comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՐՎԱԾՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐՎԱԾՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆՆ Է

Ընթերցողի սեղանին է արձակագիր Համլետ Մարտիրոսյանի (Մարտիրոս Ոբն) հերթական` ՙՄոմերն իզուր են այրվել մեղքերիս համար՚ գիրքը: Այն բաղկացած է փոքրածավալ մեկ վիպակից: Հոկտեմբերի 29-ին Արցախի պետական համալսարանի ընթերցասրահում կազմակերպվել էր գրքույկի քննարկում-շնորհանդեսը, որին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, հեղինակի գրչընկերներ: 

 Միջոցառումը վարում էր բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանը: Նրա խոսքով, գրքույկն արժանացել է ուսանողների հետաքրքրությանը, և դրա վկայությունն այն է, որ գրադարանում եղած միակ օրինակը ուսանողները փոխանցում են ձեռքից ձեռք: Զ. Սառաջյանի բնութագրմամբ` գիրքն ընթերցողին մղում է  հետադարձ հայացք ձգել անցած ճանապարհին` արդյոք ճի՞շտ է ապրել կյանքը, և եթե որևէ բացթողում կամ սխալ է ունեցել` անպայման ուղղել: 

Իսկ գրվածքի համառոտ սյուժեն հետևյալն է. 1993-ի դեկտեմբերին, ցրտաշունչ մի օր, լեփ-լեցուն ավտոբուսով վերադառնում էին հայրենի Կապան: Ճանապարհին ավտոբուսը փչանում է, և վիպակի հերոսին ՙԿամազով՚ վերցնում ու տուն է տանում հարևան Վարոսը: Իսկ տանը նրան դիմավորում են ծնողները: Հեղինակը անհուն կարոտով է հիշում այդ հանդիպումը, ինչպիսի գորովանքով են ընդունում հայրն ու մայրը, տաքացնում ու կերակրում: 

Չորս տարի անց, սակայն, նրա ծնողներն այլևս չկային, և հայրական տունը նրան դիմավորում է սառնությամբ. հայրական տունը մթության մեջ է, անհրապույր: Տհաճ զգացողություններ են առաջանում հերոսի հոգում: Նրան այդ վիճակից հանում է այրիացած Արփենիկը` ընթերցողին արդեն ծանոթ ՙԿամազ՚-ի վարորդ Վարոսի կինը: Երկուսի մոտ էլ մենակության զգացումը հանդիպման առաջին իսկ պահից մարմնապես իրար է միացնում: Հեղինակը պերճախոսությամբ նկարագրում է այդ տեսարանը, երկուսի ապրած զգացումները: Ստեղծագործությունն ավարտվում է ողբերգությամբ. գիշերվա վայելքից հետո, երբ հերոսը վերադառնում էր այնտեղ, որտեղից եկել էր, ճանապարհին վթարի է ենթարկվում, և հոգին անջատվում է մարմնից:

Ահա  այս սյուժեի շուրջ էլ ծավալվեցին քննարկումները: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Սոկրատ Խանյանը, մասնավորապես, նշեց, որ Համլետ Մարտիրոսյանը համաշխարհային արվեստի շերտերն իմացող ստեղծագործող  է և յուրացնելով`  քարոզում է այդ արժեքները: Սովորաբար իր գնահատականներում շռայլ Սոկրատ Խանյանն այս անգամ համեմատաբար զուսպ արտահայտվեց. ՙՉեմ ասում, որ այս գիրքը Համլետի լավագույն գործն է, բայց կհաստատեմ, որ վիպակն իսկապես ստացվել է, որովհետև ընթերցող ունի՚,-ասաց նա: Բանախոսի կարծիքով` հեղինակն ընթերցողին գրավել է պատմելու իր  ուրույն շնորհքով, ընտրած թեմայով:  Գրքի վերնագիրն ինքնին հուշում է մեղքի մասին. մարդը մեղսական է, և հենց այս գաղափարն է ընկած ստեղծագործության հիմքում: Գրականագետը գնահատեց հեղինակի պատկերաստեղծման կարողությունը: 

Բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Ղուլյանի կարծիքով` Ոբնը այն հեղինակներից է, որը տարբերվում է իր ձեռագրով: Այդ տեսակետից գրքույկը էականորեն չի տարբերվում նախորդ գրքերից` կա անմիջականություն, դեպքերի, սյուժեի ոչ ձգձգվածություն, ասելիքի հստակություն:  ՙՀեղինակն ասելիքը հասցրել է ընթերցողին, և այդ առումով հաջողված գործ է: Առաջին անգամ մեր արցախյան գրականության մեջ գործ ունենք անձի երկատվածության հետ, հեղինակը փորձում է բացատրել այդ երկատման պատճառները՚,- նշեց գրականագետը` ուշադրություն հրավիրելով նաև վերնագրի վրա, որը երկատման արտահայտություն է` մոմեր և մեղքեր: ՙԱյս հակադրականության մեջ Համլետը բերում է մարդու միասնականության գաղափարը: Երբ հասնում ենք տրամաբանական ավարտին` տեսնում ենք, որ ինչ-որ տեղ արդարացված է  հերոսի երախտամոռությունը: Այստեղ խոսողը նրա երկրորդ  ես-ն է: Յուրաքանչյուր մարդ բաղկացած է բարուց և չարից. մարդ և սատանա: Այդպես էլ  պատմվածքում է: Ընդհանուր առմամբ, հաջողված գործ է: Հաջողված  հենց անձի տրոհման, երկատման տեսանկյունից՚,- իր եզրակացությունն այդպես պատճառաբանեց գրականագետը:  

Հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանը նույնպես գրվածքը դիտարկեց հոգեբանական այնպիսի հասկացությունների տեսանկյունից, ինչպիսին են մեղքը,  խիղճը, անձի երկատվածությունը: 

Ստեփանակերտի թիվ 6  դպրոցի տնօրեն Արթուր Ավետիսյանը, որը Համլետ Մարտիրոսյանին ճանաչում է 40 տարուց ավելի, ներկայացավ որպես նրա ստեղծագործությունների երկրպագու:  Նրա կարծիքով` հեղինակին հաջողվել է  իրեն հատուկ վարպետությամբ ընթերցողի հետ ունենալ սրտաբաց զրույց և նրան անընդհատ պահել իր տիրույթում: 

Հեղինակին շնորհավորեցին և նորահրատարակ գրքույկի վերաբերյալ տպավորություններ հայտնեցին նաև Զինաիդա Բալայանը, Սիրվարդ Ստեփանյանը, Տաթև Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը,  ուսանողներ:

Ելույթ ունենալով` Մարտիրոս Ոբնը նախ փարատեց ինքնակենսագրական փաստ լինելու ոմանց կասկածը: Դա ընդամենը գրական հնարանք է, պարզաբանեց նա: Ինքը պարզապես փորձել է ցույց տալ, որ եթե մարդ կորցնում է ամենասուրբը, որն ապրեցնում է  նրան, ապա նա դատապարտված է կործանման` լինի ֆիզիկապես, թե հոգեպես: 

Քննարկման վերջում Զ. Սառաջյանը բուհի կողմից  Մարտիրոս Ոբնին նվիրեց  Շվոն Մարշալի ՙՀայրերի մեղքը՚ հրատարակությունը, իսկ միջոցառման մասնակիցներն էլ հեղինակից նրա մակագրությամբ ստացան ՙՄոմերն իզուր են այրվել մեղքերիս համար՚ գիրքը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ