comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ

Սոֆյա Սարգսյան։ Ծնվել է  Վայոց ձորի  մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ավարտել է Երևանի  Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։  Ունի նաև  լրագրողի մասնագիտություն։ 15 տարի ծննդավայրում աշխատել է որպես  մանկավարժ։

1998-ին ընտանիքով տեղափոխվել է Արցախ։ 2001-ից աշխատում է ՙՍտեփանակերտ՚ թերթում, 2006-ից թերթի գլխավոր խմբագիրն է։ Հինգ գրքի հեղինակ է՝ ՙՄտորումներ՚, ՙԾիծաղափունջ՚, ՙԱնբասիր մրմունջներ՚, ՙԾաղկի անուն` մի բան էլ պակաս՚, ՙԵղե՞լ է, թե՞ չի եղել՚։ Վերջինիս շնորհանդեսը տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացի համալսարանի գիտական նիստերի և պոեզիայի դահլիճում, նոյեմբերի 23-ին։

ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ հանդիպումն Արցախի գրական ընտանիքի լավագույն գրիչներից մեկի հետ է, ով գրավում է ընթերցողին հետաքրքիր պատումներով, մանկական բանաստեղծություններով, երգիծական գործերով, ճամփորդական նոթերի ժանրի ստեղծագործություններով։ Ինչ վերաբերում է խնդրո առարկա գրքին, խոսուն վերնագիր ունի։ Առհասարակ յուրաքանչյուր ստեղծագործություն իր մեջ հեքիաթային ինչ-որ բան պիտի պարունակի, և Սոֆյայի գիրքն առանձնանում է հենց երևակայականի ու իրականի առինքնող համադրությամբ։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթն սկսեց` ժխտելով գրական միջավայրում շրջանառվող այն կարծիքը, որ իբր ինքը գովաբանում է բոլորին։ Գրականագետն այն կարծիքը հայտնեց, որ ինքն անտարբեր չի կարող գտնվել լույս տեսնող գրքերի, գրական գործընթացների նկատմամբ ու չի կարող լավը ՙջրի երես չհանել՚։ Ելույթ ունեցողը Սոֆյա Սարգսյանին դիտարկեց և՜ լրագրության, և՜ գրականության մեջ։ Ս. Սարգսյանը շարունակում է դասական պոեզիայի ավանդույթները։ Բանաստեղծությունները պարզ են, անպաճույճ, ներկայացանում է կնոջ ներաշխարհը, հարուստ բառապաշար ունի։ ՙԱշուն՚ բանաստեղծությունն առանձնանում է պատկերային մտածողությամբ։ Արձակի մեջ էլ գրքի հեղինակը տուրք է տալիս չափածոյին։ Ինչ վերաբերում է մանկական ստեղծագործություններին, ապա հեշտ չէ Գուրգեն Գաբրիելյանից հետո գրել  և ուշադրության արժանանալ։ Նոթագրության մեջ Սոֆյան հիանալի դիմանկարներ ու կերպարներ է ստեղծում։ Գրքի ազգագրական նշանակությունը ևս մեծ է։ Ապա բանախոսը հեղինակին խորհուրդ տվեց գնալ դեպի բանաստեղծության փիլիսոփայությունը, նաև բծախնդիր լինել ժողովածուի մեջ տեղ գտած գործերի ընտրության հարցում. նոր տարվան նվիրված մեկ բանաստեղծությունն էլ կարող էր բավարարել ընթերցողի հետաքրքրությունը։

Գրող, հարապարակախոս Կիմ Գաբրիելյանը նշեց, որ ինքը ծանոթ է Սոֆյայի ստեղծագործական ընթացքին, որ նա լրագրություն և գրական շրջան մտավ միանգամից, և հրատարակած վերջին գիրքը վկայում է ստեղծագործական աճի, առաջընթացի մասին։ Երգիծելու շնորհն օգնում է նրան կերպարներ ստեղծելու հարցում։ Գեղագետի աչք ունի, միայն պետք է ավելի շատ գեղարվեստականություն հաղորդի գրական գործերին։ 

Գրող, հրապարակախոս Նվարդ Ալեքսանյանն ամբողջացրեց Ս. Սարգսյանի ստեղծագործական դիմանկարը, ընդգծելով, որ նա  գրողական հավատամքի հետագծով իր հերոսներին առաջնորդում է դեպի լույսը։ Նրա գործերում կյանքի ժխտումը հավասարվում է կյանքի հաստատմանը, կերպարներից յուրաքանչյուրն անկրկնելի է իր հոգեկերտվածքով, կենսակերպով, աշխարհընկալմամբ։ Գրքի ՙԱշխարհի միջօրեականներով՚ բաժնում հեղինակն իր մտքի սլացքով ու դիտողունակությամբ ընթերցողին հաղորդակից է դարձրել  ուրիշ ժողովուրդների կյանքին` այդ ամենը համադրելով մեր ազգային նկարագրին։ Ճամփորդական  նոթերում առանձնանում է Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացությունը։ Կորուսյալ ՙէրգրի՚ ցավը փոխանցվում է ընթերցողին։ Երբեմն լրագրության ոճը խցկվում է  Ս. Սարգսյանի արձակի մեջ և խաթարում գեղարվեստականությունը։ 

Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն անդրադարձավ հեղինակի գրական ու մարդկային հավատամքին։ Գրքի  առանցքային թեման  անհատի ճակատագիրն է իր դրամատիկ  դրսևորումներով։ Պատումները բավականին հետաքրքիր են՝ ինչ-որ տեղ անսպասելի, անակնկալ հանգուցալուծումներով։ Գրքի դրական և բացասական հերոսներն իրական են և տիպական, որոշ գործեր իրապատում են։ Ս. Սարգսյանը գրականություն է բերում ոչ հեռավոր անցյալի մութ ու ցուրտ տարիների, պատերազմական օրերի իրականությունը, և այդ գործերը, անկախ գեղարվեստական արժեքից, արժեքավոր են նաև նրանով, որ ներկայացնում են մեր ազատամարտի տարեգրությունը։ 

ԱՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, բանաստեղծներ Զինաիդա Բալայանը, Սոնա Համբարձումյանը, Ծովինար Բաղդասարյանը ողջունեցին գրքի ծնունդը, գիրք, որտեղ հեղինակը ինքն է` իր ներաշխարհի համախումբ զգացումներով։ Հեղինակի բնապաշտությունն ու վերացարկված ներքին պոետականությունը մի առանձին երանգ են հաղորդում նկարագրվող դեպքերին,  մարդկանց փոխհարաբերություններին։ Ստեղծագործական ներկապնակը բազմերանգ է, ժանրային տարաբնույթ ընդգրկումներով, բնության ու միջավայրի մանրակրկիտ դիտարկումներով, այս ամենը միախառնված արվեստագետի երևակայական թռիչքի, հեքիաթայինի սուր զգացողության հետ։         

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ