comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՏԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՏԱ

 altՕրերս Շուշի քաղաքում շինարարության ժամանակ հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվեց վաղքրիստոնեական դամբարանադաշտ: ԼՂՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը կազմակերպեց դամբարանադաշտի նախնական հետազոտում, որն իրականացրեց Արցախի պետհամալսարանի պատմության ամբիոնի վարիչ, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի անդամ Վարդգես Սաֆարյանը: Թե ի՞նչ նշանակություն ունի վաղքրիստոնեական դամբարանադաշտի հայտնաբերումը հենց Շուշիում, մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ:

-Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն  ու մտավորականությունն իրենց ժողովրդին քարոզել են մի առասպել, ըստ որի Շուշին ծագել ու գոյատևել է որպես ադրբեջանական քաղաք և ադրբեջանական մշակույթի բնօրրան: Շուշի քաղաքի տարածքում պատահաբար հայտնաբերված դամբարանադաշտը շատ կարևոր է հենց այն առումով, որ մինչև հիմա Շուշիի վաղքրիստոնեական մշակույթի ու պատմության մասին մենք բացարձակապես ոչինչ չգիտեինք: Նորաբաց նյութը ևս մի լուրջ փաստ է վերջ դնելու Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կողմից բնակեցնելու ադրբեջանական առասպելին: Մինչև Շուշիի ազատագրումը տարածքի հայկական պատկանելությունը հստակորեն ցուցելու համար հայ հետազոտողները ստիպված էին բավարարվել առավելապես գրավոր աղբյուրների և նոր ժամանակների`18-19-րդ դարերի  իրողությունների քննությամբ, իսկ հնագիտական, վիմագրական և տեղագրական բազմաթիվ նյութեր մատչելի չէին հայ ուսումնասիրողների համար: Դրանք ֆիզիկապես մատչելի դարձան միայն Շուշիի ազատագրումից հետո: 
  Այս առումով դեռևս 2004թ. մայիսին ՙՇուշի՚ հիմնադրամի նախաձեռնությամբ, ՙԵրկիր՚ և ՙԵրկիր ավետյաց՚ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ դաշտային հնագիտական դիտումների միջոցով կազմվեցին  Շուշիի և նրա շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու դրանց տեղաբաշխման քարտեզը, իսկ 2005թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, պեղումներ է իրականացրել  Շուշի քաղաքի մի քանի վայրերում, նպատակ ունենալով ցույց տալ, որ Շուշիի սարահարթը բնակեցված էր և ունեցել է հայկական մշակույթ մինչև 18-րդ դարի 50-ական թվականները` Փանահի հայտնվելը: 
-Եվ ինչպիսի՞նն էին արդյունքները:
-  Շուշիի արևելյան պարսպապատին կից գտնվող Հայ-ռուսական գերեզմանոցի հին հատվածի պեղումների ժամանակ գտնվել են 12-13-րդ դդ. հինգ խաչքարեր, որոնք հետագայում` 19-րդ դարի կեսերին, օգտագործվել են նոր գերեզմանների վրա: Այդ խաչքարերը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր դեռ 12-րդ դարից՝ Խաչենի իշխանության ամենածաղկուն դարաշրջանում: 2005 թվականին մեր արշավախմբի ամենամեծ երազանքն էր վաղքրիստոենական որևէ հուշարձան հայտնաբերել բուն քաղաքի տարածքում: Եվ ահա՝ նորաբաց դամբարանները վկայում են,  որ հայերն ապրել են Շուշի քաղաքի տարածքում արդեն իսկ 6-7-րդ դարերում: Այդ իսկ համատեքստում տարօրինակ ու անընդունելի է այն հայտարարությունը, որ տվյալ ՙդամբարանադաշտը կարևոր չէ՚, քանի որ ՙվաղքրիստոնեական դամբարանները ուղեկցող նյութ չեն պարունակում՚: Հիշեցնեմ, որ Տիգրանակերտի վաղքրիստոնեական թևավոր խաչերը հենց նման դամբարանադաշտից են ծագում:
Ընդհանրապես, Շուշիի պեղումները շատ կարևոր են հայրենի պատմության ու մշակույթի հետազոտության, պրոպագանդման տեսանկյունից և պիտի դառնան պետության մշտական հոգածության առարկա։
 
Ալեքսանդր ՂՈՒԼՅԱՆ