comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Երգիծանքը զենք է մարդկային դիմագիծը կորցրած հակամարդու և աշխարհում ցավալիորեն շատ արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Երգիծանքի վարպետ Վազգեն Օվյանը` հայրենի եզերքի ճակատագրով մտահոգ քաղաքացին, ոչ միայն չի միացել ծափահարողներին ու ճամարտակողներին, այլև իր սուր գրչով ձաղկել է նմաններին:
ՙԼեռների լեգենդը՚ գրքի հերթական շարքը կոչվում է ՙՊատմության դասին՚: Շարքի վերնագիրը հուշում է, որ այստեղ ընդգրկված բանաստեղծությունների հերոսները պատմական դեմքեր են` Մոցարտ, Նապոլեոն, Ներոն, Հաննիբալ, Բաթու խան, Դիոգենես, Պուշկին, Դոն Քիշոտ, Արքիմեդ, Ջորդանո Բրունո և այլք: Մարդկության պատմության մեջ վերոհիշյալ անուններն իրենց մնայուն տեղն են նվաճել: Մեկն արնախում սրիկա էր, անմեղ մարդկանց արյուն հեղող նվաճող (Բաթու խան), մյուսը` մի կտոր չոր հացով ու ՙմի բուռ ոսպով՚ բավարարվող, ոչ մեկի առաջ գլուխ չծռող, ՙանձնական հարցով դռներ չծեծող՚ սակավապետ ու արժանապատիվ փիլիսոփա (Դիոգենես), որին շքեղ բնակարանի փոխարեն մի դատարկ տակառն էլ բավական էր: Այս բանաստեղծությունն ունի խոր ենթատեքստ` մարդկության պատմության առաջընթացը նշանավորող արժեքներ ստեղծում են ոչ թե ՙդարի ավարը՚ հափշտակողներն ու ՙաշխարհի շալակը ելած՚-ները, այլ տակառում, հյուղակներում ու խրճիթներում, կարիքի մեջ ապրող և աշխարհի բեռն իրենց ուսերին ու հոգու մեջ կրող անհատականությունները: Այդպես էր երեկ: Այդպես է այսօր:
Շարքի ՙԲանաստեղծները՚ գործում Օվյանն անդրադառնում է բանաստեղծի վսեմ կոչման մասին իր մտորումներին. ո±վ է բանաստեղծը, գրողն առհասարակ, ո±րն է նրա դերը հասարակության մեջ, ինչպիսի±ն պիտի լինի նա: ՙԱրքունիքում տոն եղավ, երբ մենամարտում Պուշկինն ընկավ՚,- գրում է Վազգեն Օվյանը: Ժողովրդին ծառայող բանաստեղծի վախճանը, ինչ խոսք, որ տոն պիտի լիներ հակաժողովրդական բոլոր արքունիքների համար: Պալատական աշուղին են մեծարում ՙվերևները՚, որովհետև նա իրենց է ծառայում, ոչ թե ճշմարտությանը:
Տաղանդները` ժողովրդի ընտրյալ զավակները, ՙծառեր են կանգնած մայր հողի վրա՚, որոնց ՙճյուղերին` թունոտ ու նախանձ անտաղանդներն են միշտ քարեր նետում՚: ՙՀպարտ նայել մահվան աչքերին՚,- այսպիսի պահանջ է ներկայացնում Օվյանը բանաստեղծներին, նրանց, որոնք պարտավոր են և կոչված լինելու ժողովրդի առաջնորդը, նրա արդար իղձերի արտահայտիչն ու պայքարի անվեհեր զինվորը: Բանաստեղծ. ասել է թե` մարտիկ - այսպես է ըմբռնում բանաստեղծի կոչումը Վ. Օվյանը: 
Օվյանի բանաստեղծական տողն ընկալելու համար ընթերցողը գլուխ ջարդելու կարիք չի ունենում, քանի որ այն միանգամայն հստակ է, զերծ ավելորդ պաճուճանքներից ու խրթինաբանությունից: Իրերին իրենց անունները տալը Վազգեն Օվյանի բանաստեղծական տարերքն է, որը պարտադիր է յուրաքանչյուր ճշմարիտ բանաստեղծի համար: Ով-ով, մտավորականը, առավել ևս` բանաստեղծը, կոչված է խոսքի ուժով ծառանալու ընդդեմ կեղծիքի և մորթապաշտության և գլուխ պահելու իրավունք չունի: ՙՊայծառ և ըմբոստ երգով՚ միայն կարելի է ՙդասվել շարքը մեծերի՚: Ինքը` բանաստեղծը, հիրավի, իր ՙպայծառ ու ըմբոստ երգով՚ հուշարձան կերտեց իր և իր Արցախ աշխարհի համար: Երգը որպես զենք ՙգործածեց՚ բանաստեղծ Վ. Օվյանը` նպատակային, հատու և անվրեպ:
ՙԹամբի վրա՚ մարտնչելով պիտի բանաստեղծը հրաժեշտ տա աշխարհին, ինչպես զորավարը, ինչպես հռչակավոր Մակեդոնացին (ՙԹամբի վրա՚), այսինքն` միշտ դիրքերում, բարիկադների վրա` հետիոտն թե նժույգի վրա:
ՙՊատմության դասին՚ շարքի ՙՊատմություն՚ վերնագրով բանաստեղծության սյուժեն ամփոփում է խորհրդային 70 տարիների ընթացքում Ադրբեջանի կազմում գտնվող հայոց Արցախի ողբերգական պատմությունը, երբ ՙՆիազ Մուսաները մեր տանը նստած, պղծել են մեր տոհմածառը՚. եկել, նստել են մեր ընկուզենու տակ, ասել` ՙէս ծառը իմ պապն է տնկել՚:
Թուրք Մուսան սպանում է Ավան պապին, հափշտակում նրա սև ձին ու յափնջին, լպիրշորեն մտնում նրա օջախը` համոզելու նրանց, որ ինքն անմեղ է: Ժողովրդին հայտնի է ճշմարտությունը, սակայն, ՙակտիվիստ Համոն՚ հանդես է գալիս որպես հաշտարար և սպանվածի հարազատներին հորդորում է լռել: Եվ պատմությունն էլ հենց այստեղ ծռվեց, ցասումով գոչում է բանաստեղծը.
 
Ինչ-որ պատմագիր խառնեց 
ամեն բան, որ իբրև թե`
Օսմանցի Մուսան Արցախում 
ծնվեց,
Իսկ մենք էլ դառանք 
ազգությամբ ալբան, 
Դիմեցինք մինչև 
ինստանցիան վերջին,
Սրանք լսեցին նախատեցին մեզ:
 
Տեղն է մեզ, վրդովվում է բանաստեղծը, ՙավազակ Մուսան ինչպե±ս և ինչո±ւ է ընկել մեր կողմերը, որ ոտք մեկնի ու աչք տնկի մեր ունեցվածքին, այն էլ` բարեկամի դիմակ հագած՚.
 
Օ¯, բարեկամներ ունենք 
սրբապիղծ,
Անամոթաբար իրենցն են անում,
Երեկ մեր հողերն առել մեզանից,
Մեր պատմությունն են 
այսօր գողանում:
 
Ասես այսօր է գրվել բանաստեղծությունը:
Մեր պատմությունն առևանգողների ու խեղաթյուրողների թեմային Օվյանն անդրադարձել է մի շարք այլ բանաստեղծություններում: Երեկ թուրք Մուսան ՙպղծել է մեր տոհմածառը՚,
 
Իսկ նրա թոռն ու ծոռները այսօր,
Բռնած քերթում են 
մեր պատմությունը…
 
ՙՊողոս վարդապետի բողոքը՚ Տիրոջն ուղղված պաղատանք է պարզապես: ՙՏուր արիություն ու կամք մի համառ` ամեն զուռնայի ձենից չպարեմ՚,- Տիրոջն է դիմում Պողոս վարդապետը, ով հեղինակի խոսափողն է: ՙՏուր այնպիսի ձայն, որ այս աշխարհում բան հասկացնեմ խլականջներին՚,- շարունակում է իր խնդրանքը Տիրոջը.
 
Եվ Տեր իմ, տուր ինձ 
համարձակություն,
Որ իրերն իրենց անունով կոչեմ:
Ձգողության ուժ տուր ինձ 
մագնիսի,
Որ ոսկուց ժանգոտ 
երկաթը զատեմ...
 
Օվյանի չափածոն շնչում է Արցախով և առ Արցախը տածած բանաստեղծի անեզրական սիրով: Բնության շնչավորման հիանալի օրինակներ կան Օվյանի պոեզիայում: Անվերապահորեն կարող ենք ասել, որ այստեղ նրա գրական ուսուցիչը Համո Սահյանն է, որի քնարերգության զուլալ ակունքներից ջուր է խմել նաև Օվյանը` ՙխոսեցնելով՚ հայրենի Արցախի բերդերին ու տաճարներին, սարերին ու ժայռերին, անձնավորելով թովիչ բնաշխարհը:
Ավա¯ղ, Օվյանը չտեսավ 1988-ին համաժողովրդական ցասման և համազգային ազատագրական շարժման հրդեհը հայրենի Արցախում, սակայն իր ապրած տարիներին, համազգային շարժումից դեռ շատ առաջ նյարդի յուրաքանչյուր թելով նա զգացել էր նման վերահաս ու փրկարար փոթորկի հնարավորությունը և բաղձանքով սպասել այդ օրվան:
 
 
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու