comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

altՀանրահայտ է, որ Ղարաբաղյան շարժման կարևոր խթաններից մեկը ինքնավար մարզի հայկական կրթօջախներում լիարժեք հայեցի կրթության ապահովման անհրաժեշտությունն էր։ 
Գաղտնիք չէ, որ հայկական դպրոցները, մանավանդ, քաղաքներում և, առանձնապես, Ստեփանակերտում, հետզհետե ռուսականացվում էին, ինչի հետևանքով տարեցտարի ահագնանում էր ռուսերեն ուսուցում ստացող հայ աշակերտության տեսակարար կշիռը։ 
Եվ հայ աշակերտության մի զգալի հատված ակամա անհաղորդ էր մնում մայր  ժողովրդի  պատմության, հայոց լեզվի ու գրականության, ազգային մշակույթի և արվեստի արժեքներին։ Միևնույն ժամանակ, հայկական դպրոցներում սովորող աշակերտությունը զրկված էր հայոց պատմության ու մշակույթի իրողությունները յուրացնելու հնարավորությունից։ Բնականաբար, խոսք լինել չէր կարող հայրենի երկրամասի՝ Արցախի բազմադարյա պատմությունը ինքնավար մարզի հայազգի աշակերտությանն ուսուցանելու մասին։ 
Փաստորեն իրականացվում էր մարզի հայ բնակչության լրիվ կամ մասնակի   ուծացման քաղաքականություն, որը հավասարազոր է ՙսպիտակ ջարդի՚, ՙսպիտակ ցեղասպանության՚։ Ինչ խոսք, դա լիովին համապատասխանում էր ազգային փոքրամասնությունների նկատմամբ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների քաղաքական շահերին։ Այս համատեքստում հիշենք Ադրբեջանում լեզգիների, ավարների, թալիշների, ցախուրների, ռուտուլների և ազգային փոքրամասնությունների վերածված բնիկ այլ ազգությունների հետ կատարվածը, որոնք բոլորն էլ ճնշող մեծամասնությամբ ուծացվել են։
Ադրբեջանի պետականակիր երկու ազգերից մեկի՝ հայ ազգաբնակչության նկատմամբ Բաքվի իշխանությունների քաղաքականությունը երկսայր էր. մի կողմից  առաջ էր մղվում հայ քաղաքացիների հետևողական զոմբիացման գործընթացը, մյուս կողմից՝ ամենատարբեր ձևերով (նպատակային արհեստագործական ուսուցման և զանգվածային շինարարական աշխատանքների կատարման պատրվակներով այլ քաղաքներ տեղափոխում, աշխատատեղերի արհեստական բացակայության կազմակերպում, շանտաժ, ահաբեկում, քաղաքական հալածանք, աքսոր, ձերբակալություն  և այլն) իրականացվում էր ազգային բնօրրանից և կամ պարզապես բնակության վայրից հայերի հեռացման, վտարման, տեղահանման քաղաքականությունը, ինչպես դա տեղի էր ունենում նախիջևանահանության պարագայում։ ԼՂԻՄ-ը նույնպես հայաթափվում էր, իհարկե, ոչ այն թափով ու ծավալներով, ինչպես Նախիջևանում, քանզի առկա էր որոշակի բացահայտ և կամ սքողված դիմադրություն, բայց, այնուամենայնիվ, այստեղ ևս իրավիճակը տխուր էր։  
Ի տարբերություն ԽՍՀՄ այլ ինքնավար պետական կազմավորումների, ԼՂԻՄ¬ը տասնամյակներ շարունակ չուներ բարձր որակավորման կադրերի պատրաստման որևէ կրթական հաստատություն։ Մի որոշակի ժամանակահատված՝ 1938-1953 թթ., այն էլ՝ տևական ընդհատումներով, գործում էր Շուշիի, ապա Ստեփանակերտ տեղափոխված  երկամյա մանկավարժական ինստիտուտը, որը, որպես թերի բարձրագույն կրթական հաստատություն,  միայն ուսուցչական կադրեր էր պատրաստում։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը միայն ուսուցչական կադրերի կարիք չէ, որ ուներ։ Բարձր որակավորման կադրերի մեծ խնդիր կար մարզի կենսագործունեության՝ առանց բացառության բոլոր ոլորտներում ու բնագավառներում։ Եվ արցախցի երիտասարդությունը սովորելու էր մեկնում ինչպես Բաքու ու Երևան, նույնպես և Խորհրդային Միության այլ քաղաքներ, որտեղից մեծամաամբ չէր վերադառնում։ 
Սկսած 1960-ական  թվականներից՝ սաստկացան Լեռնային Ղարաբաղի հայ մտավորականության բողոք-պահանջները` կապված ինքնավար մարզում բուհական համակարգի ստեղծման անհրաժեշտության հետ։ Բողոքի այդ ալիքը միութենական և հանրապետական ղեկավարությանը ստիպեց վերանայել ու որոշ շտկումներ կատարել ինքնավար մարզի կրթական համակարգում իրականացվող քաղաքականության մեջ: 
1969 թվականին ստեղծվեց Ադրբեջանի  Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը, ինչով, փաստորեն, արձանագրվեց բարձրագույն կրթության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Նորաստեղծ բուհական մասնաճյուղի կառուցվածքում հայկականի և ռուսականի  հետ մեկտեղ ներառվեց նաեւ ադրբեջանական բաժանմունք: Միևնույն ժամանակ, փակվեց Բաքվի մանկավարժականի հայկական բաժանմունքը։ 
Իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ այդ ճանապարհով Ադրբեջանը լուծեց իր համար կարեւոր մի շարք ռազմավարական հարցեր.
- դադարեցվեց հանրապետության մայրաքաղաքի՝ Բաքվի թեկուզ եւ մասամբ, բայց այնուամենայնիվ, հայեցի բարձրագույն կրթօջախի գոյությունը,
- վերացվեց Բաքվում հայ մտավորականության վերարտադրության եւ հետագա առկայության հնարավորությունը,
- արագացվեց Ադրբեջանի մայրաքաղաքի հայաթափման վաղուց արդեն հետեւողականորեն իրականացվող գործընթացը,
- սկսվեց ձեւավորվել զուտ ադրբեջանական մտավորականությունը հայկական Արցախում,
- կտրուկ ավելացավ ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության թվաքանակը հարակից շրջաններից եկող վերաբնակիչների հաշվին,
- սկսեց հետզհետե մեծանալ Բաքվի իշխանությունների կողմից ՙտեղական կադրեր՚ հորջորջված ադրբեջանցի պաշտոնյաների տեսակարար կշիռն ինքնավարության պետական եւ հանրային կառույցներում։
Հիմնադիրների մտահղացմամբ ԼՂԻՄ առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը կոչված էր դառնալ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով դասավանդող ուսուցիչների պատրաստման տարածաշրջանային կենտրոն, որը պետք է մանկավարժական կադրեր թողարկեր ԼՂԻՄ և նրա հարակից ադրբեջանական շրջանների դպրոցների համար: Թե ինչ ռազմավարական նպատակներից ելնելով՝ կարելի է դատել Հեյդար Ալիեւի մի հարցազրույցից, որ հրապարակվել է  Բաքվի ՙԶերկալո՚ թերթի 2002թ. հուլիսի 23-ի համարում։ Մեջբերում եմ.  ՙԵրբ ես առաջին քարտուղար էի՝ ջանում էի այնտեղ փոխել ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղն ինստիտուտ՝ բուհ բացելու հարց էր բարձարցրել: Մեզ մոտ բոլորն էլ առարկում էին: Մտածեցի, որոշեցի բացել, բայց պայմանով, որ երեք բաժանմունք լինի` ադրբեջանական, ռուսական, հայկական: Այնտեղ մենք բացեցինք կոշիկի մի մեծ ֆաբրիկա: Բուն Ստեփանակերտում բանվորական ուժ չկար: Այնտեղ ուղարկեցինք մարզի շրջակա վայրերի ադրբեջանցիներին: Այդ եւ այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի՚։ 
Առաջին հայացքից կարծես թե ուրախալի փաստ էր ԼՂԻՄ-ում ինքնուրույն պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրումը։ Սակայն, դրա հետ մեկտեղ, չմոռանանք նաև այն բացասական դերը, որ խաղաց մանկավարժական ինստիտուտը` ապահովելով ադրբեջանցի, այսպես կոչված, ՙմտավորականների՚ շռնդալի ներհոսքն ինքնավար մարզ ու նրանց քայքայիչ գործունեությունն Արցախյան շարժման ժամանակ ու նրա նախորդ տարիներին։ 
Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող երկար տեւել: Օրըստօրե ծավալվում էր Ղարաբաղյան շարժումը, որի առաջնագծում էին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայազգի պրոֆեսորա-դասախոսական կազմը եւ  ուսանողությունը։ 
Ի պատասխան այդ ակտիվ մասնակցության՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը, ԼՂԻՄ եւ ԱդրԽՍՀ իշխանությունների մատուցմամբ, 1988թ. հոկտեմբերի 18-ին որոշում կայացրեց Ստեփանակերտի Սովետական Ադրբեջանի 60-ամյակի անվան մանկավարժական ինստիտուտը ժամանակավորապես փակելու մասին։ Իրականում Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը փակվեց  վերջնականապես՝ ընդմիշտ դադարեցնելով իր գործունեությունը և որպես իրավաբանական անձի իր գոյությունը։ 
Ստեփանակերտի փաստորեն լուծարված մանկավարժականի հայազգի ուսանողների ուսուցումը շատ չանցած կազմակերպվեց Կիրովականի՝   ներկայիս Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հարկի ներքո։ Ավաղ, դա տևեց անչափ կարճ մի ժամանակահատված՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Արցախցի ուսանողներն ու դասախոսները ստիպված էին վերադառնալ։
Ստեղծված իրավիճակից, որի պայմաններում Արցախում թե՜ իրավական և թե՜ գործնական առումներով գոյություն չուներ որևէ բուհական հաստատություն,  էական ելք հանդիսացավ Կիրովականի մանկավարժականի խորհրդատվական կետի բացումը Ստեփանակերտում՝ հակառակ Ադրբեջանի հարուցած արգելքների ու խոչընդոտների։  Ապա Հայաստան-Արցախ համատեղ ջանքերով և Հայկական ԽՍՀ ժողովրդական կրթության նախարարության կոլեգիայի 1989թ. մարտի 13-ի թիվ 5 որոշմամբ խորհրդատվական կետը վերակազմավորվեց նույն ինստիտուտի բաժանմունքի։ 
Այս նշանակալի իրադարձությամբ փաստորեն ազդարարվեց ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մուտքն Արցախ, ինչն ինքնին դարձավ արցախահայության առաջին մեծ ձեռքբերումներից մեկը Ղարաբաղյան շարժման որդեգրած գաղափարների ու նպատակների իրականացման ճանապարհին։
Հայաստանի բուհական կրթահամակարգի մուտքն Արցախ հետագայում վերածվեց իրական հաղթարշավի, որի ակունքներում, Կիրովականի ինստիտուտի օրինակով, կանգնեցին մայր հայրենիքի նաև մյուս բուհերը, այդ թվում, առանձնապես, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ներկայումս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Արդեն 1990-1991 ուստարում՝ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների փոխհամաձայնությամբ, Ստեփանակերտում սկսեց գործել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական բաժանմունքը, որը հաջորդ ուստարվանից վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղի։ 
Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունքը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը, ի լրումն բուհական ստորաբաժանումների իրենց հիմնական նպատակային գործառույթների,  իրականում ունեցան ևս մեկ կարևոր դերակատարություն՝ դարձան այն ընդհանրացած հունդը, որից ծլարձակեց ու ծնունդ առավ Արցախի համալսարանական կրթության առաջնեկը՝ Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը՝ ներկայիս Արցախի պետական համալսարանը։ 
Անցած դարի 90-ական թվականների սկզբներին, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը կենաց ու մահու խնդիր էր դրել արցախահայության առջև, կայացվեց պատմական վճիռը՝ իրականություն դարձնել մեր ժողովրդի նաև այս վաղեմի երազանքը: 
Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի ստեղծման համար բազային նախադրյալ են ծառայել Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը, որոնց միավորմամբ էլ, ԼՂՀ և ՀՀ իշխանությունների փոխհամաձայնության պայմաններում, ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 1992թ. հոկտեմբերի 13-ի թիվ 509  պատմական որոշումը։  Համալսարանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 1993թ. մայիսի 10-ին՝ ի նշանավորումն Շուշիի ազատագրման առաջին տարեդարձի։  
Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը ներգրավվեց Հայաստանի բարձրագույն կրթության եւ գիտության նախարարության համակարգում։ Նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, ի լրումն Արցախում առկա պրոֆեսորա-դասախոսական կազմի, դասախոսական աշխատանքի հրավիրվեցին նաեւ այլ բնագավառներում ու ոլորտներում աշխատող փորձառու մասնագետներ եւս։ Բացի այդ, ներգրավվեցին Հայաստանից գործուղղված շուրջ երեք տասնյակ դասախոսներ՝ գիտության տարբեր ոլորտների ինչպես փորձառու, նույնպես և երիտասարդ մասնագետներ։ Համաժամանակ, եռանդուն ջանքեր էին գործադրվում համալսարանի նյութատեխնիկական բազայի կայացման ուղղությամբ։     
Իր գործունեության շուրջ 20 տարում մեր համալսարանն իրավամբ դարձել է բազմապրոֆիլ կրթական հաստատություն, բարձր որակավորման կադրերի պատրաստման դարբնոց, որի շրջանավարտները ներկայումս հաջողությամբ աշխատում են հանրապետության կենսագործունեության  բոլոր բնագավառներում ու ոլորտներում։ Ավելին, համալսարանն աստիճանաբար վերածվել է տարածաշրջանային կրթական հաստատության, որտեղ ուսանում են ոչ միայն բնիկ արցախցի պատանիներն ու աղջիկները։ 
Միևնույն ժամանակ, որպես մեր հանրապետությունում համալսարանական կրթության առաջնեկ, Արցախի պետական համալսարանը վերջին ավելի քան տասը տարում ստացել է մայր բուհի կարգավիճակ։ Ինչպես գիտեք, հանրապետությունում, սկսած 90-ական թվականների վերջերից, գործում են նաև մի շարք մասնավոր համալսարաններ, որոնց ծնունդը հիմնականում պայմանավորված է ԱրՊՀ առկայությամբ։ Մասամբ ԱրՊՀ-ի ծնունդ է նաև Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գոյությունը։         
Ամփոփեմ.
1.Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միակն էր ԽՍՀՄ այն ինքնավար պետական կազմավորումներից, որտեղ բացակայում էր բարձրագույն կրթական համակարգը։
2.Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղի բացումը 1969 թվականին, փաստորեն, արձանագրեց բարձրագույն կրթության մուտքը Լեռնային Ղարաբաղ։  Այն իրականացվեց զուտ քաղաքական հանգամանքների պարտադրանքով ու հեռագնա ոչ հայանպաստ քաղաքական ենթատեքստով։ 
3.Արցախում համալսարանական կրթությունը բացառապես արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արդյունքն է և նրա կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Այն  բոլորովին հնարավոր չէր Ադրբեջանի գերիշխանության պայմաններում, քանզի արմատականորեն հակասում էր այդ հանրապետության  իշխանությունների հակահայ քաղաքականությանը։ Բնականաբար, թե իրավական և թե փաստական առումներով միանգամայն անհիմն, հակաարդյունավետ և անընդունելի են  Արցախի պետական համալսարանի հիմնադրման տարեթիվը ավելի հեռավոր ժամանակաշրջան՝ 1969 թվական տեղափոխելու փորձերը։    
4.Արցախում կայացել է համալսարանական կրթահամակարգը՝ իր բոլոր ձեռքբերումներով, ինչու չէ՝ նաև բացթողումներով ու թերություններով, ընթացիկ ու հետագա հնարավոր բարեփոխումներով հանդերձ։ 
 
 
Արպատ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ
ԱրՊՀ պրոֆեսոր