[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՈՒՄ ՎԵՐԱՍԿԶԲՆԱՎՈՐԵԼ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Հուլիսի 12-ին ԱՀ ժուռնալիստների միության գրասենյակում (Ստեփանակերտ) տեղի ունեցավ Միության և Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի համատեղ միջոցառումը` նվիրված Արցախում գրատպության ստեղծման 190-ամյակին։ Կլոր սեղանը բացեց ԱՀ ժուռնալիստների միության նախագահ, գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը։ 

 Երևանի մանկավարժական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը նշեց, որ  Շուշի բերդաքաղաքում երկու դար առաջ հիմք է դրվել հայկական գրատպությանը, որը կարևոր, անգնահատելի  դեր է խաղացել հայ մշակույթի պատմության մեջ։ Փաստը գալիս է ապացուցելու, որ Շուշիի մասին ասելիքը դեռ կա, և այս առումով քաղաքը դեռ վերարժևորվելու կարիք ունի։ Հայ գրքի պատմությունը դեռ ամբողջական չէ, բայց պարբերական մամուլի պատմությունը՝ Մհեր Հարությունյանի կազմած տպագրական մամուլի մատենագիտության մասին գիրքը, չափազանց կարևոր հրատարակություններից մեկն է։ Երբ 2010թ. Երևանում առաջին անգամ կազմակերպվեց հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված գիտաժողով, 2 տարի անց Շուշիում ևս կազմակերպվեց այդ հիշարժան տարեթվին նվիրված միջոցառում, որտեղ խոսք եղավ անդրադառնալ նաև Շուշիի գրատպությանը, քանի որ հայ գրատպության պատմության մեջ անգնահատելի է Շուշիի կատարած դերը, որը պիտի գնահատել երեք տեսանկյունից։ Առաջին, որ Անդրկովկասի պատմության մեջ դա առաջին գրամշակութային կենտրոնն էր, երկրորդ, որ Շուշին առանձնակի երևույթ է եղել Կովկասի, բնականաբար, նաև Հայաստանի պատմության մեջ, որ Շուշին մեծ դեր է խաղացել հայ հասարակական գրքի զարգացման գործում։ 20-րդ դարի 90-ական թվականներին հնչեց այս միտքը՝ ՙՇուշին մեզ համար Անի է, Վան է...՚, այսինքն, որ այսօր՝ 21-րդ դարի տեսանկյունից ևս, Շուշիի դերը բարձր է գնահատվում։ Զեկուցողն առաջարկեց, որ Շուշիում հիմք դրվի գրատպության նորագույն զարգացումներին, հատկապես որ գրքի արժեքը տեխնոլոգիական զարգացումներից զատ շատ մեծ է մարդկության պատմության մեջ։ Գրատպության վերասկզբնավորումը Շուշիում ունի և՜ պատմական, և՜ մշակութային նշանակություն։ 

ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը մասնավորապես նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում պետք է նման տարեթվին ուշադրության արժանացնել, հասարակության ուշադրությունը հրավիրել, նորովի իմաստավորել, մեկ անգամ ևս փաստել, որ հայը մշակույթի ժողովուրդ է։ Մշակույթի մեջ գրատպությունն ուրույն տեղ ունի, և այն ժողովրդի ինտելեկտի արտահայտություններից մեկն է, անցյալի ժառանգության փոխանցման լավագույն միջոցը։ Այն, որ Շուշիում երկու դար առաջ տպարանը հիմնել են շվեյցարական ավետարանիչները, դա ամենևին ստվեր չի ձգում հայ գրատպության պատմության վրա։ Շուշին 19-րդ դարի 20-ականներից սկսած զարգացման  բուռն վերելքի ճանապարհ բռնեց, և քաղաքում սկսեց կենտրոնանալ հայ մտավորականության սերուցքը։ Շուշիում մշակութային կյանքի զարթոնքն այն տարիներին գրավել էր նաև դրսի ուշադրությունը։ Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ Շուշիում ձևավորվել էր այն միջավայրը, մթնոլոտը, որին պետք է օտար քարոզիչները  ուշադրություն դարձնեին։ Ճիշտ է, տպարանում սկզբում տպագրում էին կրոնական բնույթի գրքեր, բայց հետագայում, երբ սեփականության իրավունքն անցավ հայերի ձեռքը, սկսեցին տպել նաև աշխարհիկ գործեր, նույնիսկ թարգմանական գործեր համաշխարհային դասականներից։ Այսպես Շուշին դուրս եկավ ազգային կաղապարներից և վեր էր ածվում եվրոպական նշանակության մշակութային կենտրոնի։ Այստեղ տպագրվեց  171 անուն գիրք, որը վկայում է Շուշիում գրատպության պահանջարկի մասին։ 

Գրահրատարակության կարևոր ուղղություններից մեկը պարբերական մամուլն է։ 1874-1919թթ. Շուշիում տպագրվել են երեք տասնյակ անուն թերթեր և ամսագրեր, որոնք արտահայտիչն են եղել հասարակական-քաղաքական կյանքի, զարգացած մշակույթի։ Միջոցառումը հետապնդում է վերոնշյալների հանրահռչակման նպատակը և ենթադրում է Շուշիում վերասկզբնավորել տպագրության գործը. հիմնել թեկուզ մի փոքրիկ տպարան, որն իր դերակատարությունը կունենա  քաղաքակրթությունների ներկա հակամարտության մեջ։ 

Կիմ Գաբրիելյանը գործը սկսելու համար առաջարկեց ստեղծել հիմնադրամ։   

ԱՀ ԱԺ փոխնախագահ, պատմաբան Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախը կարող է մշակույթով ճանաչելի դառնալ աշխարհին, որ Գյումրին և Շուշին իրենց յուրահատուկ տեղն ունեն հայ քաղաքակրթական մտքի պատմության մեջ։ 19-րդ դարում Շուշիի մշակութային զարգացումը կապված է եղել տնտեսական վերելքի հետ։ Այստեղ է կուտակվել հայկական կապիտալը և վերածվել ազգային արժեքների։ Քաղաքում այն ժամանակ ստեղծվում էր քաղաքացիական հասարակություն. շուշեցու համար օպերան անծանոթ չէր և պարտադրված դահլիճ չէր լցվում։ Հայ մտավորականը նույնիսկ փորձում էր միջնադարյան վարքուբարքով ապրող թրքությանը ներքաշել մշակութային կյանքի մեջ։ Ստեղծվում էր բազմազգ մի քաղաք, որի հիմքը հայկական մշակույթն էր։ Մեր ժամանակներում անչափ կարևոր է Շուշին աշխարհին ներկայացնելը։ 

Պատմաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանը խոսեց Շուշիում կատարված պեղումների մասին, որը վկայում է, որ այստեղ բնակվել են դեռ քարե դարից, և որ այդ բնակավայրը եղել է սրբատեղի։ Շուշին իր մշակույթով եղել է հզոր քաղաք, որտեղ գրքեր էին տպագրում, և կարելի է այստեղ նորից գրահրատարակչություն ստեղծել։ Բանախոսը միաժամանակ նշեց, որ քաղաքի հին շենքերի պաշտպանությունը որպես կոլորիտ հրատապ է։ 

Լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանն  իր ելույթում երախտագիտություն հայտնեց շվեյցարական ավետարանիչներին, որ  ստեղծեցին գրատպություն, որը հետագայում անցավ մեր հայրենակիցների ձեռքը։ Մեծ նվիրում էր 171 գիրք տպագրելը, բայց տպագրությունը վերականգնելու համար պրոֆեսիոնալ տպագրիչներ են պետք, որպեսզի լույս ընծայված գրքերը մրցունակ լինեն։ Այնուամենայնիվ, գաղափարը  հմայիչ ու գայթակղիչ է, բայց պետք է մտածել բարեգործ գտնելու մասին, ով տիրություն կանի տպագրության գործին։ 

ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Յուլյա Հարությունյանը խոսեց Շուշիում 20-րդ դարի սկզբներին օտար լեզուներով լույս տեսած պարբերական հրատարակությունների մասին, որոնց մեջ հատուկ տեղ է հատկացվել ռուսերենին։ Ռուսերեն թերթերի հիմնական թեման մնում էր Շուշին, նրա առօրյան։ Մեզ հասած վերջին ռուսերեն թերթը Շուշիում տպագրվել է 1920-21թթ., որը հայտնի է ՙԿավկազսկայա կոմմունա՚ անունով։ Ռուսերեն պարբերականի հրատարակումն Արցախում հրատապ դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1940-41թթ. ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի 3-րդ էջը լույս էր տեսնում ռուսերեն։ 1941-1959 և 1980-1989թթ. լույս էր տեսնում ՙՍովետսկիյ Կարաբախ՚ թերթը, այսինքն՝ հայերենի ռուսերեն կրկնօրինակը։ Հետագայում Ստեփանակերտում լույս տեսան ռուսերեն լեզվով տարբեր թերթեր, որոնք շարունակում էին 20-րդ դարի առաջին 20-ամյակի լավագույն ավանդույթները։ 

Կիմ Գաբրիելյանը ներկայացրեց գիրքը, որն ընդգրկում է 1988-2018թթ. արված լուսանկարները։ Այստեղ գերակշիռ մաս են կազմում Վ. Պետրոսյանի լուսանկարները։ Լույս է տեսել սահմանափակ քանակով, նախաբանը գրված է 3 լեզուներով։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ