[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ՚

Անցկացվեց  միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը

 ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՙՎալեքս գարդեն հոթել՚ և ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ների աջակցությամբ ՙՎալեքս գարդեն հոթել՚-ի նիստերի դահլիճում սեպտեմբերի 14-ին իր աշխատանքներն սկսեց ՙՀայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան՚ խորագրով միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը` նվիրված Հայաստանի 1-ին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակներին: Գիտաժողովի համակազմակերպիչներն են Երևանի պետական և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանները: Այն բացեց  գիտաժողովի կազմկոմիտեի և ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ  Ավետիք Հարությունյանը: Այս տարվա հայոց կարևորագույն երկու տոների շարքում Ա.Հարությունյանը նշեց նաև  էրեբունի-Երևանի հիմնադրման  2800 և Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի 4510-ամյակները: Ըստ նրա`  գիտաժողովը նպատակ ունի գիտականորեն  վերլուծել ու ներկայացնել հայոց պետականության հատկապես վերջին 100-ամյակի հիմնախնդիրները,  ձեռքբերումներն ու անելիքները, որոնք կնպաստեն հայոց պետականության  պահպանմանը, զարգացմանն ու հզորացմանը, ինչպես  նաև Արցախի  երիտասարդ գիտական ներուժի բացահայտմանն ու միավորմանը:

Գիտաժողովին  մասնակցելու  հայտ  են  ներկայացրել    աշխարհի  7  երկրներից  105  գիտնականներ ու  տարբեր  ոլորտների   մասնագետներ, այդ   թվում՝  պրոֆեսորներ Գերմանիայից, Լեհաստանից, ՌԴ-ից, Հայաստանից  ու  Արցախից, մասնակցության հայտ են ներկայացրել գիտնականներ ԱՄՆ-ից, Բելառուսից: Չնայած այն երիտասարդական է, գիտաժողովին հրավիրվել են նաև փորձառու և ճանաչված գիտնականներ արտերկրից և Հայաստանից: ՙԱրդեն ավանդույթ դարձած նման գիտաժողովի շնորհիվ Արցախն աստիճանաբար  կդառնա արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային  և  միջազգային  կենտրոն՚,- ասաց Ա. Հարությունյանը`  հավելելով, որ գիտաժողովի   նյութերը կտպագրվեն կազմակերպության կողմից հիմնադրված ՙԳիտական  Արցախ՚  տարեգրքում:  

Գիտաժողովին ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Ֆահրադյանը, որը ներկայացրեց  փոխնախարար  Քրիստինե Ասատրյանը: Նրանում  հատկանշվում է հայկական երկու հանրապետությունների պատմության վերջին հարյուրամյակի  երկու կարևորագույն  իրադարձություններին նվիրված գիտաժողովի  անցկացումը  հինավուրց Արցախի  հողում.  դրանք  հայ ժողովրդի անկախության, ազատ և ինքնիշխան հայրենիքի համար պայքարի ամենամնայուն ձեռքբերումներն են: 

Արցախի իշխանությունների անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, որի խոսքով` գիտաժողովն  առիթ  է, որ   աշխարհի  տարբեր  երկրներից  հավաքված գիտնականները  կարողանան մտքեր փոխանակել, կառուցողական քննարկումներ ծավալել ոչ միայն ներհայկական, այլև աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ։ Ընդգծելով, որ ազգային-ազատագրական պայքարը միշտ ուղեկցել է հայ ժողովրդին իր հազարամյա  պատմության  ընթացքում, որը տարբեր դրսևորումներ է ունեցել ժամանակի մեջ, նախարարը նշեց, որ այս  գիտաժողովը   լավ  առիթ  է  հայացք նետելու մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վրա և գիտականորեն   գնահատելու պատմական  իրողությունները: ՙԴրանք ոչ միայն ներքաղաքական նշանակություն ունեն, այլև գլոբալ` աշխարհաքաղաքական: Արցախյան  շարժումը, որը   մեր  ազգային-ազատագրական  պայքարի   կարևորագույն  փուլն  է, ոչ   միայն  կանխորոշել  է  արցախահայության     ճակատագիրը,    այլև մի ամբողջ պետական համակարգի`  խորհրդային   ռեժիմի    փլուզման  սկիզբն է ազդարարել և  աշխարհակարգի  փոփոխությունը՚,-ասաց Ն. Աղաբալյանը` հավելելով, որ այսօր էլ` 30 տարի անց,  Արցախի Հանրապետությունը  շարունակում է մնալ կարևորագույն  գործոն տարածաշրջանում, և այստեղ խաղաղության,  կայունության պահպանումը չի կարող շրջանցել ղարաբաղյան հիմնախնդիրը: Այդ պատճառով էլ շատ կարևոր է ճիշտ գնահատել նաև այսօրվա մարտահրավերները և կարողանալ դիմակայել դրանց: Իսկ այսօրվա  մարտահրավերներից ամենակարևորը պետականության պահպանումն ու հզորացումն է: Կարևորագույն այդ առաքելությունը  պատվիրակված է նոր սերնդին, որը  պետք է ստանձնի պատասխանատվությունը ոչ միայն անվտանգության պահպանման,  հայոց պետության տեղի ու դերի հստակեցման, այլև երկրի  շենացման և  սոցիալ-տնտեսական զարգացման, տարբեր  նվաճումների գնահատման համար։

 Չխախտելով ավանդույթը` ամեն տարի Երևանի պետական համալսարանը ԱԵԳՄՄ կողմից  կազմակերպվող գիտաժողովին ուղարկում է ամենամեծ թվով  պատվիրակությունը:  Հայաստանի մայր բուհը ներկայացել է ավելի քան երկու տասնյակից բաղկացած խմբով:  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից ուղերձ է հղել գիտաժողովի մասնակիցներին, որը ներկայացրեց  բուհի դասախոս Գրիգոր Բալասանյանը:

Գիտաժողովի անցկացումն Արցախում ԵՊՀ ռեկտորն արժևորեց մեկ այլ տեսանկյունից. ցույց տալու, որ մեր հայրենիքի այս չքնաղ հատվածի օրակարգը ոչ միայն ռազմական ու վերականգնողական  բնույթի հարցերով է լցված, այլև որ նման միջոցառումների շնորհիվ Արցախը կենսունակ գաղափարների մշակման ու զարգացման դարբնոց է դառնալու: Դրանք գաղափարներ են, որոնց մի մասը  կոչված է լինելու նպաստել հայ ժողովրդի պետականության ամրապնդմանը, հանրության բարեկեցության բարձրացմանը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը. ՙԱյսքան շնորհաշատ երիտասարդների մեկտեղումը նման կարևոր վերտառություն ունեցող գիտաժողովում շատ բանի մասին է խոսում. նախ ի ցույց է դրվում, որ հայ հետազոտող  երիտասարդության գերակայությունը  հայոց ինքնիշխան պետականությունն է: Երկրորդ` գիտաժողովի արտասահմանցի  մասնակիցների ներկայությունը հիրավի անգնահատելի աջակցություն է վերոնշյալ գերակայության հարցում: Երրորդ` որ երկու պետության մեջ պարփակված մեր մեկ միասնական երկիրը շատ խնդիրներ ունի, որոնց լուծման բանալին ստեղծագործող, մտածող, գիտակից երիտասարդների ձեռքերում է՚,- ասվում է ուղերձում: 

Գիտաժողովի լիագումար նիստում զեկուցումներով հանդես եկան պ.գ.դ., պրոֆեսոր, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, դոկտորներ Օտտո Լուխտերհանդտը` Համբուրգի համալսարանից, Մարեկ Ժեյմոն` Լեհաստանից,  տնտեսագիտության դոկտորներ  Հայկ Սարգսյանը, Աշոտ Մարկոսյանը, դոցենտ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը (ԵՊՀ):

Լիագումար նիստից հետո գիտաժողովն աշխատանքները շարունակեց հինգ  մասնախմբերում: 

Գիտաժողովին ներկա էր ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ