունը պետք չէր, բայց նրանք առաջնորդվեցին օրենքով, որպեսզի օրենքը փառավորվի և պահպանվի:  Երուսաղեմի տաճար մտնելն է, որ կոչվում է Տեառնընդառաջ: Ամբողջ Երուսաղեմի ժողովուրդը դուրս է գալիս ջահերով, մոմերով ու դիմավորում Հիսուս Մանկանը: Իհարկե, տեղին է օգտագործել Տեառնընդառաջը, որն ավելի հոգևոր և ստույգ իմաստ ունի: Մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ: Իսկ Տրնդեզը ժողովրդի մոտ տարածում գտած բառ է, որը նշանակում է Տերն ընդ ձեզ: Երկու ձևն էլ նույն իմաստն ունեն, որովհետև մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ, որպեսզի Տերը մեզ հետ լինի:
- Տոնակատարությանը վերաբերող մի շարք սովորույթներ կան, օրինակ, կրակի վրայով ցատկելը, կրակի շուրջ պար բռնելը: Դրանք ծիսական ծագո՞ւմ ունեն, արդյոք:
- Մենք ունենք տոնացույց, որով առաջնորդվում ենք: Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգության ժամանակ, նախ, Տեառնընդառաջի մեծ տոնի նախատոնակն ենք կատարում: Այդ օրը երգվում է ՙԼույս զվարթ՚, այնուհետև ՙՔրիստոս փառաց թագավոր՚ հրաշալի շարականները, որոնք տրամադրություն են հաղորդում ժողովրդին, լուսավոր տրամադրություն: Եկեղեցիներում կամ այլ տեղերում խարույկ են վառում և, ժողովուրդը հավաքվելով կրակի շուրջը, ուրախանում է տոնի խորհրդով: Վառվող կրակը մարդկանց տրամադրում է ուրախանալ, զվարճանալ, կրակի շուրջ տարբեր տեսակի խաղեր կազմակերպել` տոնն ավելի խանդավառ, ավելի հանդիսավոր դարձնելու համար: Սրանք ժողովրդական սովորույթներ են և ծիսական որևէ երանգ չունեն:
- Եկեղեցին կանոնակարգո՞ւմ է այդ սովորույթները:
- Ոչ: Հատուկ կարգ և  օրենքներ եկեղեցու կողմից չկան: Դրանք զուտ ժողովրդական բնույթ են կրում: Մեծերը հո չեն կարող կրակի վրայով ցատկել, պարտադիր չէ նաև, որ նորապսակները ցատկեն: Տոնացույցում նույնիսկ գրված է. ՙԽոտելի է կրակի շուրջ պտտվելը՚: 
- Որոշ աղանդավորականներ և հեթանոսներ պնդում են, որ կրակի վրայով ցատկելը կռապաշտություն է: 
- Ամենևին` ոչ: Մենք Տիրոջ տոնն ենք տոնում` կրակով, լույսով: Մեր հոգին խանդավառված է: Կրակի խորհրդին Սուրբ գրքում հանդիպում ենք մի քանի տեղ: Ասվում է` ես եկա կրակ գցելու, Հովհաննես Մկրտիչն ասում է` ես մկրտեցի ձեզ ջրով` ապաշխարության համար, իսկ իմ հետևից պիտի գա նա` ինձնից ավելի մեծ,  և պիտի մկրտի հրով: Գիտենք նաև Սուրբ Հոգու գալստյան օրը հրե լեզուների իջնելը: Հուրը, կրակը քրիստոնյայի կյանքում հոգևոր իմաստ ունեն: 
- Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Նորապսակ ասելով, ո՞ւմ նկատի ունենք: 
- Ի նկատի ունենք այդ տարվա մեջ` նախորդ Տեառնընդառաջից մինչև եկող Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում պսակված զույգերին, որոնց Սուրբ եկեղեցին օրհնում է այդ օրը: Նրանք, ովքեր այդ տարվա մեջ պսակվել են, կարող են գալ եկեղեցի և ստանալ սուրբ պսակի օրհնություն:
- Միայն այդ տարվա նորապսակնե՞րն ունեն օրհնություն ստանալու մենաշնորհ, թե՞ կարող են ավելի վաղ ամուսնացածները ևս ստանալ քահանայական օրհնություն:
- Ցանկացած զույգ` և° նորապսակները, և° ավելի վաղ ամուսնացածները, ովքեր փափագում են այդ օրը ստանալ օրհնություն, կարող են գալ և ստանալ, հատկապես նրանք, ովքեր այդ օրհնությունն ընդհանրապես  չեն ստացել:
- Տեր Մինաս, քանի որ խոսեցինք նորապսակների մասին, նկատենք, որ Տեառնընդառաջն մարդու առաջին մուտքն է եկեղեցի: Դատելով տարիների Ձեր հովվության փորձից, կարո՞ղ եք վկայել, որ Արցախում  հարգի է այս սովորույթը.  երիտասարդ մայրերն Աստվածածնի օրինակով իրենց զավակներին ընծայո՞ւմ են Աստծո տաճարին: Ասենք, որ Հայաստանում շատ ենք հանդիպում նման օրինակի: Եվ, արդյո՞ք, տաճարի ընծայման կարգը հետագա մկրտության նախապատրաստությունն է:
- Անշուշտ, շատ ենք հանդիպել այդ երևույթին, երբ մանկան 40 օրը լրանալուց հետո ծնողները նրան բերել են եկեղեցի, որպեսզի թե° մայրերի մաքրագործման, սրբագործման  խորհուրդը կատարվի, թե° մանուկն օրհնվի: Նման դեպք եղավ ոչ վաղ անցյալում. մոտ մի շաբաթ առաջ  հավատացյալ ծնողներն իրենց զավակին բերեցին եկեղեցի, որպեսզի օրհնվի և° իրենց մուտքը եկեղեցի, և թե° իրենց նորածինը: Մենք աղոթեցինք և  խնդրեցինք Աստծուն, որպեսզի Աստված մանկանն առաջնորդի սուրբ մկրտության:
- Եվ Ձեր բարեմաղթանքը մեր ժողովրդին:
- Ցանկանում եմ, որպեսզի մեր ժողովուրդն ավելի մեծ խանդավառությմաբ և հավատով լցվի դեպի մեր եկեղեցին, դեպի մեր Տերը:
- Օրհնեցեք, Տեր Հայր:
- Աստված օրհնի:
 
Հարցազրույցը` 
Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ