comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՕՐ ԶԱՐԹՈՆՔԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐ ԶԱՐԹՈՆՔԻ

 

altԲաքուն զգաց, որ Արցախի ժողովրդի խաղաղ պայքարն իր ինքնորոշման համար օրեցօր թափ է առնում ու փութաց առաջն առնել: Եվ 1988 թ. փետրվարի 12-ին Ստեփանակերտում ու մարզի շրջկենտրոններում անցկացվում են կուսակցական-տնտեսական ակտիվի  ժողովներ, որոնցում հանրապետական ու մարզային ղեկավարների ճնշման տակ պետք է դատապարտվեր մայր հայրենիքին`

Հայաստանին վերամիավորվելու սահմանադրական մեր պահանջը: 

Ադրբեջանի մայրաքաղաքում էին այսպես ծրագրել` դույզն-ինչ չկասկածելով, որ կհանդիպեն ժողովականների դիմադրությանն ու  անհաջողության կմատնվեն: Վճռում են հաջորդ օրը` փետրվարի 13-ին, ժամը 11-ին հրավիրել կուսմարզկոմի բյուրոյի ընդլայնված նիստ` Ստեփանակերտի քաղաքային և շրջանային կոմիտեների բյուրոների անդամների մասնակցությամբ և այսկերպ հասնել իրենց նպատակին`համոզված, որ բյուրոների անդամներն անգամ ցանկության դեպքում չեն համարձակվի  բացահայտորեն ընդդիմանալ:
Այս գաղտնի լուրը փետրվարի 12-ին Ասկերանի շրջանում Շարժման ղեկավար Սլավիկ Առուշանյանին ու ակտիվիստներին հայտնում է կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը: Սլավիկը հուսահատվում է: Բաքվի բեմագիրը ձախողելու ոչ մի հնար չէր տեսնում` Շարժումը դատապարտող որոշման ընդունումը համարելով անխուսափելի: ՙԿարմիր դրոշ՚ շրջանային թերթի խմբագրատանն էր, խմբագիր  Կոմիտաս Դանիելյանի հետ: Ջղայնությունից անընդհատ հետուառաջ էր քայլում: Ուշ երեկոյան  խմբագրություն է ներկայանում Ստեփանակերտի ավտոտրանսպորտային  ձեռնարկության արհմիութենական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մելքումյանը: Մինչև այդ նա կոմերիտմիության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղարն էր:  Բերել էր կոլեկտիվի ընդհանուր ժողովի որոշումը, որում պաշտպանվում էր մայր հայրենիքին վերամիավորվելու վերաբերյալ հռչակագիրը:
- Այդ ժամանակ` Շարժման  սկզբնական շրջանում, Ասկերանի հեղինակությունն այնքան մեծ էր, որ Ստեփանակերտից շատերը ժողովի որոշումը բերում էին մեզ մոտ,- վերհիշում է Ս. Առուշանյանը: - Ստեփանակերտի մեր կազմակերպիչը` Արկադի Կարապետյանը, երբեմն վիրավորվում էր, որ վերցնում էինք արձանագրությունները: Մի մասը վերադարձնում էինք իրեն, որպեսզի ինքն ուղարկի ԽՄԿԿ Կենտկոմ£
 Ավտոտրանսպորտային ձեռնարկության  կոլեկտիվի ժողովի որոշումը սթափեցնող ազդեցություն է ունենում: Բյուրոների անդամների վրա ներգործելու միջոցը գտնված էր. հարկավոր էր ոտքի հանել  ժողովրդին ու տապալել Բաքվի նախաձեռնությունը` ցույց տալով, որ Շարժումը, ինչպես փորձում են ներկայացնել, մի խումբ անհատների գործ չէ: Սլավիկն առաջինը հենց Վլ. Մելքումյանին է  հանձնարարում  հաջորդ օրը ժամը 11-ին կոլեկտիվին դուրս բերել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ` հանրահավաքի: Միաժամանակ խնդրում է ավտոտրանսպորտային ձեռնարկության հարևանությամբ գտնվող էլեկտրատեխնիկական գործարանից Շարժման ակտիվիստ Քրիստափոր Խաչատրյանին տեղեկացնել, որ նա էլ իրենց կոլեկտիվին հանի£ Կ.Դանիելյանն էլ կնոջը` մանկավարժական  ինստիտուտի դասախոս Լենա Գրիգորյանին պիտի ասեր, որ վերջինս նախատեսվելիք հանրահավաքի մասին  հաղորդեր  գործընկերներին և ուսանողներին£ Մի քանի հոգու էլ իր  մտադրության մասին անձամբ  Ս. Առուշանյանն է հայտնում, այդ թվում նաև իր եղբորը` Սերգեյին,  որը  Ստեփանակերտում էր բնակվում և աշխատում էր  կենցաղսպասարկման կոմբինատում£ Բացի այդ,  զանգահարում է Ա. Կարապետյանին և  Բադարա` կոմերիտշրջկոմի երկրորդ  քարտուղար Կարեն  Արզումանյանին,  որպեսզի  նրանք վաղ առավոտյան   լինեն Ասկերանում£ Բադարայում ցուցապաստառներ  կային, որոնք  գաղտնի ճանապարհով  Երևանից, Իգոր Մուրադյանի մոտից, տեղափոխել էր Շարժման ակտիվիստ, շրջանային թերթի  գյուղբաժնի վարիչ  Սլավիկ  Միրզոյանը£ Պահվում  էին` հարմար առիթով  օգտագործելու համար£ Դրանից էլ լավ  առի՞թ£  Առավոտյան  երկուսն էլ  Ասկերանում էին£ Կ. Արզումանյանը  ցուցապաստառները  Բադարայից պետք է   տաներ  Ստեփանակերտ, իսկ Ա. Կարապետյանը  տեղեկացներ մարզկենտրոնի  հիմնարկ¬ձեռնարկությունների կոլեկտիվներին, որ  հավաքվեն հրապարակում£ Արկադին,  սակայն, դեմ էր  հանրահավաք  անցկացնելու մտքին, և դա միայն իր կարծիքը չէր£  Ս. Առուշանյանն  անդրդվելի էր.  ՙԵթե  այսօր  ցույց  չանենք,  կնշանակի ցայժմ արվածը  ջուրը լցնել£ Վաղը, մյուս  օրն  արդեն ուշ կլինի՚£ Արկադին համաձայնում է: Սլավիկը նրան  հաղորդում է, որ  գյուղատնտեսական տեխնիկումը նախապատրաստված է, փոխտնօրեն Հենրիխ Զաքարյանը գիտի, որ անհրաժեշտության  դեպքում պետք է ուսանողներին դուրս բերի հրապարակ:  Սովխոզտեխնիկումն  այն տարիներին  միայն կրթական հաստատություն չէր, ընդգրկում էր Ասկերանի շրջանի Բալլուջայի (այժմ` Այգեստան) համայնքը: Արկադին վերադառնում է Ստեփանակերտ և  հաջողությամբ կատարում հանձնարարությունը:
Ժամը 11-ն անց 10 րոպեին Սլավիկն  ու համախոհները հրապարակում հավաքված հետագա քայլերն էին մտմտում: Այդ պահին Կ. Արզումանյանը տեղ է հասնում:  Սովխոզտեխնիկումի ուսանող Վաչագան Դանիելյանը, որն ասկերանցի էր, պաստառներն արագ բաժանում է տղաներին, որ պահեն: Մինչև կմտածեին ինչ ու ինչպես անել, մանկավարժական ինստիտուտի դասախոս Գրիգորի Աֆանասյանը բարձրանում է տրիբունա: Բարձրանում են Արաքսյա Հայրապետյանը, ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանը, Սլավիկ Առուշանյանը, Արկադի Կարապետյանը` թվով 7 հոգի: Սլավիկը միայն մեկի անունը չի հիշում, բայց հիշում է, որ նա թոշակառու էր: Տրիբունայում էր նաև մանկավարժական ինստիտուտի ուսանող Սերգեյ Շահվերդյանը: Լուսանկարը պահպանվում է, սակայն Ս. Շահվերդյանը չի երևում, տրիբունայում  նա պահում էր Լենինի նկարը, որը ծածկում էր դեմքը: Առաջինը ելույթ է ունենում Գ. Աֆանասյանը, այնուհետև` Ա. Հայրապետյանը, Բ. Օվչյանը: Ա. Կարապետյանը, Ս. Շահվերդյանը, Ս. Առուշանյանը նույնպես խոսում են: Նրանք անդրադառնում են Ադրբեջանում  հայերի հանդեպ տարվող խտրական քաղաքականությանը և ցուցարարներին խնդրում  իրենց արտահայտություններում և պահվածքով լինել զուսպ, չվիրավորել ադրբեջանցիների արժանապատվությունը, որպեսզի մեր հարցը խաղաղ ձևով Մոսկվայում լուծեն: Ինչքա¯ն էինք միամիտ: Կարծում էինք, որ եթե Կենտկոմում համոզվեն, որ ամբողջ ժողովուրդն է ոտքի ելել, մեր արդար պահանջը կբավարարվի: Ցույցն անցնում է հանգիստ ու խաղաղ  մթնոլորտում,  ու մարդիկ  ցրվում են:
Բյուրոյի ընդլայնված նիստ գումարվե՞լ է, թե՞ ոչ, Ս. Առուշանյանը չգիտի: Ասում է, որ երևում էր` կուսմարզկոմի շենքի պատուհաններից հետևում էին հանրահավաքի  ընթացքին: Հրապարակում հավաքված էր 7 հազարից ավելի  մարդ, այնինչ, կենտրոնական հեռուստատեսությունը, խեղաթյուրելով  իրականությունը, հայտնել է, թե իբր հանրահավաքին մասնակցում էր 500 հոգի: Համեմատաբար ճիշտ տեղեկություններ է հաղորդել ՙԱմերիկայի ձայն՚ ռադիոկայանը:
 Որոշ մարդիկ, ըստ Ս. Առուշանյանի, փորձում են փետրվարի 13-ին տեղի ունեցածը ներկայացնել  իբրև ուսանողության հանրահավաք:  Իհարկե, առաջինը հրապարակ են  մտել ուսանողները, և միշտ էլ վերափոխումների ժամանակ երիտասարդությունն ավելի ակտիվ է լինում, ինչից, սակայն, չպիտի եզրակացնել, թե միայն ուսանողության հանրահավաք էր:
- Եթե միայն ուսանողությունը լիներ կամ մտավորականությունը, կձախողվեինք ռուսական նարոդնիկների նման, - խոսքն առաջ է տանում Ս. Առուշանյանը: - Բայց մենք կարողացանք խուսափել սխալից և դիմեցինք ժողովրդին: Շնորհիվ հռչակագրի համաժողովրդական քննարկման`ողջ Արցախը ոտքի կանգնեց և պաշտպանեց միացման գաղափարը: Եթե ժողովուրդը չպաշտպաներ, ո°չ մտավորականությունը, ո°չ ուսանողությունը երբեք չէին կարող հարցն ինչպես հարկն է ներկայացնել, և Շարժում լինել չէր կարող: Նախկինի պես կճնշեին, մի քանի ղեկավարների աշխատանքից կազատեին կամ կարտաքսեին, ու դրանով հարցը կփակվեր: Քանի որ ժողովուրդն ընդունեց ու պաշտպանեց միացման գաղափարը, փետրվարի 13-ին մեր այդ գաղափարը վերածվեց համաժողովրդական Շարժման: Դա, իմ կարծիքով, Շարժման ամենակարևոր պահն էր, երբ պայքարը դուրս եկավ ընդհատակից ու թե° մտավորական, թե° կուսակցական աշխատող, թե° բանվոր, ողջ ժողովուրդը ըմբոստացավ ու միաբանվեց: Դրանից հետո Շարժման կենտրոնը դարձավ Ստեփանակերտը:
Փետրվարի 13-ի երեկոյան կուսմարզկոմի  առաջին  քարտուղար Բորիս Կևորկովը Ս. Առուշանյանին հրավիրում է իր մոտ: Պարզ է, նա պիտի տարակուսեր, որ կուսակցական աշխատողը, այն էլ շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, իր քթի տակ ելույթ է ունենում: Սլավիկն իր ելույթում այսպիսի արտահայտություն էր արել` ընկերներ Կևորկովն ու Կոնովալովը  (վերջինս մարզ ուղարկված ԱդրԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղարն էր):  Ասել էր ու ներողություն խնդրել, որ նրանց ընկեր է անվանել: Կևորկովը խոհեմաբար չհիշեցրեց այդ  պահը: Նրան հետաքրքրում էր, թե կուսակցական աշխատողն ինչպես է հայտնվել  տրիբունայում: Սլավիկը մոգոնում է, թե իբր եղբոր տուն էր գնում, որն իսկապես գտնվում էր հրապարակի մոտ: Տեսնելով, որ մարդիկ են հավաքված, ու ոմանք էլ տրիբունա են բարձրանում, իբր զգուշացել է, որ հնարավոր է կոմունիստական կուսակցության ու խորհրդային պետության վերաբերյալ ոչ ճիշտ ձևակերպումներ հնչեն, դրա համար ինքն էլ է բարձրացել ամբիոն և ելույթ  ունեցել:  Նա խնդրում է Կևորկովին ղեկավարել Շարժումը (Շարժման առաջամարտիկ Ռազմիկ  Պետրոսյանն ասում է, որ նույն  բանը ինքն էլ է խնդրել)` շեշտելով, որ եթե մարզի կուսակցական կազմակերպությունը միանա ժողովրդին, պայքարի թափը կուժգնանա: 
- Դու հավատում ես դրանց, ես չեմ հավատում, - ասում է Կևորկովն ու  հավելում: - Ազերիները 100 հազարով մտնելու են  Ղարաբաղ և Ղարաբաղը գերեզմանոց են դարձնելու:
- Եթե Խորհրդային Միության օրոք կարողանալու են նման բան անել,  էլ ինչո՞ւ ենք այս պետությանը ծառայում, - Ս. Առուշանյանը չի համբերում, ընդհատում է Առաջինի խոսքը և այդպես` մի քանի անգամ:
Հետագայում կուսմարզկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վահան Հարությունյանը Ս. Առուշանյանին ասել է, թե ինքը զարմացած էր, քանի որ առաջին անգամ է տեսնում, որ Կևորկովին ընդհատեն, ու նա դիտողություն չանի:
Ս. Առուշանյանը հավաստում է, որ Կևորկովը` ինքնավար մարզի փաստացի տիրակալը, ումից դողում էին մանր ու մեծ ղեկավարները, ում անունն անգամ սարսափ էր տարածում, ընկճված էր: Ընկճված էր, քանզի Արցախը փաստորեն դուրս էր եկել վերահսկողությունից, և կուսակցական կազմակերպությունների մեծ մասն անցել էր ժողովրդի կողմը: Իսկ ժողովուրդն անհողդողդ էր և համառորեն պահանջում էր հարցի արդարացի լուծում` հիմա կամ երբեք:
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ