comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ

altԳրող, արձակագիր  Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին և մահվան 25-րդ տարելիցին  էր  նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որը բացեց տնօրեն Կարինե Հայրապետյանը: 
Գրողի չափածոյի մասին զեկուցում կարդաց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սիլվա Խաչատրյանը. 7 տարի է, ինչ նա ուսումնասիրում է Վ. Օվյանի այդ ժանրի ստեղծագործությունները: ՙԻր ստեղծած գրականության մեջ նա այնպիսին էր, ինչպիսին կյանքում. դեպի ընթերցողի սիրտը տանող ճանապարհը ազնվությունն էր և անկեղծությունը,- ասաց բանախոսը:- Նրա քերթվածքները լի են սիրով ու հայրենասիրությամբ դեպի հայրենիքը, դեպի Արցախ աշխարհը: Իր վիշտն ու ուրախությունը, իր տագնապները նա արտահայտում էր իր բանաստեղծություններում՚:
 ՙՉիմացա` Արցախս ինչպես գողացան՚,- գրում է բանաստեղծը: Նրա քաղաքացիական նկարագիրը բացահայտվում է երգիծանքում: Ծաղկում են շողոքորթությունը, քծնանքը, փարիսեցիությունը, ճառամոլությունը: Բանաստեղծն անտարբեր չէր կարող անցնել կյանքի անարդարությունների կողքով: Դաժան ժամանակների մեջ նրա պոեզիայում ապրում են հուսահատության երանգներ, որոնք տեղի են տալիս ցասումի (ՙՀիմա էլ լռենք՚): Երանի թե ապրեր ու տեսներ 1988-ի հզոր պոռթկումը և նվաճված ազատ ու անկախ ապրելու իրավունքը, իր ստեղծագործություններով ցրեր որդեկորույս մայրերի մորմոքը: ՙԱյս Ղարաբաղն է՚ բանաստեղծությունը անզուգական քերթվածք է, որի մեջ Արցախի անցյալն ու ներկան են: ՙԵս  պատիվ եմ ունեցել մարզային ռադիոյում աշխատել Վ. Օվյանի հետ,- ասաց ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը:-Տարիների հեռավորությունից դատելով` նա առանձնանում էր ուրույն գրչով, ինքնատիպությամբ: Միջոցառումը հանրությանն ավելի ճանաչելի դարձնելու միջոց է, քանի որ նրա արխիվից հանվում են նորանոր գործեր, որոնք ժամանակին հնարավոր չէր տպագրության հանձնել: Պարզ ու հասարակ էր ու տաղանդավոր: Ամեն օր հանդիպում էինք. ինքը գրական-գեղարվեստական բաժնի խմբագիրն էր, ես` հաղորդավար: Արցախյան հումորի ու երգիծանքի մեջ Օվյանը հիմնաքար է դրել: Նա նաև մեր խամրած ազգային-ազատագրական պայքարի ոգորումները հանձնել է թղթին:  Իր պարզության մեջ նրա հոգում բարդ խմորումներ էին տեղի ունենում: ՙՄախաթ՚ հաղորդման մեջ նրա երգիծանքը և հումորը փայլում էին, և հաղորդումը վայելում էր մեծ ժողովրդականություն: Լուրջ խոսքի մեջ անգամ հումոր ուներ: Ծաղրում էր  փարիսեցիությունը: Սրամտությունները հանպատրաստից ծնվում էին: Միջոցառումը Վ. Օվյանի հանրաճանաչման սկիզբը պետք է դառնա՚:
ԼՂՀ ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը պատմեց դրվագներ`  ներկայացնելով Օվյանին: Նա հատկապես ընդգծեց, որ ՙՄախաթ՚ հաղորդմանը ժողովուրդն անհամբեր սպասում էր, ունկնդրում հաճույքով, ապա արտասանեց Օվյանի երգիծական ստեղծագործություններից:
ՙՎազգեն Օվյանի գրական ժառանգությունը դեռ ուսումնասիրության կարիք ունի,- ասաց ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը:-ՙՄախաթ՚-ին շատերն էին սպասում և վախենում էին նրա ՙհերոսը՚ դառնալ: Այսօր ևս նրա երգիծական գրչի կարիքը կա՚:
ՙԿենդանության օրոք Վազգեն Օվյանը հեղինակություն էր,- ասաց Ստեփանակերտի հ. 11 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բալայանը:- Թողել է բարձրարժեք ստեղծագործություններ, թատերգություններ: Խորհրդային կայսրապետության մեջ հնարավոր չէր հատկապես Ղարաբաղում խոսել ազգային խնդիրների մասին: Շիրազի անտիպ ՙՂարաբաղի ողբը՚  ձեռքից ձեռք էր անցնում: Այդ նույն ժամանակաշրջանում Օվյանը գրում էր բանաստեղծություններ, որոնք մնացին անտիպ: 1982-ին ես բախտ եմ ունեցել լսել նրան, և մեզ` երիտասարդներիս  վրա նա մեծ տպավորություն թողեց: Այժմ Օվյանի անտիպ գործերն ընթերցվում են, նրանցից մեջբերումներ են կատարվում՚: 
ՙՉէր կարող անտարբեր լինել և° լավի, և° վատի հանդեպ: Խիստ ընթերցասեր էր: Ծանոթ էր և գնահատում էր համաշխարհային գրականությունը: Վատի հանդեպ իմ անհանդուրժողականությունը նրանից եմ ժառանգել՚,- գրողի մասին հուշեր պատմեց որդին` Վարդգես Օվյանը, ապա երախտագիտություն հայտնեց գրադարանի տնօրենությանը` միջոցառումը կազմակերպելու համար: 
Գրողի բանաստեղծություններից կատարվեցին արտասանություններ: 
 
ՙԱԱ՚