comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 10-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է որպես Գիտության համաշխարհային օր։ Այն առաջին անգամ նշվեց նաև  Արցախում՝ ՙԱրմենիա՚ հյուրանոցի դահլիճում։

Նախաձեռնությունը պատկանում էր ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ հասարակական կազմակերպությանը, որի անդամների ջանքերով կազմակերպված՝ ՙԱրցախի գիտության ներկան և ապագան՚ կլոր սեղանին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Արցախի գիտական կենտրոնի ղեկավարությունն ու գիտխորհրդի անդամները, երիտասարդ գիտնականներ, Արցախում գործող բուհերի ռեկտորներ, ուսանողներ։ Միջոցառման նպատակն էր բացահայտել գիտությամբ զբաղվող երիտասարդների հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները, երիտասարդ գիտնականների ներուժն ուղղորդել պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետությունում գիտության զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներին։ԱԵԳՄՄ  նախագահ Ավետիք Հարությունյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց գիտության նվիրյալներին, մաղթեց փայլուն գաղափարներ, հայրենիքին անմնացորդ նվիրվելու կարողություն և այդ գաղափարները կյանքի կոչելու նպատակասլացություն ու պայմաններ։ ՙԱվելորդ է ասել, թե գիտությունն ինչ նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ մարդկության զարգացման և նրան նետված մարտահրավերներին դիմակայելու գործում։ Համաշխարհային գիտության մեջ որոշակի նպաստ են բերել նաև հայ գիտնականները, որոնց հայտնագործությունների և առաջարկած տեսությունների վրա են հիմնված ժամանակակից մի շարք տեխնոլոգիաներ և տեսություններ՚,-ասաց Ա. Հարությունյանը։

Կլոր սեղանի մասնակիցները նախ լսեցին կազմակերպության անդամ Անուշ Դոլուխանյանի զեկուցումը՝ Արցախում երիտասարդ գիտնականների հիմնախնդիրների ուղղությամբ կատարված հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների գործունեության հիմնախնդրային դաշտը պայմանավորվում է գործոններով, որոնք, որպես կանոն, պետական քաղաքականության հետևանք են։ Սակայն վերոնշյալի խմբագրումն ու հրատապ լուծումը տեսականորեն հնարավոր չէ՝ պայմանավորված նաև գիտությանն առաջադրվող պահանջների առանձնահատկությամբ։ Այն ժամանակի ընթացքում կարող է իրականություն դառնալ քաղաքական կամքի դրսևորման պայմաններում՝ բացառապես համապատասխան մեխանիզմների մշակմամբ և ներդրմամբ։ ՙՀամաշխարհային և տարածաշրջանային ներկայիս զարգացումների պայմաններում Արցախի Հանրապետությունը հասարակական-քաղաքական ասպեկտում սեփական ինտելեկտուալ պոտենցիալն իրացնելու օբյեկտիվ պահանջներ է առաջ քաշում՝ արդի մարտահրավերներին դիմակայելու համար առաջադրելով ինտելեկտուալ ռեսուրսի համակենտրոնացում՚,-ասաց զեկուցողը։ 

Կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում գիտահետազոտական կենտրոնի (ուղեղային կենտրոն) ստեղծման անհրաժեշտության, երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների, գիտական միջոցառումների ֆինանսավորման, սարքերի ձեռքբերման, գիտական ստեղծագործությունների հրատարակման նպատակով հիմնադրամի ստեղծման, երիտասարդ գիտնականների և մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման, գիտահետազոտական դրամաշնորհների համար հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման, արտասահմանյան գրախոսվող գիտական պարբերականներում հոդվածների տպագրության խթանման և խրախուսման, միջազգային համագործակցության ակտիվացման ու միջազգային գիտական միջոցառումներին արցախցի մասնագետների մասնակցության ապահովման մասին հարցերը։ 

ՙԳիտությամբ զբաղվելու և դրական արդյունք ստանալու ամենակարևոր նախապայմանը ազատությունն է։ Եթե առանձնասենյակում նստած պաշտոնյան է որոշում, թե ինչ պիտի անի գիտնականը, արժե՞ զբաղվել այս կամ այն թեմայի հետազոտությամբ՝ նման պարագայում դրական արդյունք և զարգացում սպասելն անկարելի է՚,-ասաց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։ 

Կլոր սեղանի արդյունքների ամփոփման ժամանակ կարևորվեցին գիտական հիմնադրամի ստեղծման գաղափարը, գիտահետազոտական աշխատանքներին հատկացվող դրամաշնորհների ավելացումը։ ՙՄենք մեզ համար որպես կարգախոս ընտրել ենք գիտության միջոցով Արցախը դրսում ճանաչելի դարձնելը, և այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր կան արված։ Արցախի երիտասարդ գիտնականների ներկայացուցիչները մասնակցել են միջազգային տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների։ Ցանկալի է, որ նման միջոցառումների մասնակցությանը մեծ տեղ տրվի, ինչը կխթանի մեր նպատակների իրականացմանը՚,- ասաց Ավետիք Հարությունյանը։  

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ