comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՙԻՄ ՀՈԳԻՆ ՀԱՅԵՐԵՆ Է ԵՐԳՈՒՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՙԻՄ ՀՈԳԻՆ ՀԱՅԵՐԵՆ Է ԵՐԳՈՒՄ՚

Նոյեմբերի 11-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ Արցախի պետական ջազ-նվագախմբի և աշխարհահռչակ ջազ-երաժիշտ Սերգեյ Մանուկյանի համատեղ համերգը:

Որ Արցախում կան ջազային երաժշտության բազմաթիվ սիրահարներ, մեկ անգամ ևս վկայեց լեփ-լեցուն դահլիճը: Ե՜վ նվագախումբը` հիմնադիր Տիգրան Լալայանի ղեկավարությամբ,  ջազային կոմպոզիցիայի թեթև, հմուտ կատարմամբ, և՜ վարող Սարինե Հայրիյանը` իր անկաշկանդ, անմիջական խոսքով, միանգամից դահլիճին հաղորդեցին այն մթնոլորտը, որ առաջանում է միայն այնտեղ, որտեղ հնչում է ջազը:

Ինչպես տեղեկացրեց վարողը, նոյեմբերի 7-ին Երևանում  մեկնարկել է  Երևան ջազ ֆեստ 2018-ը: Հայկական ջազի համար տարին հոբելյանական է, լրացավ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 80-ամյակը, այն  ձևավորվել է 1938 թվականին կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի ջանքերով:

Եվ քանի որ Ջազի հայկական ասոցիացիայի և Մեցցո փրոդաքշնի նախաձեռնությամբ, ինչպես և ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Արցախն առաջին անգամ  ընդգրկվեց  Ջազ ֆեստի փառատոնային ծրագրում, արդյունքում ծնվեց այս հրաշալի համերգը: Բեմից հատուկ շնորհակալություն հայտնեցին համերգին ներկա ջազի հայկական ասոցիացիայի  նախագահ Կամո Մովսիսյանին: Ի դեպ, նույն կառույցի աջակցությամբ Արցախի ջազ-բենդն այս տարի առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու Ռոստովում կայանալիք  ջազ ֆեստին: Միանշանակ, դա մեծ պատիվ է ոչ միայն նվագախմբի, այլև Արցախի համար:

Երկու ժամ տևած համերգն անցավ մեկ ակնթարթի պես: Հնչեցին թե՜ դասական ջազային կոմպոզիցիաներ` հայտնի ջազային հիթեր, թե՜ հայ կոմպոզիտորների այս ոճում գրված երգեր և գործիքային ստեղծագործություններ: Վառ ելույթներով դահլիճին ջերմություն էին հաղորդում նվագախմբի մենակատարներ Տաթևիկ Բալայանը, Գոհար Ալեքսանյանը, Լիլիթ Ավանեսյանը, Մարատ Բալայանը, Երևանից հրավիրված շեփորահար Դավիթ Թադևոսյանը, դուդուկահար Վարազդատ Հովհաննիսյանը, կիթառահարներ Արեգ Օրդյանը, Ռոբերտ Սիմոնյանը: Եվ, անկասկած, այս հաջողությունը կյանքի կոչվեց Արցախի պետական ջազ-նվագախումբի ակտիվ գործունեության շնորհիվ, որի գեղարվեստական ղեկավարն է Ավետ Բադալյանը, ղեկավար-հիմնադիրը` Տիգրան Լալայանը:

Իսկ Սերգեյ Մանուկյանի կատարումները, անսպասելի իմպրովիզները հանդիսատեսների հետ անմիջական երաժշտական երկխոսություն էին: Եվ այն հարցին, թե որն է նրա երաժշտական վերելքի գաղտնիքը, երաժիշտը պարզ ու խորիմաստ պատասխանեց. ՙՊետք է շատ սիրել մարդկանց և երաժշտությունը՚:

Կարծում եմ, Սերգեյ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ ճեպազրույցն էլ ավելի կբացայտի նրա ներաշխարհը:

-Այս դահլիճում առաջին անգամ էիք երգում: 

-Ինձ դուր եկավ: Ես գոհ եմ: Լավ լսում էին, լավ արձագանքում: Պետք է ասեմ, որ հայկական լսարանը յուրահատուկ է:

-Ի՞նչն է յուրահատուկը:

-Նախ, հայերը շատ երաժշտական ժողովուրդ են: Մի ժողովուրդ, ով, իմ կարծիքով, ձգտում է աստվածային հասկացողության: Իսկ եթե ձգտում ես դեպի աստվածայինը, ուրեմն լավ ես հասկանում երաժշտությունը: Լավ հասկանում ես, լավ զգում, ուրեմն և կարող ես լավ կատարել:

-Պարոն Մանուկյան, Դուք բեմից ասացիք, որ պետք է սիրել մարդկանց, երաժշտությունը: Միայն այդ դեպքում կարող ես հասնել հաջողության: Իսկ Աստծո կա՞յծը:

-Դե, Աստծո կայծը հենց դրանում էլ կայանում է, երբ դու գտնվում ես սիրո վիճակում: Իսկ ո՞վ է Աստված: Աստված սեր է: Հենց դա է Աստծո կայծը:

-Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի վերելք: 

-Ե՜վ հեշտ էր, և՜ դժվար: Ամեն կերպ էլ լինում էր: Գիտեք, բոլոր դժվարությունները մարդու մեջ են թաքնված: Երբ դու պայքարում ես քո իսկ թերությունների հետ, հաղթահարում այն բարդույթները, որոնք քեզ խանգարում են հասկանալ, ընկալել աստվածայինը, երբ դրանք հաղթահարում ես, դրանք ուղեկցում են մարդուն ողջ կյանքում, և դու ի զորու ես լինում փոքր-ինչ մոտենալ աստվածայինին, կատարյալին:

-Ե՞րբ էր Ձեզ համար ավելի հեշտ երգելը` երիտասա՞րդ, թե՞ հասուն տարիքում:

-Գիտեք, այդպես չէի ասի: Պարզապես, փորձի հետ գալիս է այն, ինչ զգում ես բոլորովին ուրիշ կերպ: Չի կարող ինչ-որ բան չապրած մարդը հիանալի կատարել: Եթե չապրես, չես կարող լավ կատարել: Այո, փորձառության, հասունացման հետ մեկտեղ ավելի ու ավելի խորն ես զգում, ամբողջական ես տեսնում իրերը, ինչն, անշուշտ, արտացոլվում է քո կատարման մեջ:

-Իսկ հայկական ազգային երաժշտությունը տեղ ունի՞ Ձեր ստեղծագործության մեջ:

-Անշուշտ: Դա արտահայտվում է ինտոնացիաների մեջ: Ինչ էլ որ երգեմ` լինի դա բլյուզ, երգ, իմպրովիզացիա, բոլոր ինտոնացիաները հայեցի են: Դա մի անբացատրելի իրավիճակ է, երբ գիտակցությունից անկախ է ստացվում: Այո, կարելի է ասել, որ իմ հոգին հայերեն երգում է:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ