[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Սուր թե գրիչ. պատմական ամենավաղ հիշողությունն անգամ չի կարող ստույգ փաստել, թե սկզբից որն է գործածվել։

Արվեստագետները վկայում են, որ հին-հիշելի ժամանակներում մելանով փետուրը գովերգում էր նվիրումի պահեր արարող կտրիճներին, իսկ ավելի վաղ մարդու հոգում, որպես ներքին խոհ ու խորհուրդ, հնչում էր  մեղեդին։  Ռազմագետներն իրազեկում են, որ մարդկության առաջնեկներն ինքնապաշտպանության բնազդով էին առաջնորդվում, իրենց վրա, որպես հագուկապի մաս, անպայման կրելով սուր կամ դաշույն։ Ընդհանրացնելով՝ հանգում ենք այսպիսի ճշմարտության. մելանով փետուրը (գրիչը) խորհրդանշում է մշակույթը, սուրը՝ ռազմական մշակույթը։ Առանց մշակույթի՝ այդ թվում և՜ քաղաքացիական, և՜ ռազմական, հնարավոր չէ։ Բազմաթիվ մարտեր իրենց հաղթական ելքը վճռել են հայրենասիրական երգերի ներքո։ Զինվորի ոգին արտահայտվում է երգով, պարով, բանաստեղծությամբ, նկարով, քանդակով.... 

Արվեստի հանրահայտ շատ ստեղծագործություններ ու մշակույթի անանց արժեքներ ստեղծվել են ռազմի դաշտում կամ խաղաղ ծառայության տարիներին։ Հայոց զինված ուժերում ծառայում են բազմաշնորհ երիտասարդներ, ովքեր եթե նույնիսկ չեն օգտագործում իրենց շնորհը, ապա գնահատում և տրվում են այն արժեքներին, որոնցով պետք է ապրել։ Իսկ որպես կանոն, յուրաքանչյուր զորամասում հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներն ապահովում են ինչպես զինծառայողների մշակութային, այնպես էլ՝ ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ։

 Ն զորամասի մի խումբ զինվորների վերջերս հանդիպեցինք Մարտակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ Մարտակերտում զինվորների մի ստվար խումբ վայելում էր համերգը, մի փոքր խումբ էլ՝ բոլորին ծանոթ ՙԴետք՚ խմբի տղաները, երգում էին։ 

Խումբը, որ ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ Մելքոնյանի նախաձեռնությամբ: Դեբյուտը կատարել է ՙՄամա՚ երգով: Առաջին տեսահոլովակի՝ ՙՀավերժից  էլ  երկար՚ երգի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015-ին և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Վահան Կիրակոսյանը, Արման Պետրոսյանը և Միքայել Մելքումյանը քաղաքացիական կյանքում ուսանող էին։ Խորհրդանշական է, որ մինչև զորակոչվելը տղաները երգում էին հիմնականում հայրենասիրական երգեր։

ՙԴետքը՚ պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատ է, դիտորդների խումբ։ Վահանի, Արմանի և Միքայելի ջոկատը Հայոց բանակի առաջամարտիկ ջոկատ լինելով, իր դիրքերը պահպանում է նաև կրթության ու մշակույթի առաջնագծում։ Նրանք հրաշալի գիտեն, որ բանակային ծառայության այդ երկու տարիները կայացման ժամանակաշրջան են։ Դա տղեկությունից տղամարդ դառնալու շրջան է, սահմանն ամուր պահելու, իրենց պարագայում՝ մի քանի րոպե ազատ ժամանակը համերգի վերածելու, տրամադրություն ստեղծելու, հայ մշակույթը հանրահռչակելու առիթ և անհրաժեշտություն։ Ուսանող երիտասարդների համար բանակն ինքնակրթվելու և մասնագիտական ունակությունները մշակելու հավելյալ հնարավորություն է։ 

ՙԴետք՚-ի երիտասարդ ստեղծագործողները նոր երանգ մտցրին հայկական փոփ մշակույթում։ Վահանը, որ բանակ է զորակոչվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի լեզվաբանության ֆակուլտետից, լեզուների հանդեպ մեծ սեր ունի։ Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին։ Օժտված երիտասարդը  նաև ստեղծագործում է։ Տպագրման համար պատրաստ է նրա ՙԾարավը հիշելով՚գրքույկը։ Զինծառայության ընթացքում 34 անուն գիրք է ընթերցել։ Եվ, ինչպես ինքն է ասում, դա բոլորովին չի խանգարել իր ծառայությանը։ Ընթերցանության ազդեցությունն էլ բարերար էր։ Վահանի նախասիրություններից մեկը լուսանկարչությունն է։ Նրա աշխատանքները սոսկ լուսանկարներ չեն. ամեն պատկերի մեջ զգացվում է նուրբ հոգու տեր մարդու դիտողականություն, սուր աչք, պահը որսալու բացառիկ ունակություն։ Վահանի լուսանկարներից մեկը 2014թ. նոյեմբերին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդի և ՙՈչ ատելությանը՚շարժման համատեղ կազմակերպած կրոնական անհանդուրժողականության թեմայով լուսանկարչական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ Երիտասարդին հրավիրել են Ստրասբուրգ` հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցելու մարդու իրավունքներին նվիրված Եվրախորհրդի գիտաժողովին։ Երիտասարդ լուսանկարչին միջազգային ճանաչում բերած լուսանկարում կապված ձեռքերը քանդում, արձակում են մեկ այլ ձեռքեր։ Այն խորհրդանշում է մարդու  ազատագրումը բռնությունից, կապանքներից, կաղապարներից, նվաստացումից։ Լուսանկարում  գթասրտության, բարության, մարդկայնությունը չկորցնելու, մարդ մնալու ազնիվ քարոզն ու գաղափարն է։

Վահանը զբաղվում է նաև լրագրությամբ, բայց իրենը երաժշտությունն է։ Երաժշտաշխարհում Միքայել Մելքումյանը նույնպես իրեն շատ վստահ է զգում։ Թատերական ինստիտուտի սանը կրթությունը չի շարունակել, որովհետև շուտով զորակոչվել է բանակ։ 

-Առաջին երկու ամիսը բավականին դժվար անցավ, դժվար էր առանց ընտանիքի անդամների, ընկերների, բայց հարմարվեցի։ Բանակն ինձ օգնել է ավելի լավ ճանաչել աշխարհն ու մարդկանց,-ասում է Միքայելը։

Երիտասարդ երգիչը 5 տարեկանից դաշնամուր է նվագում։ Նրա մտերիմ ընկերը կիթառն է։ Փոքր տարիքից է երգում։ 

Արման Պետրոսյանը բանակ զորակոչվեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կիթառի բաժնում վեց ամիս սովորելուց հետո։ Նա երգիչ-երգահան Տիգրան Պետրոսյանի որդին է։ Նրանց երաժշտական ճաշակները բավականին նման են։ Արմանն ասում է, որ իր առաջին ուսուցիչը հայրն է, նրանից է ոգեշնչվել։ Բազմաշնորհ երիտասարդը նաև երաժշտություն է գրում։ Մինչ զորակոչվելը հասցրել է նկարահանվել բանակային կյանքի մասին պատմող կինոնկարներից մեկում։

ՙԴետք՚ խմբի տղաներն իրենց հայրենիքի պահապաններն են, սեփական հայրենիքն արվեստով գովերգող,  փառաբանող մարտիկներ, ամուր սահմաններով, հիմնավոր գիտելիքներով և կատարյալ մշակույթով  կայացած պետություն կերտող գաղափարակիրներ։ Զինվորական ծառայության ստեղծագործական բուռն պահերը, աներկբայորեն, վկայում են մասնագիտական զարգացման մասին, ինչը սեփական գործերում համեստաբար նկատում են նաև երիտասարդները. ՙՄեր  կարծիքով, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տղայի, որպես մարդու, զինծառայությունը տալիս է ապրելու, համակերպվելու, ձևավորվելու և իր դիրքը հանրության մեջ հստակեցնելու ունակություն։ Մենք ծառայում ենք, կրթվում, ուսանում և ստեղծագործում։ Ուրախալի է ու ոգևորող, երբ որ գիտես՝ կան զորամասեր, որտեղ տարեկիցներդ ճաշարան գնալիս  քո խմբի երգերից մեկն են երգում՝ ՙՀայրենիքը՚։ 

Տղաները սկզբից տարբեր զորամասերում էին ծառայում։ Նրանք շնորհակալ են բանակի բարձրաստիճան ղեկավարությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել են նույն զորամաս տեղափոխվելու և միասին ծառայելու և ստեղծագործելու պայմաններ։ 

Խումբը 2017թ. ՙԾիծեռնակ՚ ազգային-երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի փոփ բենդ։ Տղաները վերջին երգերից մեկը նվիրել են քառօրյայի օրերին զոհված հերոսների հիշատակին։ Որոշել են՝ անդրանիկ ձայնասկավառակից՝ ՙԴիտակետ հ. 21՚, ստացված հասույթը տրամադրելու են Զինծառայողների առողջության վերականգնման կենտրոնին, որտեղ քառօրյայում վիրավորված զինվորներ են ապաքինվում։

Վահանն ու Միքայելը վերջերս զորացրվել են։ Արմանը դեռևս շարունակում է ծառայությունն Արցախի պաշտպանության բանակի շարքերում։ Հանրածանոթ ու սիրված երգի բառերը՝ ՙԾառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած...՚, որ երգել են խմբի տղաները, երգում են բոլոր զինվորները։ Ամիսներ անց Արմանի՝ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը կատարելուց և խմբին միանալուց հետո, երաժշտական եռյակը նոր մակարդակ կհաղորդի հայկական երգարվեստին՝ իր նպաստը բերելով հայոց հոգևոր սահմանների անսասանությանը։ Իսկ բոլորովին վերջերս խումբը բարեգործական համերգով հանդես է եկել Արցախի տարբեր զորամասերում՝ ոգեշնչելով և երգը, իբրև ամոքիչ դարման, խաղաղության տեսքով հովանի անելով մեր սահմաններին ու սահմանապահներին։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ