comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅՆ ԷԼ` ՄԱՐՏՆՉՈՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅՆ ԷԼ` ՄԱՐՏՆՉՈՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

altԽորհրդածություններ մի գրքի  շուրջ
Ընթերցողի սեղանին է պրոֆեսոր Արպատ Ավանեսյանի հերթական` ՙԱրցախի գիտակրթական համակարգ. կայացման ընթացք, զարգացման միտումներ՚ վերտառությամբ փաստավավերագրական աշխատությունը: Այն ընդգրկում է թեմայի հետ սերտորեն առնչվող հիմնական և օժանդակ բազմաթիվ նյութեր, որոնք հեղինակը հավաքել է չինական տոկունությամբ և դրանց հիման վրա ամենայն բարեխղճությամբ ամբողջացրել Արցախում ձևավորված գիտակրթական համակարգի ստեղծման, կայացման և զարգացման ողջ պատմությունը: 
Աշխատության ամբողջականությանը նպաստել են ոչ միայն պաշտոնական հարուստ արխիվային նյութերը, տասնյակ վիճակագրական տեղեկություններ, այլ նաև Արցախի պետական համալսարանի ստեղծմանը հեղինակի ունեցած մասնակցությունը: Նա անդրադարձել է այնպիսի կարևորություն ունեցող հարցերի, որոնք շրջանցել են իրենից առաջ հանդես եկած հեղինակները: Մասնավորապես, խրախուսելի է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կամայականորեն փակման հետ կապված ու տասնամյակներով իրականացված հակահայկական քաղաքականության բացահայտումը: 
Պրոֆեսոր Ավանեսյանը պատճառահետևանքային վերլուծության է ենթարկել Ստեփանակերտում 1969թ. բացված` Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղի հետ կապված օյինբազությունները: Մասնավորապես, Ստեփանակերտում ադրբեջանական մտավորականության քանակը զգալի չափով ավելացնելու և, ընդհանրապես, մարզկենտրոնն ադրբեջանցիներով բնակեցնելու բացահայտ գործընթացը: Փաստորեն, այդ խարդավանքներն առաջին անգամ ամենայն մանրամասնությամբ մեկնաբանված են խնդրո առարկա աշխատությունում: Այն էլ` ի հակադրություն որոշ մտավորականների, որոնք Բաքվի ադրբեջանական մանկավարժականի մասնաճյուղի բացումը համարում են ՙժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամության մարմնավորում՚ և ԱրՊՀ-ի ստեղծման նախահիմք: Մոռանալով, որ դա եղել է քաղաքական հանգամանքների պարտադրանքով կատարված քայլ: Միամիտ պետք է լինել հավատալու արջի այն ծառայությանը, որը մեր որոշ հայրենակիցների կողմից այսօր էլ, կամա թե ակամա, մատուցվում է Արցախի պետական համալսարանի հիմնադրման ադրբեջանական տարեթվի տարբերակով: Մինչդեռ աշխատությունում բերված անհերքելի արխիվային նյութերը միանշանակ վկայում են, որ ԱրՊՀ-ի ստեղծումը ոչ մի կապ չունի ադրբեջանական մանկավարժականի մասնաճյուղի, նույնիսկ մանկավարժական ինստիտուտի հետ: Այնինչ, թերահավատության կամ ինչ-ինչ գայթակղության համար են անտեսվել փաստերը, փաստաթղթերը և հետին թվով ոմանց ցանկությամբ հրավիրված ժողովում որոշվել համալսարանի հիմնադրման հոբելյանական տարելիցը, դրանով իսկ անտեսվել իրական արխիվային անբեկանելի փաստաթղթերը: Փաստը մնում է փաստ` Արպատ Ավանեսյանին է վիճակված եղել լինելու ԱրՊՀ առաջին ռեկտորը: Եվ նա գրել է իր մասնակցությամբ ստեղծված համալսարանի ողջ պատմությունը, ներկայացնելով ոչ միայն այդ առնչությամբ եղած բոլոր սկզբնաղբյուրները, այլև կենդանի մարդկանց, որոնք այս կամ այն չափով աջակցել են համալսարանի ստեղծման գործընթացին:
Ինձ` արցախագետիս, հետաքրքրում է համալսարանի, և ոչ միայն, գիտնական-մանկավարժների վերաբերմունքը Բաքվում ծավալված հակահայկական, մասնավորապես, հակաարցախյան ոռնացող քարոզչության հանդեպ, նրանց բռնած դիրքորոշումը: Պրոֆեսոր Ավանեսյանն անուղղակի, առանց մեկնաբանությունների անդրադարձել է որոշ բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմերի, ինչպես նաև կենսագործունեության տարբեր ոլորտներում աշխատող գիտնականների որակական կազմին` ըստ պաշտոնների, գիտական կոչումների և պաշտպանած ատենախոսությունների: Մանավանդ, նրանց կողմից իրականացված գիտական աշխատությունների կոնկրետ թեմաներին: Ես մանրամասն չեմ անդրադառնալու այդ թեմաներին: Սակայն չեմ կարող անտարբեր լինել և չանդրադառնալ ընդհանուր առմամբ միայն պատմաբանասիրական թեմաներին: Թե որքանով են դրանք արդիական, հրատապ և մեզ պարտադրած քարոզչությանը հակազդող: Կասեմ, որ վաղուց ժամանակն է, որ պատմաբանասիրական թեմաներով հանդես եկող գիտնականները գիտության նմանակման փոխարեն զբաղվեն ճշմարիտ գիտական կարևորություն ունեցող թեմաների ուսումնասիրության ու արժեքավորման խնդիրներով:
Արցախի դեմ Բաքվում սանձազերծված ՙգիտաքաղաքական՚, ասել կուզի` հակահայկական վայրահաչությունները մերկացնելու համար ընտրել կարևոր, առաջնահերթ թեմաներ: Այսօր դրանք են առաջնային: Մենք այս բնագավառում պետք է ունենանք ոչ միայն պաշտպանվելու, այլև նախահարձակ լինելու վճռականություն, քանզի պատմական, արխիվային փաստերը մեր դաշնակիցներն են: Սուտն ու կեղծիքը պետք է հերքվեն իրական` ճշմարիտ փաստերի ու փաստաթղթերի հեղեղով: Ինչու չընտրել ՙՍիլվա Կապուտիկյանը և Ղարաբաղյան շարժումը՚, Լեոնիդ Հուրունցի, Գրիգոր Ներսիսյանի և նման հայրենասեր գրողների մասին թեմաներ: Ինչու± չանդրադառնալ 1967թ. Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձություններին և այդ առնչությամբ Յու. Անդրոպովի` Քաղբյուրոյին հղած երեք հույժ գաղտնի զեկուցագրերին: Չէ± որ պետության կողմից միջոցներ են հատկացվում գիտական աշխատությունների համար: Ինչու± են անտեսվում տեղական, արցախյան հրատապ թեմաները, մանավանդ, գաղափարաքաղաքական սուր, օրախնդիր քարոզչական, հրապարակախոսական բնույթի թեմաները: Այն թեմաները, որոնց վրա այսօր աշխատում են մեր պատմաբանասիրական գիտություններով զբաղվող դասախոս-գիտնականները, նվազ կարևորություն են ներկայացնում և չունեն արդիական հնչեղություն: Ակնհայտորեն երևում է, որ մեր դիսերտանտներն ընտրել են հեշտ, գրեթե պատրաստի թեմաների վերարտադրության ուղին: Այդպիսի թեմաները հազիվ թե գիտական արժեք ունենան, քանզի դրանք չունեն ոչ պահանջարկ, ոչ էլ կարևորություն: Եվ շատերն անցյալում տպագրված գրքերից, գրախոսություններից, հոդվածներից հավաքած տեղեկությունների պարզունակ վերաշարադրանքներ են, որովհետև դրանք իրենց մեջ չեն պարունակում հետաքրքիր նորություններ, արդիական հնչեղություն ունեցող հարցեր: Արցախին հարկավոր են գիտագաղափարաքաղաքական և, մանավանդ, նման պարագայում քարոզչական երանգով աշխատություններ, թուրք-ազերիների հակահայկական զրպարտությունները մերկացնող ճշմարտացի աշխատություններ: Դեռ ավելին, վերջին շրջանում ակտիվացել են որոշ պատեհապաշտ մարդիկ, ովքեր փառատենչական նկրտումներից ելնելով զբաղվում են պատմությամբ, բայց իրականում ունքը շինելու փոխարեն աչքն են հանում: Նրանց թվացել է, թե պատմությունը մարզադաշտ է, այնտեղ մարզանքներ կատարելով` ինչ-որ բանի կարելի է հասնել: Մինչդեռ նրանք խանգարում են, մեծ վնաս հասցնում արցախագիտությանը: Երբեմն էլ չգիտակցելով ուղղակի արջի ծառայություն են մատուցում` ի շահ  բաքվեցի կեղծարարների:
Պետք է մեկընդմիշտ հիշել` քարոզչությունը նույնպես գիտություն է, այն էլ` մարտնչող գիտություն:
 
Շահեն ՄԿՐՏՉՅԱՆ
Արցախագետ