[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ և ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Նոյեմբերի 14-ին Արցախի մայր բուհը հյուրընկալեց Բեյրութի հայկազյան համալսարանի ներկայացուցիչներին` նրա նախագահ (ռեկտոր) Փոլ Հայդոսթյանի գլխավորությամբ:

Խմբի մեջ էր նաև Մերձավոր Արևելքում ԱՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը: Նպատակը Հայկազյան համալսարանի կողմից հրատարակվող ՙՀայկազյան հայագիտական հանդես՚-ի հերթական` 38-րդ հատորի շնորհանդեսն էր և երկու բուհերի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: 

Հյուրերին ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա բարձր գնահատեց հայկազյան համալսարանի դերը, որը խթանում է հայապահպանման գործընթացը ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ Առաջավոր Ասիայում: Եվ պատահական չէ, որ իր  գոյության ավելի քան վեց տասնամյակների ընթացքում համալսարանի ուսանողների թիվը 43-ից հասել է շուրջ 700-ի: Մեծ նշանակություն ունի նրա հայագիտական հանդեսը, որտեղ տպագրվում են նաև արցախցի հեղինակներ:

ՙՀայկազյան հայագիտական հանդես՚-ի գլխավոր խմբագիր և Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը ներկայացրեց հանդեսը և մասնավարապես` նրա նորահրատարակ 38-րդ հատորը: 

Ասաց, որ հանդեսի նպատակն է քաջալերել Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայ մտավորականների գործունեությունը, աջակցել նրանց: Հանդեսում լույս են տեսնում հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր, գրախոսականներ, կյանքից հեռացած հայագետներին նվիրված մահախոսականներ: Հատորում ամփոփված է 40 հոդված: 

Խմբագրապետի խոսքով` ձգտում են հանդեսն ուժեղացնել ոչ միայն բովանդակությամբ, այլև ընդարձակել նրա աշխարհագրական սահմանները` ներառելով նաև  Արցախն ու Ջավախքը, Բրազիլիայից մինչև Հնդկաստան, մինչև ծայրագույն արևելք  և կոչ արեց մտավորականներին ակտիվորեն աշխատակցել հանդեսին: ՙԵկեք հայագիտությունը համահայկական երկնակամարում տեսնենք՚,-ասաց նա:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ողջունելով հայկազյանների այցելությունն Արցախի մայր բուհ, ասաց, որ այն առիթ կդառնա ԱրՊՀ-ի հետ գործնական կապերի ստեղծման և համագործակցության ակտիվացման: Նախարարը բարձր գնահատեց  Հայկազյան կրթական հաստատության դերը հայ ինքնության, հայագիտութան պահպանման ու զարգացման հարցում.  ՙՇատ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ հայ Սփյուռքը, եթե չլինեին այն նվիրյալները, որոնք ստեղծեցին հայկական դպրոցներ, վարժարաններ,  հայկական պարբերականներ: Հայկազյանը բոլոր այդ տարիներին հավատարիմ է մնացել իր առաքելությանը ու նաև` ՙՀայկազյան հայագիտական հանդես՚-ը, որը հայ մտքի արգասիքն է՚: Նախարարն էլ միացավ Ա. Դաքեսյանի հորդորին` հանդեսում ավելի շատ տեսնել հոդվածներ Արցախից, որովհետև այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է մեկտեղել հայ գիտական միտքը, որում մեծ դերակատարություն ունի հայագիտական հանդեսը: 

Նույն բարեմաղթանքով ողջունեցին նաև ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արցախցի հեղինակ Տեր Ներսես քահանա Ասրյանը: 

ԱրՊՀ պրոֆեսորներ Սոկրատ Խանյանն ու Լավրենտ Ղալայանն իրենց ելույթներում  բարձր գնահատեցին համալսարանի հայկականության պահպանման ձգտումը և նրա գրադարանին նվիրեցին իրենց գրքերից: 

Համալսարանի նախագահ  Փոլ Հայդոսթյանը, համառոտ ներկայացնելով հաստատության անցած ուղին, ասաց, որ 1955-1989թթ. այն եղել է քոլեջ, 1990-1996թթ` համալսարանական քոլեջ, իսկ 1996-ից` Լիբանանի կառավարութայն որոշմամբ ստացել է համալսարանի կարգավիճակ: Հիմնադրման օրվանից նրա գլխավոր նպատակը հայ ուսուցիչներ պատրաստելն է Լիբանանի և Մերձավոր Արևելքի հայկական գաղութների համար: Մանկավարժությունից զատ համալսարանի ուղղություններից են բիզնեսը և գիտությունները:

Այստեղ ուսանում են ոչ միայն հայ, այլև օտարազգի ուսանողներ: Վերջին տարիներին Հայկազյանի կապերն  ամրապնդվել են տարբեր երկրների համալսարանների հետ: Արցախի պետական համալսարանի հետ վաղուց են համագործակցում,  բայց այս այցի ընթացքում պաշտոնապես կհաստատեն այն: 

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ միասին կազմել են համագործակցության ուղղությունները: Դրանք են` համատեղ գիտական սեմինարների, գիտաժողովների, համաժողովների,  մշակութային միջոցառումների կազմակերպում և անցկացում, գիտահետազոտական նախագծերի նախապատրաստում և իրագործում, գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների հրապարակումների, ուսումնական նյութերի փոխանակում, առաջնային տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների ներդրման փորձի փոխանակում, և որ  շատ կարևոր է` դասախոսների, երիտասարդ գիտնականների և ուսանողների  փոխանակում:

Փոլ Հայդոսթյանը հավելեց, որ նույն օրը համագործակցության հուշագիր են ստորագրել նաև ԱՀ արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի  նախարարության աշխատակիցներն օգտվեն Հայկազյանի հնարավորություններից, այնտեղ մեկամսյա կամ չորսամսյա ժամկետով փորձառություն անցնեն: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ