Logo
Print this page

ՙՄԵՐ ՍՐՏԻ ՋՈՒՐ, ՄԵՐ ՁԵՌՔԻ ԹՈՒՐ, ՄԵՐ ՀՈԳՈՒ ԼԱՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ՚

   Մայրենիի միջազգային օրը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության և Լեզվի պետական տեսչության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նշվեց շուքով: 
Մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները, մտավորականներ և հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ ելույթների, ասմունքի, երգի ու երաժշտության միջոցով  մեկ անգամ ևս հաղորդակից եղան մեր ոսկեղենիկ լեզվի հմայքին:  Ի դեպ, Մայրենիի օրվա մեկնարկը եղել է մեկ ամիս առաջ լեզվի տեսչության կողմից. կազմակերպիչները, ուսուցիչները կազմել էին համալիր ծրագիր, դպրոցներում անցկացրել բազմազան միջոցառումներ, փառաբանելով հայոց լեզուն:
Դահլիճում հպարտության զգացումով  ընդունվեցին բեմից հնչող կարծիքները,  հետաքրքիր տեսակետները, համառոտ վերլուծությունները: Ի դեպ, Բայրոնը հայերենը համարել է Աստծո հետ խորհրդակցվելու լեզու:  Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի բովով անցած` ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը օրվա խորհուրդը համարեց  վսեմաշուք, մեր մայրենին՝ աշխարհի կատարյալ լեզուներից մեկը՝ բառապաշարի հարստությամբ,  ճկնությամբ, որպես գոյի և հարատևության երաշխիք, ինքնության գրավական, հզոր զենք, ամրակուռ վահան, ռազմավարություն և մեր ազգային դիմագիծը պահպանելու միջոց:  ՙՄեզ է վիճակված անաղարտ պահելու լեզուն,¬ ասաց նախարարը:¬ Ոսկեդարի պատմիչներից մինչև մերօրյա գրքի մշակները հայերենը փայլեցրել ու հարստացրել են: Մայրենի լեզվի կարևորության մասին խոսվում է Խորենացու ՙՀայոց պատմության՚ մեջ: Արամ թագավորը Հայքում ապրողներին  հրաման է արձակել սովորել և խոսել  միայն հայերեն: Մեր անկախ պետության մեջ մենք  պարտավոր ենք  ըստ արժանվույն գնահատել և փառաբանել հայոց լեզուն:  Հայերենով է ստեղծվել մեր հարուստ մշակույթը, ձևավորվել գիտական հզոր միտքը: 405թ.-ից հայերենը դարձավ գրոց լեզուն՝ կամրջելով անցյալն ու ապագան: Պատմության քառուղիներում շատ ժողովուրդներ են անհետացել, շատերը՝  ձուլվել, բայց մենք կանք՝ շնորհիվ մեր լեզվի ու հավատքի: Արցախյան գոյամարտը հաստատեց մեր ընթացքի և լեզվի հարատևությունը: Համաշխարհայնացման գործընթացում,  կործանարար մշակութային պատերազմում մենք ունենք մեր հիմնախնդիրները, և դրա համար պետք է ապավինենք մեր լեզվին, մեր մշակույթին: Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով ու մշակույթով, արժեքներ, որոնք ազգային արժանապատվության պահպանման  գործոններ են: Լեզվի նկատմամբ պետական հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև ազգային փոքրամասնության լեզվի պահպանումն ու խրախուսումը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են՚: Մանկավարժ Սամվել Բեքթաշյանի տեսակետը հայերենի ու հայ ժողովրդի պատմական ընթացքի մասին  ինքնատիպ ու շատ հետաքրքիր էր. ՙՄենք  2 անգամ ենք մկրտվում. առաջինը կաթի հետ, երկրորդը՝ եկեղեցում: 24 տարի առաջ ոչ թե ազգը ազգի դեմ դուրս եկավ, այլ հայոց լեզուն պայքարի ելավ և որպես կատարյալ՝ հաղթեց: Փետրվարի 21-ն է, և 21-րդ դարն է, և Արցախը այս տարի աշխարհի կողմից պետք է ճանաչվի որպես օրինակելի պետություն՚:  Միջոցառման ժամանակ խոսվեց այն մասին, որ պետք է պայքար տանել լեզվի աղավաղումների դեմ, և որ չպետք է նաև տարվել լեզվի անհարկի մաքրամոլությամբ:  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Մարգարյանն իր  ելույթում խոսեց լեզվական  փոխառությունների, լեզվի զարգացման օրինաչափությունների,  անհատի և հասարակության՝ լեզվի  զարգացման գործընթացում ունեցած դերի մասին: Հոգեբանական գիտությունների թեկնածու  Լուսինե Ղարախանյանի խոսքը հեռուստատեսությամբ  հնչող լեզվական մշակույթի, հայկական բազմասերիանոց ֆիլմերում օգտագործվող ՙբակային լեզվի՚ մասին էր: Որ գրական հայերենը աղավաղվում է, որ եթերից քարոզվում է  դաժանություն և բռնություն, որ լեզվական  արվեստի աղճատումը տանում է դեպի  ազգային տհասություն: Լեզվի՝ որպես հայրենիքի, որպես ազգի ինքնության պահպանման ամենահզոր զենքի  մասին արտահայտվեց Ստեփանակերտի հայոց լեզվի և գրականության քաղաքային առարկայական մեթոդմիավորման  նախագահ  Իրա Սարինյանը: Երեկոյի ընթացքում խոսվեց այն մասին, որ լեզվի պետական տեսչությունը  կազմակերպում է ստույգայցեր  հանրապետության շրջանների ու մայրաքաղաքի դպրոցներում, կրթական  հաստատություններում: Տեսչության  իրավասությունների մեջ է նաև  հանրապետությունում  գովազդները, վահանակները և ցուցանակները հայերենով վարելու  գործընթացի վերահսկումը, ինչն իրագործվում է մասամբ:  Հայերենի պահպանման և տարածման գործում ունեցած վաստակի համար ԼՂՀ ԿԳ նախարարության պատվոգրով  և հուշանվերներով պարգևատրվեցին  Սուսաննա Գալստյանը (Ասկերանի  շրջան, Նորագյուղի միջնակարգ դպրոց), Հասմիկ Ավանեսյանը (Շուշի, Մուրացանի անվան ավագ դպրոց), Զոյա Իսկանդարյանը (Մարտակերտի շրջան , Հաթերք, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի), Ջուլիետա Սարգսյանը (Մարտունի,  թիվ 1 հոսքային դպրոց), Լիանա Ծատրյանը (Ստեփանակերտ,  թիվ 12 դպրոց), Կարինե Իշխանյանը (Ստեփանակերտ,  թիվ 2 դպրոց), Մանուշ Բալայանը (Ստեփանակերտ, թիվ 11 դպրոց): Ասմունքի մրցույթում առաջնային  տեղ գրավելու համար պարգևատրվեցին  Ասպրամ Իսրայելյանը (Ստեփանակերտ, թիվ 1 դպրոց), Հասմիկ Արզումանյանը և Նարինե Միրզաջանյանը ( Ստեփանակերտ, թիվ 11 դպրոց):  Երեկոյի ընթացքում  արտասանությամբ հանդես եկան դպրոցականներ Հասմիկ Արզումանյանը,   Նարինե  Միրզաջանյանը, Ասպրամ  Իսրայելյանը, գեղարվեստական կատարումներով` ՙՄենք ենք մեր սարերը՚  պետական ազգագրական համույթը, պարերով՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  սաները (պարերի բեմադրությունը՝ Գարրի Ավանեսյանի):  
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.