comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՐՄԱՏՆԵՐԻ՚ ՋԵՐՄ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՄԱՏՆԵՐԻ՚ ՋԵՐՄ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

ՙԱրմատներ՚ արվեստի կենսակենտրոնն իր հյուրընկալ դռներն այս անգամ բացեց երիտասարդ նկարչուհիներ Մերի Մուսայելյանի և Արմինե Ավագիմյանի առջև:

Ներկայացված էր երկու նկարչուհիների մոտ 20 աշխատանք: Հիշեցնենք. ՙԱրմատներում՚ մեկուկես տարվա գործունեության ընթացքում բարի ավանդույթ է ձևավորվել` պարբերաբար կազմակերպել արցախցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք` դրանով իսկ լուծելով մի քանի խնդիրներ: Նախ` հարթակ տրամադրել նկարիչներին` ներկայացնելու աշխատանքները, օգնել նրանց գումար վաստակելու հարցում: Ապա` մի գավաթ սուրճի, թեյի շուրջ հաճախորդներին հնարավորություն տալ ծանոթանալ արվեստագետների ստեղծագործության հետ, անձամբ նրանց հետ, պատկերացում կազմել մշակույթի այս ոլորտի մասին:

Երիտասարդ նկարչուհիներին շնորհավորելու էին եկել Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, նկարչուհի Լիանա Քոչարյանը, նկարիչներ Արտակ Միրզոյանը, Սամվել Թավադյանը, Ռաֆայել Պետրոսյանը, սկսնակ նկարիչներ, պարզապես արվեստասեր մարդիկ: Մթնոլորտն ՙԱրմատներում՚, ինչպես միշտ, ջերմ ու անմիջական էր, հարազատների, բարի կամեցողների առկայությամբ: 

Միջոցառումն, ըստ ավանդույթի, բացեց Կենտրոնի մշակութային միջոցառումների պատասխանատու, լրագրողուհի Սարինե Հայրիյանը: Նա հանգամանալից ներկայացրեց երիտասարդ նկարչուհիների անցած ճանապարհը: Ինչու՞ միասին ներկայացվեցին նրանց աշխատանքները: Որովհետև, իր հարցին էլ պատասխանում է Սարինեն, նրանք կողք կողքի անցան իրենց ճանապարհը: Երկուսն էլ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտն են ավարտել, երկուսն էլ ՙէն գլխից՚ հմտանում էին Արցախում հայտնի նկարիչ Սամվել Գաբրիելյանի արվեստանոցում: Մինչ այսօր էլ, թեկուզ ուսուցիչն այլևս նրանց հետ չէ, շարունակում են աշխատել այնտեղ: Երկուսն էլ մասնակցել են արցախյան ցուցահանդեսներին: Արմինե Ավագիմյանը  2013-ին ունեցել է անհատական ցուցահանդես: Իսկ Մերի Մուսայելյանը 2017-ին մասնակցել է ՙԲազե՚  համահայկական մրցույթ-փառատոնին` ներկայացնելով Արցախը: 2017-ին երկուսն էլ մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, մրցույթների, փառատոների, սիմպոզիումների, որոնք կազմակերպվել են Արցախում, Հայաստանում, Վրաստանում: Բարեմաղթանքներ, սրտից բխած ջերմ խոսքեր ասացին Հովիկ Գասպարյանը, Յուրի Հովհաննիսյանը, միջոցառման պատվավոր հյուր, լուսահոգի նկարիչ Սամվել Գաբրիելյանի այրի Անժելա Գաբրիելյանը:

Կարծում ենք` նկարչուհիների հետ ճեպազրույցը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել երիտասարդ նկարչուհիների հայացքների, աշխարհընկալման մասին:

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

 

Արմինե ԱՎԱԳԻՄՅԱՆ, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի դասախոս:

-Արմինե, ասում են, կնոջ համար նկարչությունը ծանր գործ է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Դե, իհարկե: Մեր ուսուցիչը` Սամվել Գաբրիելյանը, զգուշացնում էր, որ կանանց համար դժվար է այս ոլորտում ինքնադրսևորվելը: Կարծում եմ` դա, իրոք, այդպես է: Ընդունված է, որ կանայք պետք է զբաղվեն տան հոգսերով…

-Պիտի ամուսնանան, երեխաներ, ընտանիք ունենան, տան օջախը պահեն-պահպանեն…

-Այո, բայց հուսով եմ, այդ խնդրի առջև ես չեմ կանգնի: Գեղանկարչությունն ինձ համար կենսաձև է դարձել, կյանքի իմաստ: Ես այն չեմ պատկերացնում առանց նկարչության:

-Իսկ կյանքի ընկերը կընդունի՞, արդյոք, նկարչուհի կնոջ կենսաձևը:

-Կարծում եմ, որ կհասկանա: Ընկերս ճարտարապետ է, ու դեռևս ոչ մի խնդիր չի եղել մեր մեջ այդ հարցում: Հուսով եմ` այսուհետ էլ չի լինի:

-Եվ, ասում են, նկարչի համար ամենադժվարն իր սեփական ոճը, ստեղծագործական ուղին գտնելն է:

-Համաձայն եմ: Դեռ սկսնակ նկարչուհի եմ, փնտրտուքների մեջ եմ: Ոչ, իմ ոճը դեռ չեմ գտել: Ընդհանրապես, ընդունված է համարել, որ նկարիչը մինչև 40 տարեկանը սովորում է, 40-60 տարեկանում ստեղծագործում: 60-ից հետո նոր կարող է համարվել նկարիչ:

-Երկար ու դժվար ճանապարհ է: Դուք կդառնա՞ք նկարիչ:

-Ես մեծ հույսեր ունեմ, որ այդպես էլ կլինի:

 

ՍԻՐՏՍ ԻՆՉ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է, 

ԱՅՆ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ

 

Մերի ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար պետական քոլեջի դիզայնի և նկարչության դասատու:

-Մերի, ասում են` նկարչությունը կնոջ գործ չէ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:

-Կարծում եմ` դա աբսուրդ է: Արվեստը մարդու համար է ստեղծված: Ի՞նչ կապ ունի` տվյալ էակը տղամարդ է, թե կին: Կարծում եմ` կին լինելը, ՙթույլ՚ սեռին պատկանելիությունն ինձ երբեք չի խանգարի զբաղվել սիրած գործով:

-Իսկ գո՞ւցե դա ասվում է այն իմաստով, որ արվեստին պետք է նվիրվես ամբողջությամբ` մոռանալով ընտանիքդ, շատ այլ կարևոր բաներ:

-Հնարավոր է: Բայց մինչ այսօր խնդիրներ չեմ ունեցել:

-Պատկերացնո՞ւմ ես` այնպիսի ընկեր լինի քեզ, ով կհասկանա և կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

-Անշուշտ, ինձ համար դա սկզբունքային հարց է: Եթե ես ամուսնանամ, երեխաներ ունենամ, միևնույն է, ես պիտի միշտ նկարելու հնարավորություն ունենամ:

-Եթե պարտադրեն` մոռանաս նկարչությունը…

-Այդ դեպքում չեմ ամուսնանա…

-Մայրությունն անկրկնելի բերկրանք է, մեծ երջանկություն` կնոջ համար, և կինն այդ ճանապարհով պետք է անցնի:

-Համաձայն եմ: Բայց կարծում եմ` այս բոլոր խնդիրները կինը կարող է լուծել, եթե կարողանաս բացատրել, հասկացնել քո դիրքորոշումը: Ցանկացած նորմալ տղամարդ կհասկանա և կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

-Ասում են` ամենադժվարն արվեստագետի համար սեփական ուղին գտնելն է…

-Ինձ համար ամենածանրն այն էր, որ իմ անցնելիք ճանապարհի հենց սկզբում կորցրի իմ ուսուցչին: Երեք տարի է, որ նա մեզ հետ չէ: Բայց նրա բացակայությունը մինչ այսօր ես զգում եմ: Շատ ցավալի կորուստ էր: Դրա կողքին մնացած խնդիրները լուծելի են:

-Ինչպե՞ս եք կողմնորոշվում ներկապնակի գույների որոնումների, նկարչության մեջ գոյություն ունեցող ոճերի, ուղղությունների փնտրտուքների մեջ:

-Ճիշտն ասած, ես ինձ շրջանակների մեջ չեմ դնում: Ներկապնակի գույներ, ոճեր, ուղղություններ ինձ համար գոյություն չունեն: Պարզապես իմ սրտի, հոգու զգացածը հանձնում եմ ստվարաթղթին: Ինչքանով է հաջող ստացվում` չգիտեմ: Ուղղակի սիրտս ինչ թելադրում է, այն էլ նկարում եմ:

-Ի՞նչն է ոգևորում նկարելու:

-Տարբեր բաներ: Իմ ունկերում միշտ հնչում են ընկեր Սամվելի բառերը` քո ժամանակը անսահման չէ: Ինքը լինելով այդքան տաղանդավոր, հռչակավոր, միշտ ափսոսանքով էր ասում, որ դեռ այնքա՛ն բան ունի անելու: Վերջին խոսքը, որ նա ինձ ասել էր, հենց դա էր. ՙժամանակը անսահման չէ: Միշտ փորձիր անել ավելին, որովհետև կարող է գալ մի ժամանակ, որ էլ չհասցնես…՚: Ահա թե ինչու, եթե խնդիրներ, խոչընդոտներ են առաջանում, միշտ փորձում եմ, այնուամենայնիվ, անտեսել դրանք և չընդհատել գործս: Կապ չունի` օրվա որ ժամն է: Աշխատանքից հետո գալիս եմ արվեստանոց: Այո, ես և Արմինեն շարունակում ենք աշխատել Սամվել Գաբրիելյանի արվեստանոցում: Չեմ նայում ժամին` նկարում եմ այնքան, որքան զգում եմ, որ դեռ պետք է նկարեմ:

-Քո դժվար ճանապարհին` մեծ հաջողություններ:

-Շնորհակալություն:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ