comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԻՇԽՈՂԸ ԼԻՆԻ ՍԵՐԸ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԻՇԽՈՂԸ ԼԻՆԻ ՍԵՐԸ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Տոնակատարություն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
altՏեառնընդառաջը  հայ եկեղեցու անշարժ տոներից մեկն է և կատարվում է Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնից քառասուն օր հետո, փետրվարի 14-ին:
Տեառնընդառաջի տոնի համար գրված Հայ Եկեղեցու շարականներն ու տաղերը Քրիստոսին գովերգում են որպես ՙԼույս ի լուսոյ՚,  ՙՃառագայթ փառաց՚,  ՙՀուր կենդանի՚ և այլն: Եկեղեցական մեր հայրերը Քրիստոսին նկատելով որպես ճշմարիտ լույսի և ՙկենդանի հոր՚, չեն խորշել հայկական հեթանոսական մի սովորությունից, ինչպիսին խարույկ վառելն ու  նրա վրայով ցատկելն էր: Եվ այս ձևով հայկական հին սովորությունը շարունակել է ապրել մեր ժողովրդի մեջ և փոխանցվել սերնդեսերունդ: Տոնը պահպանել  է իր արտաքին ձևը, սակայն ստացել է նոր խորհուրդ ու իմաստ և կապվել է քառասունօրյա  Հիսուսին տաճարին ընծայելու տոնի հետ: 
Ավանդույթի համաձայն,  փետրվարի 13-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Տեառնընդառաջ (Տրնդեզ) ազգային-եկեղեցական օրվա ամենամյա հանրային տոնակատարությունը: Տեառնընդառաջի նախատոնակի արարողությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում: Բազմաթիվ հավատացյալներ եկել էին փառաբանելու աշխարհի ճշմարիտ լույսը և եկեղեցու խորանի վրա վառվող մոմից ու կանթեղից վառելու իրենց մոմերը, ապա նաև Տեառնընդառաջի խարույկները: Վառվող մոմերը որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ` տարվում էին տուն մինչև լույս վառելու տան մեջ, որպեսզի լույսն ու իմաստությունը տիրական դառնան տան մեջ, և փարատվեն խավարն ու խռովությունները:
Վերածննդի հրապարակում անցկացված միջոցառման կազմակերպիչներն էին  Ստեփանակերտի քաղաքապետարանը,  մշակույթի քաղաքային տունը և ՙՀայկի Սերունդ՚ երիտասարդական հասարակական կազմակերպությունը: Կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառմանը մի առանձին շուք ու հանդիսավորություն հաղորդելու համար:
Բուռն ծափողջույնների ներքո բեմ հրավիրվեցին օրվա ՙմեղավորները՚` Տրնդեզի պատվավոր հյուրերը` 2012թ. Տեառնընդառաջի նորապսակներ Սուրեն և Տաթև Առուշանյանները,  25 տարվա ամուսիններ Մռավ և Սուսաննա Պետրոսյանները և վերջապես` ՙՈսկե զույգը՚` Էդվարդ և Իրինա Ղուկասյանները:
Քավորի պատասխանատու պարտականությունը կատարում էր  ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը:
Տրնդեզի խորհրդի ու նշանակության մասին ներկաներին իրազեկեց Ստեփանակերտի հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը: Հանդիսության պատվավոր քավորը շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց օրվա հերոսներին` նրանց ցանկանալով երկարամյա երջանիկ կյանք, ամուր ընտանիք:
Համատեղ կյանքի երկարամյա փորձ ունեցող զույգի` վաստակաշատ բժիշկներ տեր և տիկին Էդուարդ և Իրինա Ղուկասյանների խոսքում շնորհավորանքներին միախառնվել էին նաև բարեմաղթանքները` ուղղված բոլոր երիտասարդներին, նորապսակներին: Նրանց ցանկությունը մեկն  էր. երիտասարդ ընտանիքներում իշխողը լինեն  սերը, համերաշխությունը, զավակների ճիշտ դաստիարակությունը, իսկ երջանկությունը միշտ տիրական լինի նրանց օջախներում: Նրանք անսահման երջանկություն  ցանկացան  հայկական բոլոր  օջախներին, սեր` ընտանիքի,  հայրենիքի հանդեպ: 
Եկեղեցուց Վերածննդի հրապարակ բերված ջահերով  պատվավոր զույգերը վառեցին խարույկները, որոնց շուրջ բոլորել էին երիտասարդները, այդ թվում` զինվորականներ:
Միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրով,  ազգային խաղերով, մրցանակներով, տոնական ուտեստների և աղանդերների մատուցմամբ, մի շարք ուշագրավ ծիսակատարություններով և արարողություններով:
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ