comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է

 

 

 

1936  թվականից Հադրութ  շրջկենտրոնում  գործող    նախկին պիոներների  տունը  այսօր      մանկապատանեկան  ստեղծագործության  կենտրոն է, այս  մասին   մեզ  հետ  զրույցում   ասաց կենտրոնի  տնօրեն   Իրինա   Թամրազյանը։

 

Սկզբնական  շրջանում  կենտրոնում   գործում էին փոքրաթիվ    խմբակներ, իսկ   վերջին  5  տարվա    ընթացքում    խմբակների   թիվը հասել է  18-ի։ Գործում  են    գորգագործության, ուլունքագործության, բրուտագործության, պարի,   դհոլի, նկարչության, մաքրամեի, գոբելենի   և   այլ   խմբակներ։    

ՙԲացի  Հադրութից, շրջանի  6  համայնքներում  ևս  ունենք    գորգագործության, կարպետագործության,  բրուտագործության     և   ՙազգային     գուլպայի՚ խմբակներ։ Այս  տարի   Մեծ  Թաղերում  բացվել  է    գորգագործության  ևս  մեկ    խմբակ։ Մեր   կենտրոն է   հաճախում      360  աշակերտ, որից 180-ը` գյուղական համայնքներից:  Երեխաների  թիվը  տարեցտարի  ավելանում  է՚,-ուրախությամբ հավելել    է  տնօրենը  և  տեղեկացրել, որ   իրենք  պարբերաբար  մասնակցում  են   տարբեր   ցուցահանդեսների։

ՙԱրցախում  և  Հայաստանում   այժմ    այդ  գուլպաների  մեծ   պահանջարկ   կա,  և  նույնիսկ   չենք  հասցնում  այն    ցուցադրել  այլ  երկրներում  կազմակերպվող   ցուցահանդեսների։ Մենք  նկատել ենք, որ    ազգային   գուլպայի  գործվածքը  միայն   մեր   շրջանին  է  հատուկ։ Այն   յուրօրինակ     գործվածք  է, որը  մեծ  հմտություն  է   պահանջում։    Նկատելի  է, որ մեր սաներն առանձնակի սեր   են  տածում   դեպի     հայկական   արվեստներն  ու  արհեստները՚,-նկատել է տվել    կենտրոնի  պատասխանատուն։  

Ի դեպ, Կենտրոնի  շենքային  պայմաններն  այնքան  էլ  նախանձելի չեն։ Նախատեսվում  է   2019  թվականին   կառույցին նոր   շենք տրամադրել, նախատեսում  են նաև  բացել  թանգարան, որտեղ   ցուցադրության  կդրվեն   Կենտրոնի   ստեղծման   պահից  մինչ  այսօր      պահպանված     լավագույն      նմուշները։   

Դրանք դառնալու  են   գալիք սերունդների, զբոսաշրջիկների  և  հյուրերի   հետաքրքրության առարկան։ Այսօր  էլ խմբակավարները   շրջում  են  Հադրութի   գյուղերով  և  հավաքում    ամենահին   նախշերով  գործերը, որոնք   Կենտրոնում  վերարտադրում, նոր կյանք են ստանում։

 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ