comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐՎԱ ԳՐՔԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐՎԱ ԳՐՔԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հայտարարվել է  գրքի համաշխարհային մայրաքաղաք: Տոնակատարության մեկնարկը տրվել է Վենետիկից, որտեղ Հակոբ Մեղապարտը հինգ հարյուրամյակ առաջ տպագրել է  հայերեն առաջին գիրքը: Հունվարին այստեղ բացվել էր մեծ ցուցահանդես` ՙՀայաստանը` քաղաքակրթության դրոշ՚ վերտառությամբ:
Արցախում գրատպության հոբելյանին նվիրված միջոցառումներն սկսվել են  անցած տարվանից` Հայաստանի տպագրիչների միության և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված համաձայնագրով, որի շրջանակներում Հայաստանի առաջնակարգ տպարաններն իրենց հրատարակած գեղարվեստական, մասնագիտական գրքերն ու դասագրքերը ներկայացրել են  Ստեփանակերտում ու շրջաններում, որը շարունակական կլինի:
Տոնի կապակցությամբ օրերս  իր հերթական գեղեցիկ միջոցառումը կազմակերպեց Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանը: Անտեսելով ուժեղ սառնամանիքը` մայրաքաղաքի գրքի սիրահար մի խումբ մտավորականներ ու սովորողներ  գրադարանի տնօրենության հրավերով իրենց երեկոն անցկացրին Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում` մեծարելով հայ գրատպության երախտավոր Հակոբ Մեղապարտին, նրա  գյուտի  արգասիք` քաղաքակրթության կռվան գիրքն ու, առհասարակ, տպագիր խոսքը, ինչպես նաև ահազանգելու հոգևոր արժեքներից ամենամեծը համարվող` նույն այդ գրքից օրեցօր հեռանալու մասին:
Նախքան բուն միջոցառմանն անցնելը` ներկաները դիտեցին փոքրիկ ֆիլմ հայ գրատպիչներ Հակոբ Մեղապարտի ու Մխիթար Սեբաստացու մասին: Երեկոն վարող` գրադարանի հավատարիմ բարեկամ, երիտասարդ ընթերցող Անետա Համբարձումյանը համառոտ ներկայացրեց հայ գրատպության պատմությունը Հակոբ Մեղապարտից մինչև նախահեղափոխական շրջանը:
1512թ. Հ. Մեղապարտը, հետևելով գերմանացի արհեստավոր Յոհան Գուտենբերգի գյուտին, առաջիններից մեկը գիրք տպագրեց: ՙՈւրբաթագիրք՚ էր կոչվում հայերեն առաջին գիրքը: Մեղապարտը տպագրեց հինգ գիրք, որոնք բոլորն էլ այսօր պահպանվում են: Իրավամբ, նրան դասում են Մեծն Մաշտոցի և Սահակ Պարթևի շարքը: Ճիշտ է, հայերը մինչև տպագրության գյուտը գրքեր ստեղծում էին հայոց այս կամ այն ծագերում (ձեռագիր գրքերն էին), սակայն միայն տպագրության շնորհիվ դրանք մեծ տարածում ստացան: Տպագրական գործի պատվանդանին մեծ եվրոպացիների կողքին հայը ևս իր արժանավոր տեղը գրավեց:
Մեղապարտից հետո տպագրության գործով զբաղվել են շատ հայ տպագրիչներ: 1666-68թթ. Ոսկան Երևանցին տպագրեց հայերեն առաջին Աստվածաշունչը: Նա հրատարակեց շուրջ 40 անուն հայերեն գրքեր:
Պոլիգրաֆիան կարճ ժամանակում թռիչքներ էր կատարում: Գուտենբերգի պարզ տպագրամեքենան իր տեղը զիջում է արագատիպ բարդ սարքավորմանը: Հնարում են լինոտիպը և տպագրական այլ հաստոցներ: Այդ ժամաակից էլ սկսած` հայ տպագրությունը ծաղկում ապրեց աշխարհի խոշոր քաղաքներում` Վենետիկում, Վիեննայում, Կալկաթայում, ինչպես նաև Թիֆլիսում, Էջմիածնում, այլուր: Հայ գրքի տպագրությունը 1828թ: հասավ Շուշի£ Մեսրոպատառ առաջին գիրքը Շուշիում ՙՊատմություն սուրբ գրոց՚-ն էր: Ուշագրավն այն է, որ այստեղ տպագրվում էին ոչ միայն հոգևոր գրքեր, այլև հայ և համաշխարհային դասականների գործերը. Շուշիում գործել է 5 տպարան, տպագրվել 171 անուն գիրք: Այդ տարիներից սկսած` լույս տեսան նաև  21 անուն թերթեր ու ամսագրեր, որոնց դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել հայ հասարակական մտքի, լեզվի, գրականության  ու արվեստի զարգացման բնագավառում:
Հետխորհրդային շրջանում Ղարաբաղում ծավալված տպագրական գործի մասին, առանձնապես Շարժման տարիների, արտահայտվեցին մյուս ելույթ ունեցողները:
Ստեփանակերտի ՙՊոլիգրաֆ՚ ձեռնարկության նախկին տնօրեն և նրա երկարամյա աշխատակից Հրաչյա Ավանեսյանի տեղեկությամբ` Ստեփանակերտում տպարան գործել է 1923թ.-ից£ Այն ստեղծվել էր, որպեսզի լույս տեսներ ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթը: Նա հետաքրքիր հուշեր պատմեց արցախյան շարժման տարիներին, հատկապես Պոլյանիչկո-սաֆոնովյան դաժան վարչակարգի օրոք թերթի լրագրողների հետ մեկտեղ` տպարանի աշխատողների գործունեության մասին` այն անվանելով սխրանք: Հր. Ավանեսյանը գրադարանին նվիրեց այդ տարիներին իրենց հրատարակած, այդ թվում` գաղտնի գրքեր:
Հաջորդ ելույթներում մտահոգություն կար գրքի և ընթերցանության նկատմամբ ներկա սերնդի նվազող հետաքրքրության մասին: ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը ցավ հայտնեց, որ մեր բազմաթիվ գրադարաններ կամ կողպեքի տակ են, չեն գործում, կամ անմխիթար վիճակում են: Այնինչ` հայ իրականության մեջ գիրքը միշտ եղել է ոգուն  զորություն տվող ուժ: 88-ին Վերածննդի հրապարակում ժողովուրդը դարձել էր ասմունքող. այդ ոգին է նրան ռազմի դաշտ տարել և հաղթանակ կռել: Եվ Աստված չանի, այդ ոգին հանկարծ լքի մեզ: Մենք մեր հողի վրա անգամ ուժեղ զենքով պարտություն կկրենք, եթե այդ ոգին բացակայի, ասաց Վ. Հակոբյանը: Իսկ գիրքը հենց ինքը ոգին է: Գիրք չընթերցող մարդուն որքան էլ բացատրես գրքի էության մասին, դատարկ զբաղմունք կլինի, գտնում է գրողը: Դժբախտաբար, այսօր մեր իրականության մեջ քիչ չեն նմանները և նրանց թվում` ցավոք նաև իշխանավորներ: 
Գրող, լրագրող Նվարդ Ավագյանը` որպես ՙԱզատ Արցախ՚ թերթի երկարամյա աշխատող, անդրադարձ կատարեց թերթի գործունեությանը արցախյան շարժման տարիներին` տեղեկացնելով, որ այդ մասին գիրք է գրել` ՙԿենսապատում՚, որը շուտով կհրատարակվի: Նրա ելույթի մեխը դարձյալ գրքից ընթերցողի հեռանալու մասին էր: Վաստակաշատ լրագրողն այսօր դա թիվ 1 հարցն է համարում, ահազանգելով` գալիք սերունդն ի՞նչ բարոյականության կրող պետք է լինի, երբ գիրք չի ընթերցում: Չէ՞  որ հոգևոր նյութի պաշարով ոչինչ այնքան բարոյականությամբ չի ներծծված, որքան գրականությունը: Եղել են գրքեր, որ սերունդներ են դաստիարակել: Այսօր շուկան հեղեղված է ոչինչ չասող, թույլ գրքերով, բայց  մի՞թե հիմա  լավ գրքեր չեն ստեղծվում: Պետք է մտածել` ինչ անել, որ լավ գիրքը հասնի ընթերցողին: Ն. Ավագյանը լավատեսորեն է տրամադրված. այս լավատեսության հիմքը երեկոյին ասմունքող դպրոցականներն էին, որոնց նա այդ երեկոյի զարդը համարեց` չմոռանալով շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին, ովքեր սովորեցրել են այդքան ճիշտ և գեղեցիկ արտասանել: 
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը, սկսելով Մեղապարտից, ասաց, որ նա թևեր տվեց մեր գրքերին: Գիրք ունենալը հարստություն է, հենց այդպիսին է ինքը, որի հարստությունից օգտվում է երիտասարդ սերունդը:
ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, այսօր արդեն թոշակառու ուսուցիչ Նաիրա Թամրազյանը կիսեց մյուսների տագնապը ընթերցողի` գրքից հեռանալու առնչությամբ: Մեր գոյության ամենամեծ կռվաններից մեկը եղել է գիրքը; Ուսուցչուհին իր քառասնամյա գործունեության ընթացքում դա է քարոզել իր սաներին: Եվ հավատում է մեր ժողովրդի ողջախոհությանը, քանզի այսպիսի պատգամ է հղված մեզ` ՙԳիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե՚:
Երեկոյին մեծ լիցք հաղորդեցին ԱրՊՀ դասախոս Սիրուն Բաղդասարյանի ասմունքն ու երգը` նվիրված հայոց բառ ու բանին:
Մուրացանի անվան գրադարանի տնօրեն Մարիա  Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` հանուն հոգևորի և գրքի արժևորման անցկացրած պահերի£ Գնահատանքի արժանի է նաև հենց ինքը` որպես այդ արժեքների եռանդուն ջատագով£ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ