[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԵՎԱՄԱՐԴ

Հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց Աշոտ Տաթևոսյանի  (Տաթև) ՙԱրևամարդ՚ արտ-պրոյեկտի ցուցադրությունը, որին ներկա էին հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի և գործադիր իշխանության պատասխանատուներ, գեղանկարչական արվեստի երկրպագուներ։ 

 Գեղանկարիչ, դիզայներ, ճարտարապետ Ա. Տաթևոսյանը ծնվել է Գյումրիում։  Հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ է անցել՝ ապրելով ու սովորելով տարբեր միջավայրերում. 11-12 տարեկանում, երբ ապրում էր Երևանում, Էրեբունի ամրոցի հարևանությամբ, որպես բանվոր մասնակցել է ակադեմիկ Պյոտրովսկու պեղումներին։ Գեղարվեստի ուսումնարանում սովորելու ժամանակ (9-րդ դասարանից), երբ Աշտարակում էտյուդներ էին անում, նկարչուհիներ Ասլամազյան քույրերը տեսնում-նկատում են նրա տաղանդը, հրավիրում են Մոսկվա։ Սովորում է Խարկովի գեղարվեստի ինստիտուտում, ինտերիերի դիզայն բաժնում, ապա փոխադրվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Ե՜վ սովորել է և՜ աշխատել։ Երևանում բացել է առաջին գեղարվեստի կոոպերատիվը։ 1993-ի ծանր տարիներին տեղափոխվել է Մոսկվա։  Զբաղվել է սիրած գործով՝ լանդշաֆտի դիզայնով, ճարտարապետությամբ, արել է դիզայներական նախագծեր ինտերիերի համար։ 

Մոսկվայում և Երևանում ունեցել է 3-4 անհատական ցուցահանդես։ Պրոյեկտներ ունի արված Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Ֆրանսիայում, այլ երկրներում։ ՀՀ և ՌԴ նկարիչների միության, ճարտարապետների միության անդամ է։ 

Ցուցահանդեսը բացեց նախագծի համակարգող Նարե Գիրոյանը՝ տեղեկացնելով, որ նկարիչը երկար ստեղծագործական ճանապարհ է անցել, բայց նրան իր համար բացահայտել է միայն վերջին տարիներին, և սկսվել  է իրենց համագործակցությունը։ Նա նշեց, որ Տաթևոսյանը յուրահատուկ է իր արվեստով, իր մարդկային տեսակով, որ ցուցադրության մեջ շեշտված է արևը, իսկ իրականում նրա կյանքը ևս պարունակում է արևային երանգներ։ Նկարիչը իր գործերով տրամադրություն է ստեղծում, քանի որ ներկայացված յուրաքանչյուր դիմանկարում արևային ինչ-որ բան կա։ Նկարիչը Արևամարդու կերպարն ստեղծել է` օգտագործելով տաք և սառը գույների ամենատարբեր նրբերանգներ։ Արվեստը պետք է էներգետիկ դաշտ ստեղծի, և նկարչին դա առավելագույնս հաջողվում է։ Գիրոյանին, որպես արվեստաբանի, զարմացնում են արվեստի տարբեր ուղղություններում առկա նկարչի գաղափարները։ 

Արվեստաբանը մանրամասն արտահայտվեց նաև ներկայացված գրաֆիկական  աշխատանքների մասին: 

ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը գործերում առանձնացրեց ինքնատիպ մոտեցումը, որը նկարչի ուղերձն է՝ արև, սեր, բարություն, գունային կոլորիտ, կոմպոզիցիոն թարմ ձևաչափ, ազատ մտածելակերպ։ 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունեց մեկուկես ամիս առաջ պայմանավորվածության արդյունքում բացված ցուցահանդեսի կապակցությամբ, նշելով, որ հայ ժողովուրդը հնուց անտի ունեցել է արևի պաշտամունք, որն արտահայտվել է ժայռապատկերներում։ 

Ցուցահանդեսին ներկայացել էին նաև նկարչի երևանյան արվեստագետ ընկերները։ Ողջույնի խոսք ասաց ճանաչված երգիչ Համլետ Գևորգյանը, ում աչքի առաջ ծնվել են ներկայացված նախագծի շատ գործեր։ Երգիչը կատարեց ՙԴու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս՚ հանրահայտ երգը։ 

Աշոտ Տաթևոսյանն իր նոր` ՙՆռան՚ շարքից նկար նվիրեց պատկերասրահին: 

Ցուցահանդեսում ներկայացված է 50 գեղանկարչական գործ: 

Տեղեկացնենք, որ սա նախագծի երկրորդ ցուցադրությունն է։ Առաջինը եղել է Մոսկվայում, երրորդը նախատեսվում է Երևանում, ապա մարզերում, համայնքներում։ Հրավեր կա նաև Հռոմից։

Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 15-ը։  

 

Մեր ճեպազրույցը Աշոտ Տաթևոսյանի հետ։

 

-Սկսենք ցուցադրության  խորագրից՝ Արևամարդ։ Հետաքրքիր է գտնված...

-Ինչ ասեմ, փիլիսոփայություն, թե՞ աշխարհայացք, գուցե կոչեմ՝ մոտեցում կյանքին. իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու մեջ կա լավ գիծ, արևային գիծ։ Դիմանկար ստեղծելիս ես ստեսնում եմ այդ լավը։ Ես փորձում եմ իմ նկարներով մարդուն ավելի լավը դարձնել։ Սա ինձ համար նպատակ է։ 

-Ձեր կենսագրության հետ ծանոթությունը թույլ է տալիս ասելու, որ դուք սիրում եք նվերներ տալ։

-Ես մեծ գործ եմ համարում, երբ դիմացինի տրամադրությունը բարձրացնում եմ, թեկուզ հարցուփորձով, թեկուզ մի լավ բառով, թեկուզ մի բան նվիրելով։ Այդկերպ՝ օրը փոխվում է, կյանքը փոխվում է։ Արևը շատ լավ է, բայց անձրևի մեջ էլ լավ բան կա։ Եթե դու մարդու մեջ լավն ես տեսնում, մարդը լավանում է։ Սա է իմ մոտեցումը։ 

-Նկարներդ վաճառվո՞ւմ են։

-Չեմ բողոքում։ Եթե ցուցահանդես եմ կազմակերպում, մեծ հեռավորության վրա նկարներ եմ բերում, ցուցադրում, որը գումարների հետ է կապված, ուրեմն, վաճառվում է։

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ ձեզ ձգում է ճշգրիտ գիտությունը, հատկապես մաթեմատիկան։

-Ինձ ձգում է գիտելիքը։ Իմ գործընկերներն ասում են , թե հնարավոր չէ, որ մարդ և՜ ճարտարապետ լինի, և՜ նկարիչ, և՜ քանդակագործ։ Բայց ես շատ երկրներում իմ նախագծով կառուցված շինություններ, շենքեր ունեմ։ Այսինքն, ճարտարապետությունը պահանջում է ճշգրիտ գիտելիքներ, մաթեմաթիկա, երկրաչափություն և այլն։

-Ձեր հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է, ճարտարապետություն, դիզայն, գեղանկարչություն, գրաֆիկա։

-Քանդակագործությունը դուրս մնաց։ Հուլիսին Հայաստանի նոր վարչապետի մասնակցությամբ բացեցինք մարշալ Բաբաջանյանի կիսանդրին, անցյալ տարի նոյեմբերին էլ մարշալ Բաղրամյանինը բացեցինք։ Այս ցուցահանդեսում տեղադրված է Մարտիրոս Սարյանի հուշատախտակի լուսանկարը։ Այլ քանդակներ ևս ունեմ։ Ինձ համար տարբերությունը նյութի մեջ է՝ մեկը քար է, մեկը ներկ, մեկը՝ խոսք։ Ես չեմ ձգտում ճարտարապետության մեջ դառնալ Ռաֆայել Իսրայելյան, կամ նկարչության մեջ՝ Մարտիրոս Սարյան։ Ես անում եմ այն, ինչ ստացվում է. ես մնում եմ որպես Աշոտ Տաթևոսյան։

-Ի դեպ, ձեր ազգանվան մասին։ 

-Սկզբում Տաթևը իմ ստեղծագործական կեղծանունն էր, հետո ազգանվանս առաջին տառը փոխեցի...

-Ձեր արմատները։

-Հայրական կողմս Արցախից է, 1880-ականներին Շուշիից են գաղթել Լոռի։ Մորական կողմս Գյումրիից է։ Մանկությունս անցել է Երևանում։ 

-Ապրելու ձեր կերպը, ձեր հավատամքը։

-Լավատեսություն։ Չդավաճանել գործին, օջախին, հայրենիքին։ Նաև՝ կյանքում անելանելի վիճակներ գոյություն չունեն։ Եթե հակառակը մտածես, կփոխվի, կխաթարվի ներքին աշխարհդ։

-Ձեր կապը ծննդավայրի, հանյրենիքի հետ։

-Ապրում եմ և Մոսկվայում, և՜ Երևանում։ Երկու վայրերում էլ արվեստանոցներ ունեմ։ Վերջերս էլ դարձա հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ։ Իսկ Արցախի հետ կապերս միշտ սերտ են եղել։ 

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ